Հայաստանում այս օրերին ընթանում է COP17-ը։ Բացատրենք, թե ինչ է սա, և ընդգծենք, որ նման հավաքներն ըստ էության կարևոր են գոնե մեր մոլորակը՝ որպես ապրելու համար պիտանի միջավայր պահպանելու տեսանկյունից։
Երկու շաբաթ շարունակ COP17-ի շնորհիվ մենք փողոցներում, օդանավակայանում, տրանսպորտում, լրահոսում ու վիրտուալ տիրույթում ականատես ենք լինում բնությանն առնչվող տեղեկատվության՝ լուսանկարների, տեսանյութերի ու պաստառների։ Լսում ենք ելույթներ, մտապահում դրանցից որոշ դրույթներ և տեսածի կամ լսածի հիման վրա սկսում մտորել։
Ինձ՝ որպես բնապահպան լրագրողի, հատկապես հետաքրքրում են ընկերներիս գրառումներն ու կիսումները COP17-ից։ Լավ է, որ այս միջոցառումը, գրեթե ավարտի շեմին հասնելով, սկսել է ավելի շատ ուշադրություն գրավել։ Լավ է, որ նկատվում է բնապահպանների աշխուժացում։ Լավ է, որ մարդիկ նայում, կիսվում ու մեկնաբանում են սիրուն կենդանիների՝ թռչունների, կաթնասունների, միջատների լուսանկարները։
Բայց կա մի «բայց»։
Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը կիսվի գիտնական-մասնագետների ջանքերի, աշխատանքի ու չարչարանքի արդյունքներով, էլ չեմ խոսում նրանց ըստ արժանվույն մեծարելու մասին։ Փոխարենը տեսնում եմ ինքնահավանություն ու մեծամտություն՝ որոշ սկսնակ լուսանկարիչների կամ սիրողական բնագետների կողմից։ Եվ դա արվում է թե՛ միջոցառման PR մասնագետների, թե՛ պարզապես առանձին անհատների կողմից։
Օրինակ՝ այնքան մեծամիտ են դառնում այդ «թիթեռ նկարողները», որ սկսում են դատողություններ անել այնպես, կարծես հազար տարվա դաշտային կենսաբան կամ կենդանաբան լինեն։ Արդյունքում՝ բոլորդ հիանում եք գեղեցիկ թիթեռով, իսկ ես քննադատական աչքով նկատում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը որոշել բեզոարյան այծ բազմացնել Արագածի վրա, իսկ նրա «երկրպագուները», ոլորտից բացարձակապես չհասկանալով, սկսում են նրան փառաբանել՝ երիտասարդ տարիքում վարակելով մեծամտությամբ։
Լրագրողական փորձս ասում է՝ հազար անգամ փորձիր, ամենաքիչը երեք գիտակի հարցրու, նոր գրիր։ Օրինակ՝ այն, որ Հայաստան եկող վարդագույն ֆլամինգոները գալիս են Իրանի Ուրմիա լճի ավազանից։ Այժմ՝ աշնանը, նրանց կարելի է հանդիպել Արաքսի հովտում (հատկապես Արմաշի լճերում)։ Նրանք այստեղ սնվում են մինչև ցրտերն ընկնելը, ապա թռչում դեպի Կասպից ծովի ավազան՝ ավելի կոնկրետ Լենքորան (Հանիբերդ)։
Գիտելիքն ու դաշտային փորձն են բնապահպանության հիմքը, ոչ թե մակերեսային հիացմունքն ու PR աղմուկը։
Սկսնակների աղմուկի ու PR մասնագետների մեծամտության ֆոնին, ցավոք, ստվերում են մնում նրանք, ովքեր տասնամյակների վաստակ ու իրական գիտելիք ունեն։
Օրինակ՝ կենդանաբան Հրաչ Ղազարյանը։ Մարդ, ով Հայաստանի ու նախկին ԽՍՀՄ տարածքի ամենագիտակ, դաշտային, այսինքն՝ պրակտիկ մասնագետներից է, և ինձ համար՝ որպես էկո-լրագրողի, միշտ եղել է ամենահուսալի փորձագետներից մեկը։
Ի տարբերություն ինքնակոչ «բնագետների»՝ Ղազարյանը ծայրահեղ համեստ է։
Ես հատուկ խնդրել եմ իրեն, որ թույլ տա հրապարակել ֆլամինգոների այս բացառիկ լուսանկարները, որոնք նա անձամբ է արել տարբեր տարիներին (ի դեպ, COP17-ի կազմակերպիչներն էլ են օգտագործել նրա լուսանկարները):
Եվ հենց նման գիտնականների շնորհիվ է, որ մենք խոսում ենք փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով. ֆլամինգոները Հայաստան են գալիս Իրանի Ուրմիա լճի ավազանից... ու մեր երկրում հենց վարդագույն ֆլամինգոներն են պատահում։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր