Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Բավական է հրեշի դեմքով աթոռ բարձրացնել՝ ամիսներով կառուցված կերպարից ոչինչ չի մնում

Բավական է հրեշի դեմքով աթոռ բարձրացնել՝ ամիսներով կառուցված կերպարից ոչինչ չի մնում
29.10.2026 | 19:04


Մարդու իրական նկարագիրը հաճախ բացահայտվում է այն պահին, երբ նա կորցնում է ինքնատիրապետումը։ Այդ պահին այլևս չեն օգնում ո՛չ դասընթացները, ո՛չ քաղտեխնոլոգների խորհուրդները, ո՛չ էլ խնամքով մշակված խոսքն ու կեցվածքը։ Բավական է հրեշի դեմքով աթոռ բարձրացնել՝ այն քաղաքական ընդդիմախոսի վրա նետելու համար, և ամիսներով կառուցված կերպարից ոչինչ չի մնում։
Այսօր Ազգային ժողովում հենց այդպիսի բացահայտման օր էր։
Սադրանքի պատասխանատվությունը միշտ սադրողինն է։ Դիմացինին հետևողականորեն վիրավորելն ու նվաստացնելը, իրավիճակը բախման հասցնելը, ապա նրա արձագանքով սեփական վարքն արդարացնելը քաղաքական ցինիզմ է։ Սադրողը չի դադարում պատասխանատու լինել այն պահին, երբ դիմացինը կորցնում է ինքնատիրապետումը։ Ինչպես և որևէ սադրանք չի արդարացնում դրան հաջորդած ցանկացած բռնություն։
Խորհրդարանական բախումներ լինում են տարբեր երկրներում։ Սուր քաղաքական հակադրությունները երբեմն դուրս են գալիս բանավեճի սահմաններից։ Բայց նույնիսկ բախման պահին մարդու վարքագիծը շատ բան է ասում նրա մասին՝ ինչ միջոցի է դիմում, որտեղ է կանգ առնում, ինչ սահման է իրեն թույլ տալիս անցնել։ Նույնիսկ կռվի մեջ բացահայտվում են արժանապատվությունն ու դրա բացակայությունը։
Սրանք նույնիսկ կռվի ու խառնաշփոթի մեջ են մատնում իրենց ճղճիմությունն ու տմարդությունը։ Իսկ երբ այդ վարքը ողջունվում է իշխանության ամենաբարձր մակարդակից, այլևս ամեն ինչ պարզ է, որ սա առանձին պատգամավորի ինքնատիրապետման կորուստ չէ, այլ իշխանական բարքերի բացահայտ ցուցադրություն, որտեղ տմարդությունը խրախուսվում է, իսկ բռնությունը՝ արժանանում քաղաքական հովանավորության։
Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է։ Այնտեղ երևում են իշխանության սնանկությունը, խոսքի արժեզրկումը, պատասխանատվության բացակայությունն ու անպատժելիության լկտիությունը։ Երբ փաստարկին փոխարինում է վիրավորանքը, քաղաքական մտքին՝ նետված աթոռը, իսկ պատասխանատվությանը՝ վերևից հնչող խրախուսանքը, իշխանությունն իր բարոյական անկման մեջ ներքաշում է նաև պետությունը։
Այսօր այդ հայելու մեջ երևաց իշխանության դեմքը՝ առանց քաղտեխնոլոգների մշակած դիմահարդարման։

Դավիթ Անանյան
Դիտվել է՝ 129

Մեկնաբանություններ