Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բանակցությո՞ւն, թե՞ պատերազմ. ինչպե՞ս է երկընտրանքը դառնում հասարակական գիտակցության կառավարման գործիք

Բանակցությո՞ւն, թե՞ պատերազմ. ինչպե՞ս է երկընտրանքը դառնում հասարակական գիտակցության կառավարման գործիք
27.10.2026 | 16:36

Ի՞նչ անել իշխանության կամ որևէ քաղաքական ուժի ձեռքի խաղալիքը չդառնալու համար

Ճանաչողական պատերազմում հաճախ կիրառվում է գործողությունների իրական էությունը կեղծ, զուգահեռ իմաստների միջոցով քողարկելու մեթոդը։ «Բանակցություն», «խաղաղություն», «համաձայնություն» և նմանատիպ բառերը դրական ազդեցություն են գործում հասարակական գիտակցության վրա և երբեմն օգտագործվում են ցանկացած բացասական որոշում ընդունելի դարձնելու համար։
Ճանաչողական վրիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը, «բանակցությունների ընթացք» արտահայտությունը լսելիս, փոխանակ պարզելու, թե ինչ ենք հանձնում և ինչ ենք ստանում, ասվածն ինքնաբերաբար ընդունում է որպես խելամիտ ընտրություն։
Հասարակությանը նման վրիպման մղելու ձևերից մեկն էլ նրան կեղծ երկընտրանքի առաջ կանգնեցնելն է։ «Կամ բանակցում ենք, կամ պատերազմում ենք» ձևակերպմամբ հանրային միտքն ուղղորդում են՝ մարդկանց մղելով ընդհանրապես բանակցությունների հիմնական սկզբունքներին, բուն էությանը հակադրվելուն և ցանկացած զիջում ընդունելուն։ Իսկ որո՞նք են յուրաքանչյուր բանակցության առանցքային խնդիրները. բանակցության առարկան, ժամկետները, արժանապատվության պահպանումը, անվտանգության երաշխիքները, զիջումների և ձեռքբերումների հարաբերակցությունը։ Հասարակությանը «կամ-կամ» երկընտրանքի առաջ կանգնեցնելով՝ շփոթեցնում են և սահմանափակում այլընտրանքները դիտարկելու հնարավորությունը։
Այն, ինչ այսօր անում են Նիկոլն ու նրա թիմը, հետևյալն է. բանակցում ենք և արդյունքում անընդհատ զիջում, որովհետև չզիջելու հետևանքը, իբր, պատերազմն է լինելու։ Սակայն արդյո՞ք այդպես է։
Նիկոլը և որոշ «ընդդիմադիր» քաղաքական գործիչներ շարունակ խոսում են պատերազմի վտանգի մասին։ Խորքային վերլուծության փոխարեն հարցը տեղափոխվում է զգացմունքային դաշտ՝ հասարակությանը շեղելով բուն խնդրից և մղելով զիջումների, այլ ոչ թե դիմադրողականության բարձրացման ու դիմադրություն կազմակերպելու։
«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թվացյալ հարցի անդադար կրկնությունը, որն իրականում պարտադրանքի գործիք է դառնում, հասարակության մեջ անելանելիության տպավորություն է ստեղծում և համոզում, թե հակամարտության լուծման միակ ճանապարհը զիջումներն են։
Այսպիսով, հիմնական հարցադրումը՝ «արդյո՞ք բանակցությունները պաշտպանում են մեր ժողովրդի շահերը», փոխարինվում է մեկ այլ հարցով՝ «մի՞թե բանակցելը պատերազմից լավ չէ»։ Սա էական փոփոխություն է, որն ազդում է մի ամբողջ ազգի ապագա ճակատագրի վրա։ Եվ այդ փոփոխությունը իշխանության ու որոշ «ընդդիմադիր» ուժերի համատեղ գործելակերպի հետևանք է։
Այսկերպ ուռճացվում են հակամարտության ժամանակավոր սառեցման և շրջափակման թուլացման հնարավոր դրական արդյունքները, իսկ անվտանգության ու երկարաժամկետ ռազմավարական խնդիրները մղվում են հետին պլան։ Ճանաչողական պատերազմում սա իրականության մի կողմի ուռճացումն է՝ մյուս կողմի անտեսման և հանրային գիտակցությունից դուրս մղման հաշվին։
Ճանաչողական պատերազմը միայն որոշումների վրա ազդելու փորձ չէ. այն փոխում է նաև որոշումներ կայացնելու մեթոդաբանությունը։ Եթե բանակցությունները ներկայացվում են որպես խելամտության և խաղաղասիրության դրսևորում, ապա նույնիսկ ձախողված համաձայնագիրը կարող է ներկայացվել որպես հաղթանակ, իսկ դրան հակադրվելը՝ որպես անգրագիտություն կամ պատերազմի հրահրում։ Որպես օրինակ կարելի է դիտարկել 2022 թվականի Պրահայի համաձայնագիրը։
Հետևաբար, հասարակությունը չպետք է սահմանափակվի «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցով։ Հասարակությունը պետք է պահանջի հստակ պատասխաններ. ի՞նչ ենք հանձնում, ինչի՞ց ենք նահանջում, ի՞նչ ենք ստանում դրա դիմաց, ի՞նչ անվտանգության երաշխիքներ կան։ Ի՞նչն է երաշխավորում, որ զիջումներից հետո հակառակորդը նոր պահանջներ չի ներկայացնի։ Եվ ամենակարևորը՝ եթե հակառակորդը չկատարի իր պարտավորությունները, ի՞նչ գործիքակազմ ունենք բանակցային զրոյական կետին վերադառնալու և մեր շահերը պաշտպանելու համար։
Միայն այս հարցերին պատասխաններ պահանջելու և իրավիճակը բազմակողմանի վերլուծելու միջոցով հասարակությունը կարող է իրականությունը տեսնել ամբողջության մեջ՝ չդառնալով իշխանության կամ որևէ քաղաքական ուժի ձեռքի խաղալիքը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ