1999 թվականի հոկտեմբերի 26-ին երեքշաբթի էր. հանկարծամահ էր եղել Սպիտակի քաղաքապետ Սուրեն Ավետիսյանը (շատ կարգին հայ մարդ)։ ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի կազմը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, պատրաստվում էր չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո, ժամը 17:00-ին մեկնել Սպիտակ՝ քաղաքապետի հոգեհանգստին: Իսկ հոգևոր դասը Մայր Աթոռում պատրաստվում էր 132-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությանը:
Հոկտեմբերի 27-ին՝ կառավարության հարցուպատասխանի սկսվելուց քիչ անց, անհայտ ծագման մի խումբ ճիվաղներ ներխուժեցին ԱԺ դահլիճ (ես դրանց առաջին տեսնողներից մեկն էի ԱԺ շեմին): Մնացյալն արդեն հայտնի է, թե ինչ կատարվեց… Այդ պահից էլ սկսվեց Հայաստանի Հանրապետության գահավիժումը, և այդ ընթացքը շարունակվում է առայսօր՝ մեկ այլ ճիվաղի գլխավորությամբ:
Չթվարկենք, թե Վազգեն Սարգսյանին ու Կարեն Սերոբիչին քծնողների ինչպիսի՜ «համաստեղություն» կար, հավատարմության ինչպիսի՜ երդումներ էին տալիս՝ էլ Եռաբլուրում արյուններ խառնել, էլ չգիտեմ ինչ… Այդ նույն մարդիկ, սակայն, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մարմինները դեռ ԱԺ դահլիճից դուրս չբերված՝ ուրացման գործընթաց սկսեցին: Էլ չասեմ, որ հուղարկավորության արարողության օրերին Վազգեն Սարգսյանի մի խումբ «ընկերներ», որոնք այսօր համալրել են այսօրվա ճիվաղի քծնողախումբը, ոմանք՝ նույնիսկ իրենց լակոտներով, հասցրել էին խաշ լափել ու սխտորոտ ռեխներով ներկայանալ:
Բնավ զարմանալի չէ, որ 27 տարի անց նույն օրը (կարծում եմ՝ ոչ պատահականորեն ընտրված) մի քանի յալանչիներով ու փալանչիներով «շքախումբը» համալրած, փսլինքը քթից ծորալով՝ Նեռը պիղծ արարողություն էր կազմակերպել Հովհաննավանքում:
Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում աչքովս են ընկնում «Վազգենի գործը շարունակողների», բայց իրականում ճիվաղին ստորաքարշորեն ծառայողների (հայերենում բառ չկա, որ փոխանցեմ, թե ինչերի) գրառումները: Այդ պերսոնաժներին ուզում եմ հուշել, որ դուք ոչ թե Վազգենի գործն եք շարունակում, այլ Նաիրի Հունանյանի:
Շատերին թվում է, թե Աստծո պատիժը ֆիզիկական մահն է, բայց տիեզերական չափումներում դա բարոյական մահն է: Ընդ որում՝ ճիվաղների դեպքում պատիժն անփառունակ կյանքն է՝ ողորմելի գոյությունը քարշ տալը:
Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.
Ափսո՜ս էին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Յուրի Բախշյանը, Արմենակ Արմենակյանը և մյուս պետական այրերը: