«Երբ գյուղից դուրս եկանք, անգամ դարպասը չեմ հասցրել փակել… »,- հուզմունքից ձայնը սկսեց երերալ։ Նա լռեց, հոգոց հանեց ու շարունակեց.
«Կոկորդս չորացել էր, օդը չէր հերիքում։ Զենքերի պայթյունները մոտենում էին անտանելի արագությամբ, իսկ օդում տագնապի ու ցավի ճիչեր էին. մեկը մյուսին էր կանչում՝ մեկը՝ երեխային, երեխան՝ մորը…
Այդ անասելի քաոսի մեջ ես կորցրել էի ինքս ինձ, մարմինս ինձ չէր ենթարկվում։ Երկու տարեցներով, դողացող ոտքերով մի կերպ հասել ենք մեքենային։ Ներսում արդեն մարդիկ էին՝ շփոթահար, վախեցած. երևի ես էլ նրանց աչքերով էի այդպիսին։ Նստած, կանգնած՝ իրար սեղմվելով, տեղ էին տալիս վազողներին։ Միայն թե փրկվենք, միայն թե չհասցնեն գյուղ մտնել ու տեղում կոտորել․․․ Թշնամին արդեն գյուղի շեմին էր, կրակահերթերի ձայները վայրկյանների արագությամբ էին մոտենում։ Մեր մեքենան մի կերպ տեղից կարծես պոկվեց ու առաջ սլացավ…
Գյուղը մնաց հետևում։ Նայում էի, թե ինչպես են մեր տները րոպե առ րոպե փոքրանում, դառնում աննշան կետեր։ Առջևում միայն խավար անորոշություն էր ու մի փոքրիկ, մարող հույս․ «Իսկ գուցե վաղը վերադառնա՞նք»։ Բայց այդ «վաղը» այդպես էլ չեկավ…
Ստեփանակերտում անցկացրած մի քանի օրը տարիներ թվացին։ Ամեն վայրկյան սպասում էի, որ կհայտարարեն՝ վտանգն անցել է, վերադառնում ենք։ Բայց լսում էի մահվան բոթեր, ցնցող ցավի, կորստի ու տառապանքի մասին։ Սուգն էլ ծխի հետ էր գալարվում՝ ընկղմելով ողջ քաղաքը։
Մենք այդպես էլ տուն այլևս չվերադարձանք։ Ավելին՝ մենք էլ ավելի հեռացանք։ Այլևս չկար ոչ գյուղը, ոչ տունը, ոչ հույսը․․․ Երբ հայտնեցին, որ դուրս ենք գալիս Արցախից, այդ պահին սիրտս կտոր-կտոր եղավ. հասկացա, որ այս բաժանումը դաժանորեն երկար է տևելու։
Շուրջս միայն մոխրագույն, կոշտ ու չոր ասֆալտ էր: Ծնկեցի, կռացա, որ համբուրեմ հողը, որ գոնե մի բուռ հող վերցնեմ հետս… բայց շուրջս հող էլ չկար։ Վերցրեցի երկու-երեք սովորական, անմշակ քար, սեղմեցի ափիս մեջ: Քարերը սկզբում սառն էին, բայց ափիս մեջ կամաց-կամաց տաքացան՝ դառնալով տանս վերջին ջերմությունը։
Այդ քարերն իմ ներսում պահում են իմ եզերքի պատառիկը: Մարդիկ գուցե իրենց հետ թանկարժեք իրեր են վերցնում, բայց ինձ համար ամենանվիրական մասունքն այսօր Ստեփանակերտի մի անծանոթ բակից վերցված այդ մի քանի քարերն են: Ամեն օր երազում հասնում եմ իմ բակ, պայուսակից հանում քարերը, դնում իմ տան աստիճաններին․․․ Ամեն գիշեր, ամեն երազում ես տանն եմ, առավոտյան՝ ուրիշի պատերի ներսում․․․»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ