Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանի ներկայիս աղետալի վիճակը արտաքին կամքի անվերապահ կատարման արդյունք է

Հայաստանի ներկայիս աղետալի վիճակը արտաքին կամքի անվերապահ կատարման արդյունք է
27.10.2026 | 13:04

Կա՛նգ առեք ու կարդացեք սա մինչև վերջ։ Սա էմոցիոնալ հիստերիա չէ, սա սառը ու դաժան իրականությունն է, որը ձեզնից թաքցնում են գունավոր լույսերի հետևում։

Ժողովուրդ, եկեք մի պահ կողքից նայենք այս ամբողջ թատրոնին ու խոսենք բացարձակ ճշմարտությունից՝ առանց դատարկ լոզունգների։ Իրականությունը դա՛ռն է, ցավո՛տ, ծայրահե՛ղ մտահոգիչ, բայց պե՛տք է խոսենք, պե՛տք է մտածենք։

Աշխարհում կան վերազգային էլիտաներ, ֆինանսական կլաններ ու կենտրոններ, որոնք իրենց վեր են դասում միջազգային իրավունքից։ Նրանք իրենց համարում են այս երկրագնդի բացարձակ տիրակալները՝ «пуп земли», և գծում են աշխարհի նոր քարտեզն ու պատվիրված օրակարգերը։ Այդ թվում՝ այսպես կոչված «կանաչ» էներգետիկան ու կենսաբազմազանությունը։ Սա իրականում ոչ թե բնության փրկության, այլ ռեսուրսների գլոբալ վերաբաշխման և ազդեցության գոտիների հաստատման մասին է։

Այս վերազգային կլանները փոքր ու թույլ պետություններում նպաստում են այնպիսի կառավարիչների իշխանության գալուն, որոնք չունեն ազգային դիմադրողականություն, հեշտ կառավարելի են և պատրաստ են կատարել ցանկացած արտաքին թելադրանք։ Հայաստանի ներկայիս աղետալի իրավիճակը հենց այդ արտաքին կամքի անվերապահ կատարման արդյունքն է։ Սա կեղծավորության մի նոր մակարդակ է, որտեղ սեփական ժողովրդին տրվում է ընտրության պատրանք, բայց իրականում բեմում խաղում են դրսից նշանակված դերակատարները։

Նայեք Երևանին։ Այս օրերին քաղաքը ողողված է գունավոր լույսերով ու միջազգային պատվիրակներով։ Ընթանում է COP17 համաժողովը, աշխարհը եկել է մեր տուն՝ խոսելու բնության ու կենդանիների փրկության մասին, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում արդեն բռնկվել են անհանդուրժողականության, ատելության ու իրավունքների ոտնահարման զանգվածային ալիքներ։

Սա համաշխարհային կեղծավորության գագաթնակետն է։ Նույն այս միջազգային հանրությունը պատրաստ է միլիարդներ ծախսել հազվագյուտ բույսի մի տեսակ փրկելու համար, բայց լուռ ու անտարբեր հետևում էր, թե ինչպես է հայրենազրկվում մի ամբողջ բնիկ ժողովուրդ Արցախում։ Նրանք լուռ են, երբ բանտերում տանջվում են մեր ռազմագերիները, և երբ թշնամին կանգնած է մեր սահմաններին։ Մարդու կյանքն ու տեսակը արժեզրկվել են, իսկ էկոլոգիան վերածվել է քաղաքական առևտրի գործիքի։

Այս ամենում Երևանում հավաքված տարածաշրջանային խաղացողներն ու միջազգային պատվիրակները ունեն հստակ դիրքորոշում՝ նրանք սպասարկում են իրենց շահերը։ Ի ցույց դնելով դա, մեր գործող կառավարիչները այս համաժողովը օգտագործում են որպես շղարշ։ Տանտերը, ում տունը հրդեհված է, հարևաններին հրավիրում է պատշգամբում էկոլոգիապես մաքուր թեյ խմելու, որպեսզի ցույց տա, թե ինքը «առաջադեմ» է, սա քաղաքական սնանկություն է։

COP17-ը Երևանում այդ կլանների հերթական արարողակարգային միջոցառումն է, որտեղ տեղական ղեկավարները պարզապես հլու կատարողի դերում են։

Ու մինչ աշխարհը մեզ կեղծ օրակարգեր է թելադրում, ներսում խաղարկվում է ներքաղաքական բեմադրության հաջորդ արարը։ Այս օրերին անցկացված ՏԻՄ ընտրություններն ու դրանց հաջորդած ՔՊ-ի հաղթանակի արձանագրումը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համակարգի ամբողջական վերահսկողությունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Դաշտ է նետվել հարկ եղած դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու իշխանական պատրաստակամության թեզը։

Սա հերթական թակարդն է, հերթական շեղող մանևրը։ Ցավալի է տեսնել, թե ինչպես է ընդդիմադիր դաշտի մի հատվածը կրկին հայտնվում այդ պատրանքի ազդեցության տակ, երբ նույնիսկ թարմ ՏԻՄ ընտրությունների փորձը փաստեց՝ ներկայիս կանոններով միայն ընտրական գործընթացով հնարավոր չէ համակարգային փոփոխությունների հասնել։ Դա կեղծ, ժամանակ սպառող օրակարգ է, որը պառակտում է ուժերը, երբ իրականում մեզ պետք է բոլորովին այլ մակարդակի՝ որակական, սթափ և ռազմավարական համախմբում։ Մեզ պետք է նոր, միասնական ազգային համախմբում, որը դուրս կգա այս պարտադրված կաղապարներից և կձևավորի սեփական դիմադրողական հարթակը. և դա կա՛մ գիտակցելով կանի ողջ ընդդիմությունը, կա՛մ պետք է ստեղծել նորը, քանի որ այս ճանապարհը շարունակելը՝ գիտակցաբար, թե ոչ, պրակտիկայում սպասարկելու է գործող իշխանության անխոչընդոտ վերարտադրվելու հնարավորությանը։

Այս համաժողովի աղմուկը կմարի։ Պատվիրակները կնստեն իրենց ինքնաթիռներն ու կհեռանան, իսկ մենք կանգնելու ենք ծանրագույն տնտեսական ու քաղաքական հետևանքների առաջ։ Տեղի է ունենալու մեր ինքնիշխանության վերջնական ստորադասում։ Այս համաժողովից հետո, արտաքին կլանների գծած սցենարով, Հայաստանի գործող կառավարիչները գնալու են նոր, էլ ավելի ցավոտ ու միակողմանի զիջումների, քանի որ նրանց լեգիտիմության աղբյուրը ոչ թե սեփական ժողովուրդն է, այլ դրսի պատվիրատուները։

Հենց հյուրերի մեկնումից հետո է սկսվելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախապատրաստված համակարգված գրոհը։ Նրանց ճնշումն ունի հստակ նպատակ՝ օգտվելով համաշխարհային քաոսից, մեզ պարտադրել ինքնիշխան միջանցքներ և ստիպել ստորագրել կապիտուլյացիոն նոր պայմանագրեր, որոնք Հայաստանը վերջնականապես կզրկեն կենսունակությունից։

Այս ֆոնին, մեր կենսական դաշնակցի՝ Իրանի հետ հարաբերությունները միտումնավոր մղվում են փակուղի։ Պաշտոնական Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, պարզապես մսխվում է։ Փոխարենը մեր հարևանի հետ կառուցողական, ռազմավարական քայլեր ձեռնարկելու և ընդհանուր անվտանգային ճակատ ձևավորելու, գործող իշխանությունը կատարում է արտաքին հրահանգներ՝ էլ ավելի մեկուսացնելով Հայաստանին իրական բարեկամներից։

Ավելին՝ «կանաչ» լոզունգների տակ սկսվելու է մեր հարստությունների ու ռեսուրսների բացահայտ օտարում։ Կենսաբազմազանության և էկոլոգիայի անվան տակ Հայաստանի որոշակի տարածքներ, հանքեր կամ ջրային ռեսուրսներ անցնելու են միջազգային կորպորացիաների վերահսկողության տակ, ինչը վերջնականապես կթուլացնի երկրի տնտեսական անկախությունը։

Մինչ թշնամին օգտվում է համաշխարհային քաոսից ու անտարբերությունից, մենք այս օրերին կորցնում ենք թանկարժեք ժամանակը՝ հավատալով մեզ պարտադրված կեղծ օրակարգերին։ Մեզ այսօր օդ ու ջրի պես պետք է ոչ թե դրսի հլու կամակատարների խմբակ, այլ ազգային իշխանություն, որը կշարժվի բացառապես սեփական պետության և սեփական ժողովրդի անվտանգային ու տնտեսական շահերով։

Սթափվե՛նք, քանի դեռ ուշ չէ, և քանի դեռ ունենք այս կործանարար ընթացքը կասեցնելու վերջին հնարավորությունը։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր պետականության հիմնասյուների հիշատակին, պետք է վերջնականապես գիտակցենք՝ պետականության կորուստը սկսվում է հենց այնտեղ, որտեղ արտաքին կամքը դառնում է գերակա ազգային շահից։

Հ.Գ. Այս ամբողջի գլխավոր մեսիջը մեկն է. մեզ փորձում են համոզել, թե մեր փրկությունը գլոբալիստական օրակարգերի մեջ հլու ձուլվելն է կամ ներքին կեղծ ընտրական խաղերով տեղում դոփելը։ Իրականում, երբ պետությունը չունի սեփական ատամները ցույց տվող ազգային իշխանություն և միասնական, սթափ հանրություն, աշխարհի «տիրակալների» համար այն ընդամենը մանրադրամ է՝ աշխարհաքաղաքական մեծ հաշվարկներում։ Մեր հարստությունն ու անվտանգությունը կամ կպաշտպանենք մենք՝ մեր կամքով, նոր համախմբմամբ ու մեր իրական դաշնակիցներով, կամ դրանք կվերածվեն էկոլոգիական ու քաղաքական բրենդի տակ վաճառվող հերթական ավարի։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 170

Մեկնաբանություններ