«Ընտրովի» ժողովրդավարության էրոզիան. ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ մասնակցային մոդելը
28.10.2026 | 12:11
Ժողովրդավարության մասին շատ է խոսվում. ավելին՝ Հայաստանում բազմաթիվ են մանր ու միջին ՀԿ-ները (հասարակական կազմակերպությունները) և իշխանական շրջանակները, որոնք ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել բացառապես որպես սեփական «բրենդ»։ Սա ինքնին գուցե վատ չէր լինի, եթե այն չօգտագործվեր որպես հասարակությանը մոլորեցնելու և սեփական քաղաքական կամ քաղաքացիական «բոնուսները» վաստակելու նարատիվ (պատում)։ Սակայն այստեղ լուրջ կասկածներ կան, որովհետև «ընտրովի» ժողովրդավարությունը նմանվում է Ջորջ Օրուելի հայտնի ստեղծագործությանը, որտեղ ասվում է. «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են»։
Այս առումով կարևոր է խոսել այն մասին, թե ի՞նչ ժողովրդավարություն ենք մենք կառուցում, և ո՞րն է ժողովրդավարության այն մոդելը, որը կարող է լավագույնս աշխատել մեր պարագայում։ Սրա մասին մեզ հայտնի «ժողովրդավարները», բնականաբար, չեն խոսի, որովհետև իրենք էլ, ըստ ամենայնի, հստակ պատկերացում չունեն։
Ես կարծում եմ, որ դասական ժողովրդավարությունն արդեն ենթարկվել է էրոզիայի, և դիտարկման է արժանի, օրինակ, «մասնակցային (պարտիցիպատորային) ժողովրդավարությունը», որն ի հայտ է գալիս հենց որպես ընտրազանգվածային (էլեկտորալ) մոդելի ճգնաժամի և սահմանափակումների հաղթահարման այլընտրանք:
Մասնակցային ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն քվեարկությամբ, ինչը բնորոշ է դասական, էլեկտորալ համակարգերին: Եթե վերջինիս դեպքում ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների միայն էլեկտորալ մասնակցություն պետական որոշումների կայացմանը, ապա մասնակցային մոդելը նախատեսում է քաղաքացիների ուղղակի, անընդհատ և ակտիվ ներգրավվածություն քաղաքական որոշումների ընդունման, հանրային քաղաքականության (Public Policy) մշակման և իշխանության վերահսկման գործընթացում:
Կարելի է խոսել նաև ժողովրդավարության առավել պոստմոդեռն ձևերի մասին, որոնք հակված են ցանցային ինքնակազմակերպմանը՝ ձևավորելով իշխանության նկատմամբ ապակենտրոնացված վերահսկողություն, սակայն դրանց անդրադարձ կատարեմ այլ առիթով, որպեսզի այս նյութն առավել չծանրանա։
Արա Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
Մեկնաբանություններ