Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Մի կայծակնային գիշեր՝ սպիտակ սավաններով

Մի կայծակնային գիշեր՝ սպիտակ սավաններով
30.10.2026 | 12:26

(Առաքելոց վանքի պատմությունը)

Նոյեմբեր էր։ Մշո դաշտի վրա արդեն ցուրտն էր նստել։
Զորավար Անդրանիկը, Գևորգ Չաուշի և ընդամենը քսաներկու հայդուկի հետ, Սասունի լեռներից իջել ու մտել էր Մուշից հինգ վերստ հեռու գտնվող Սուրբ Առաքելոց վանքը։ Վանքը բերդ էր՝ բարձունքի վրա, հաստ պարիսպներով։ Ներսում կային վանականներ, ուսուցիչներ և ութսուն որբ. նրանց հետ միասին՝ 140 հոգի։
Դրսում Ֆերիկ փաշայի հինգ գումարտակն էր՝ վեց հազար զինվոր և քուրդ համիդիեականներ։
Հայդուկները չէին փախել վանք. նրանք վանքը դարձրել էին թակարդ։ Ուզում էին, որ Եվրոպան տեսնի՝ հայը կարող է հրացան վերցնել և իր իրավունքը պաշտպանել։ Նոյեմբերի 3-ից սկսվեց պաշարումը։ Տասնինը օր շարունակ՝ ցերեկը՝ կրակ, գիշերը՝ ցուրտ։ Թուրք հրամանատարը վստահ էր՝ սովից կհանձնվեն։ Միջնորդ եկան առաջնորդարանի վարդապետները, ռուս և անգլիացի հյուպատոսները։ Եվ վանքի խորանի առաջ, որտեղ սովորաբար աղոթք էր կարդացվում, Անդրանիկը թելադրեց սուլթանին ուղղված իր ինը պահանջները՝ ազատել բանտարկյալներին, վերադարձնել խլված հողերը, ցրել համիդիեն, դադարեցնել տասանորդի կողոպուտը։
Վանքը դարձել էր պետություն։
Նոյեմբերի 27-ի գիշերը ռազմամթերքն արդեն վերջացել էր։ Մնացել էին երեք փամփուշտ և մի միտք։ Եվ այդ գիշեր կայծակը ոչ թե երկնքում էր, այլ մտքի մեջ։
Անդրանիկը հրամայեց հանել վանքի սպիտակ սավաններն ու սպիտակ երկար զգեստները։ Ձյուն էր եկել։ Երեսունութ հոգին սպիտակի մեջ կորան։
Նա ինքը հագավ թուրք սպայի համազգեստ։ Գերազանց թուրքերենով շրջեց թուրքական պահակակետերը, ստուգեց զինվորներին, խոսեց նրանց հետ ու նույն ձայնով իր տղաներին ցույց տվեց ելքը.
«Ճանապարհն այստեղից է»։
Փոքր խմբերով, սպիտակ սավանների մեջ լուծված՝ նրանք ճեղքեցին օղակը։ Վանքում մնացին միայն մոմերի ծուխը և երեք նահատակների անունները՝ Ղազար, Հարություն, Բարսեղ։
Առավոտյան, երբ թուրքերը մտան վանք, այն դատարկ էր։ Այդ օրվանից Մշո դաշտում ասում էին. «Անդրանիկը մարդ չէ, ուրվական է։ Երբ գիշերը վերարկուն հանում է, փամփուշտները թափվում են նրանից»։
Առաքելոց վանքի ելքը պատի միջով չէր. ելքը սպիտակ սավանի միջով էր։ Երբ զենքը վերջանում է, սկսվում է խելքը։ Եվ հենց այդ խելքով էլ Անդրանիկը դարձավ Զորավար։
Անդրանիկը Մշո վանքից դուրս եկավ ոչ թե սոսկ որպես մի ֆիդայի, այլ հայոց պատմության այն անմահ հերոսը, ում անունը լեռնային քամու պես դեռ կանչում է՝
– Մի՛ հանձնվիր։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 134

Մեկնաբանություններ