«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հայաստանում տեղի ունեցող պայքարը ոչ թե քաղաքական է, այլ կենսաբանական՝ գոյաբանական պայքար մարդկային տեսակների միջև

Հայաստանում տեղի ունեցող պայքարը ոչ թե քաղաքական է, այլ կենսաբանական՝ գոյաբանական պայքար մարդկային տեսակների միջև
11.11.2026 | 13:00

«Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ... Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են... Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...»
Հովհաննես Թումանյան

Իսկ Հայաստանում տեղի ունեցող մարդկային տեսակների միջև այսօրվա պայքարը դեռ նախորդ դարի կեսերին բավականին ճշգրտությամբ կանխատեսել է հայ մեծ հանճարը` Ավետիք Իսահակյանը. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»։
Եթե այս պայքարը քաղաքական է, այլ ոչ թե պայքար մարդկային տեսակների գոյության միջև, եթե այն սուբյեկտիվ չէ և ընդամենն իրենց նմաններին իշխանության բերելու ու վերարտադրելու նպատակ չի հետապնդում, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ դեռևս բավականին թվով մարդիկ որերորդ անգամ ընտրում և իշխանության են բերում մի խմբի, որի անդամները չունեն պետական մտածողություն ու պետական գործչին հատուկ արժանիքներ։ Մի խմբի, որոնք պարտության տարան երկիրը, այսքան աղետ ու փորձանք բերեցին մեր գլխին, բացահայտորեն սպասարկում են թշնամու շահը, ձախողել են կառավարության հնգամյա ծրագիրը և լեգիտիմ չեն։
Մարդկության համար ամենամեծ չարիքը տգիտությունն ու գորշությունը պաշտող, նախանձ ու չարացած մարդիկ են։ «Ցածր մարդիկ շատ փոքր են բարի ու լավ գործերի համար, բայց շատ մեծ են և փափագում են վատ ու ստոր գործեր»,- գրել է ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ջուլիանա Վիլսոնը։ Փաստացի երկիրը դառնում է այդ ցածր խավերի զոհը։ Չէ՞ որ նախանձի, ատելության ու չարության պայմաններում են ծնվում ամենաստոր մարդկային զգացմունքներն ու արարքները, որոնք արգելափակում են անհատների ու տաղանդների զարգացումը։ Նախանձի, ատելության ու չարության պայմաններում է մեռնում գեղեցիկը, սերը, ստեղծագործական միտքը։ Նախանձ ու չար մարդկանց մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում անհետանում է անհատականությունը՝ «ես»-ը՝ որպես այդպիսին։ Իսկ այդպիսի զանգվածների բերած իշխանությունները, որպես կանոն, լինում են ատելության ու չարության իշխանություններ։
«Իշխանության եկած գաճաճները հսկաներին են ասպարեզից հեռացնում, որպեսզի իրենք մեծ երևան»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը։ Շատ վտանգավոր է երկրի ու ժողովրդի համար, երբ գորշերն են իշխանության գալիս և դառնում թելադրող քաղաքական համակարգում։ Աղետ է լինում այն երկրներում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ, երբ ապաշնորհները, տգետները, միջակներն ու գորշերն են իշխանության ղեկին։ Եվ որպեսզի իրենք չխամրեն, չկորչեն, չանհետանան ու չանէանան երևելիների մեջ, ամեն հնարավոր բան անում են երևելիներին ու անհատականություններին գլխատելու համար. փորձում են ոչնչացնել արժանավորներին, ուժեղներին, գեղեցիկը, առաքինին ու ազնիվը։ Նրանք, որպես կանոն, չունեն սրբություններ, որևէ ոլորտում կամ մասնագիտության մեջ կայացած չեն, չունեն հմտություններ ու ստեղծագործելու, արարելու ունակություններ, իսկ նրանց հոգու սնունդն ատելությունն ու չարությունն է։
Երբ մարդիկ հայտնվում են ամբոխի կարգավիճակում, կամային և ինտելեկտուալ ցածր մակարդակի պատճառով նրանց ղեկավարում է ոչ թե բանականությունը, այլ ավերիչ ու էժանագին բնազդները։ Հանուն շահի ու փառքի, լավ ու հեշտ ապրելու և իշխանական կերատաշտին մոտ լինելու համար նրանք պատրաստ են ցանկացած ստորաքարշության, ուրացման, դավաճանության ու քծնանքի։ Կեղծ ժողովրդավարության ու խաբեության միջոցով իշխանության եկած ամբոխի ներկայացուցիչները հասարակական կյանքը (ինչպես աշխարհի շատ երկրներում) գնալով ավելի ու ավելի կախյալ են դարձնում զանգվածներից, ինչն էլ արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել։ Ալֆրեդ Նոբելն այն կարծիքն է հայտնել, որ «ժողովրդավարությունն ի վերջո տականքներին է բերում իշխանության»։
Եվ որպեսզի ազգն ու երկիրն այլևս չդառնան տգետների ու քաղաքականապես ոչ հասուն զանգվածների զոհը, և ինչպես Պլատոնը կասեր՝ որպեսզի ստրուկը չղեկավարի երկիրը, այլ կառավարեն կառավարիչները, կարևոր է, որ ունենանք քաղաքականապես հասուն ու քաղաքացիական պատասխանատվություն ունեցող ընտրողներ։ Պլատոնն ասում էր. «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։ Այս ընտրություններն էլ փաստացի ոչ թե քաղաքական, այլ տեսակի գոյատևման պայքար են. պայքար՝ առաջադիմականի ու հետադիմականի, չարի ու բարու, սիրո ու ատելության, աստվածայինի ու սատանայականի միջև։ Սա նեոբոլշևիզմ է, սիրելի՛ հայրենակիցներ։
Իսկ որպեսզի բարձր արժեքներ կրող ավանդապաշտ հային ամբոխ դարձնեին ու Հայաստանը կործանեին, դրսից՝ անկախության տարիների մեր իշխանությունների անհեռատեսության ու թողտվության արդյունքում, ներդրվեց երկրի կործանման ու այլասերման համակարգ՝ հիմքում ունենալով Ջորջ Սորոսի այն հանրահայտ խոսքերը, թե. «Եթե ուզում եք կործանել պետությունը, այլասերե՛ք այդ հասարակությանը, և այդ բարոյազուրկ ժողովուրդն իր ձեռքով կքանդի իր տունը»։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել օտարների կողմից 2018 թվականին իրականացված հեղափոխությունն՝ իր բոլոր կործանարար ու աղետալի հետևանքներով։
«Որքան ավելի ազնիվ է մարդը, այնքան ավելի շատ են նրան փորձում ապականել, ստիպել դառնալ շատերից մեկը։
Որքան ավելի պայծառ է անհատականությունը, այնքան ավելի շատ են փորձում նրան գունափոխել։
Որքան ավելի մաքուր է մարդը, այնքան ավելի են փորձում նրան զրպարտել։
Որքան ավելի արժանավոր է մարդը, այնքան ավելի են փորձում նրան ծաղրել։
Որքան ավելի ուժեղ է անհատականությունը, այնքան ավելի են այն կոտրում։
Որքան ավելի ուժեղ է անհատականությունը, այնքան ավելի են նրան փորձում ցնցել։
Որքան ավելի խելացի է մարդը, այնքան ավելի են փորձում նրան վիրավորել։
Եվ դուք՝ եղե՛ք արտահայտիչ, պայծառ, մաքուր, արժանապատիվ, հաստատակամ, ուժեղ, խելացի, և թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը կարողանա ձեզ գորշ դարձնել, ցեխի մեջ ոտնակոխ անել, նվաստացնել, կոտրել, ցնցել կամ վնասել»։ Այսպես է ասել Ջուլիանա Վիլսոնը։
Իսկ այդ զանգվածի գոյությունը մեր ազգային ողբերգությունն է, մեր ցավը, և նրանք չեն սթափվում իրենց խաբելու, իշխանությունից ու պետությունից օտարելու, ազգն այլասերելու, իրենց երկիրն ապականելու և կործանման եզրին հասցնելու, իրենց երեսունհինգամյա տառապանքներն ու զրկանքները հանուն ոչնչի դարձնելու համար։ Ուզում եմ բոլորս լավ իմանանք, որ այն մարդիկ, որոնք կգնան Աստծո, հայրենիքի ու ազգի եռասրբության ուրացման, կարժանանան Աստծո արդար դատին, որից դեռ ոչ մեկին չի հաջողվել խուսափել։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ