Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Օպերացիա Արտենի» կամ ստուգողական ամպուտացիա՝ հանուն «հարևանի» ախորժակի

«Օպերացիա Արտենի» կամ ստուգողական ամպուտացիա՝ հանուն «հարևանի» ախորժակի
26.10.2026 | 19:43

(Հոկտեմբերյան ախտորոշում. ողնաշարից մինչև հիշողություն)

Համո Սահյանը ժամանակին խոր հավատով ու գաղափարական պաթոսով է գրել.
Թե Հոկտեմբերյան դրոշի փայլից
Չշիկներ ճակատն Արագածի,
Իր մութ այրերում շունչը կփչեր
Այրերի երկիր Հայաստանս։
Այնուամենայնիվ, պատմության դաժան հեգնանքով ու ճակատագրի անողոք տրամաբանությամբ, հոկտեմբերը հայերիս համար դարձավ ոչ թե հարության ու վերելքի այգաբաց, այլ կորուստների, հոգեվարքի և պետականության օրգանական մարմնի հետևողական անդամահատման ամիս։
Հոկտեմբերը լոկ օրացուցային ժամանակաշրջան չէ, այլ յուրատեսակ ցավային հանգրվան․ ամիս, երբ ամեն անգամ մի նոր, անողոք «վիրահատական միջամտությամբ» հատվում է մեր ազգային դիմադրողականության և ինքնության հերթական կենսական նյարդը։
Ներկայացվող ժամանակագրությունն ինքնին սոսկ թվերի ու տարեթվերի չոր հաջորդականություն չէ, այլ մեր պետականության կենսագրության սահմռկեցուցիչ ախտաբանությունը և հոգեվարքի անատոմիան․
1999 թ․ հոկտեմբերի 27. Ազգային ժողովի դահլիճում կոտրվեց պետության ողնաշարը:
Տեղի ունեցածն անշրջելի ողբերգության այն բեկումնային կետն էր, երբ ֆիզիկապես գնդակահարվեց հայկական պետականության քաղաքական կամքն ու խաթարվեց գալիքի ռազմավարական դիմագիծը:
Մենք կորցրինք մեր պետական ու հոգևոր ուղղահայացը։
2022 թ․ հոկտեմբերի 6, Պրահա. գաղափարական և աշխարհաքաղաքական այն շրջադարձը, որտեղ թղթի վրա, գրչի մեկ հարվածով, ջախջախվեց մեր հայրենիքի անվտանգային ու գոյաբանական առանցքը:
Սկիզբ դրվեց մի այնպիսի անհատակ անդունդի, որի անկման արագությունն ու խորությունը դեռևս շարունակում ենք չափել մեր կորուստներով:
2026 թ․ հոկտեմբերի 23, Արագածոտնի մարզ, Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոց. մեր գետնաքարշ օրերի, թերևս, ամենացավոտ ու ստորացուցիչ հանգրվանը։ Այստեղ սողացող կապիտուլյացիան աշխարհաքաղաքական սեղաններից տեղափոխվեց մշակութային, կրթական ու հոգեբանական տիրույթ:
«Օպերացիա Արտենին» սոսկ պատերից նկարներ պոկռտելու դրվագ չէր, այլ հանուն պատրանքային, բոսորագույն «փուչիկ-խաղաղության» և «հարևանի» քմահաճ գոհունակության՝ մեր պատմական հիշողության վերջին շերտերի հետևողական քերումն էր երեխաների աչքի առջև:
Երբ համադրում ես այս երեք «հոկտեմբեր»-ները, սարսուռով հասկանում ես անկման դաժան տրամաբանությունը․ թե ինչպես է պետության ֆիզիկական հարվածը (1999) վերածվում տարածքային-քաղաքական զիջման (2022), և ի վերջո՝ հոգևոր, մշակութային ու պատմական ինքնաժխտման (2026)։
Եթե 1999-ին կտրեցին պետականության գլուխը, իսկ 2022-ին մարմնից հանեցին սիրտը, ապա 2026-ին դանակը հասավ արդեն կրթօջախի պատին՝ ձգտելով կուրացնել հենց այն սերնդին, որը պիտի Արագածի ճակատը շիկնած տեսներ։
Զորավար Անդրանիկի պատկերի հեռացումն արդեն լոկ տարածքային կամ քաղաքական կորուստ չէ, այլ ապագայի տեսիլքի կանխամտածված խավարում, որպեսզի նիկոլական ներկայի մութ այրերում շունչը փչող երկիրն այլևս երբեք չկարողանա երազել լույսի ու արժանապատվության մասին։
Որպես ճակատագրի դաժան ու դառնահամ հեգնանք՝ այս ամոթալի «օպերացիան» իրականացվեց հենց Արագած լեռան անունը կրող մարզում։
Ցավոք, Արագածի ճակատն այլևս չշիկնեց հպարտության փայլով․ այն այրվեց ազգային արժանապատվության կորստի ամոթից ու անողոք ախտորոշումից՝ պետականության հանգույցների հետևողական նեկրոզ և հավաքական ինքնության սուր աուտոիմուն ճգնաժամ։
Հասել ենք այն ողբերգական հանգրվանին, երբ ազգային իմունային համակարգն արդեն սկսել է թշնամաբար ոչնչացնել սեփական հիշողության, պատմության ու ինքնության վերջին առողջ բջիջները։
Ամենևին էլ պատահական չէ այն վայրագ ու թունավոր խրախճանքը, որ այս օրերին տիրում է ադրբեջանական մեդիատիրույթում։ Թշնամին ցնծում է, որովհետև հասկանում է․ իրական հաղթանակը ոչ միայն տարածքներ նվաճելն է, այլև պարտվածի հոգում սեփական պատմության հանդեպ ամոթ ու վախ ներարկելը։ Նրանք տոնում են մեր ինքնակամ հրաժարումն այն ամենից, ինչը մեզ դարձնում էր դիմադրող տեսակ։
Թշնամու ցնծությունը լավագույն հայելին է, որն արտացոլում է մեր ազգային ողբերգության իրական խորությունը։
Հասել ենք այն անհավանական ու ողբերգական կետին, երբ սեփական ձեռքերով ոչնչացնում ենք մեր գոյության հերոսական հիմքերը․ ջնջում ենք ազգային լեգենդների անուններն ու պատկերները, նրանց դրոշմում «ֆաշիստի» կամ «ռևանշիստի» կեղծ ու պատվիրված պիտակներով և դպրոցական միջանցքներից հեռացնում «փառքի անկյունները»։
Իսկ այդ նույն պահին, պատմական ու գոյաբանական դաժան հակադրությամբ, թշնամին իր բոլոր կրթօջախներում հետևողականորեն հիմնում է քնած սպային կացնահարողների հերոսացման նոր «տաճարներ»։ Նրանց պետական մեքենան ունի հստակ ու անթաքույց նպատակ՝ նոր սերնդի գիտակցության մեջ երկաթագրել սեփական հերոսների կերպարները և արմատավորել ռազմաշունչ, հարձակողապաշտ դաստիարակություն։
Մինչ մենք կամավոր զինաթափվում ենք ու մեզ զրկում ազգային դիմադրողականության վերջին ջղերից, հարևանությամբ աճեցվում է մի սերունդ, որը սնվում է մեր ինքնաուրացմամբ ու անձնատվությամբ՝ պատրաստվելով մեր հայրենիքի նոր ու վերջնական նվաճմանը։
Այնուամենայնիվ, պատմության դաժան հայելին մեզ տրված է ոչ թե անդարձ հուսահատության, այլ էկզիստենցիալ սթափեցման համար։
Անդամալույծ մարմինն անգամ ունակ է վերածնվելու, եթե անխաթար է նրա հոգևոր կորիզը։ Ազգային իմունային համակարգի վերականգնումը սկսվում է ոչ թե աշխարհաքաղաքական մութ կաբինետներից, այլ յուրաքանչյուրիս ներքին դիմադրողականությունից՝ պատերից պոկված պատկերները մեր սրտերում անխաթար պահելու և ամոթի թմբիրից արթնանալու անպարտելի կամքից։
Թշնամու վայրագ ցնծությունը վաղանցիկ է, որովհետև հայ տեսակի գենետիկ հիշողությունը հազարամյակների խորքից է գալիս և ենթակա չէ վերջնական կաթվածի։ Դանակը կարող է հասնել ողնաշարին, բայց անզոր է սպանել այն լույսի հիշողությունը, որը դեռ վառվում է մեր հավաքական գիտակցության մեջ։
Գալու է օրը, երբ պատրանքների բոսորագույն փուչիկները պայթելու են, և այդժամ մեր ազգային կամքով ու միասնական ուժով Արագածի ճակատը կրկին շիկնելու է․ այս անգամ ոչ թե ամոթից, այլ սեփական հաղթանակի, ազգային արժանապատվության և հարության անկասելի լույսից։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ