Հայաստանում ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունը միշտ եղել է նույնը՝ բդեշխային: Բոլոր իշխանությունների օրոք ՏԻՄ ընտրոթյուններում, բացառությամբ 15-20%-ի (ընդ որում, ես, ինչպես միշտ, լավատես եմ, իրականում շատ ավելի քիչ դեպքերում) հիմնականում հաղթել են տեղի ֆեոդալները, կրիմինալ հեղինակություններն ու տեղի «շուստրի» տղերքը: ՏԻՄ ընտրությունները, ցավոք սրտի, Հայաստանում երբեք քաղաքական բնույթ չեն կրել: Վերոնշյալ կասկածելի էլեմենտները միշտ հաճույքով «պառկել» են օրվա իշխանության տակ և «փոխանցիկ դրոշի» նման անցել են մի իշխանությունից մյուսին: Այնպես որ, առաջարկում եմ իշխանությունը շատ չոգևորվի, ընդդիմությունն էլ՝ չնեղսրտի, որովհետև, եթե, դիցուք, վաղը իշխանության գան ֆաշիստները, այդ փառապանծ համայնքապետերը, որոնց մի մասը գալիս է դեռ 90-ականներից, մյուս մասը՝ 2000-ականներից, իսկ երրորդ մասը՝ 2010-աններից, արագ իրենց թևերին կկապեն սվաստիկան, իսկ եթե կանաչները լինեն իշխանության՝ բոլորը կդառնան վեգան:
Այնպես որ, մի փոքր ձևափոխելով հայտնի անեկդոտը, կարելի է ասել, որ «ոչինչ չի փոխվել՝ թվաբանությունն է ավելացել». 95-100% դեռ ոչ մեկ չէր «խփել»: Իսկ տրամաբանությունը լրիվ նույնն է մնացել: Դուք ավելի լավ է ԵԱՏՄ զեկույցի վրա կենտրոնացեք: Ընդ որում՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Թե չէ ՏԻՄ ընտրություններից էս ժողովուրդը ոչ մրսելու է, ոչ էլ՝ սոված մնա:
Կարեն Քոչարյան