Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Երբվանի՞ց դարձանք այսքան «թուրքասեր» ու «ադրբեջանասեր»

Երբվանի՞ց դարձանք այսքան «թուրքասեր» ու «ադրբեջանասեր»
13.11.2026 | 12:00

Հարյուրամյակներ ի վեր պատմական հիշողությունը հայի ազգային արժանապատվության չափանիշ է եղել, իսկ այսօր ոմանց համար այն դարձել է խաղաղությանը խանգարող ավելորդ բեռ։ Դեռ երեկ թուրքի ու ադրբեջանցու նկատմամբ զգուշավորությունը համարվում էր պատմական փորձառությունից ծնված բնական ինքնապաշտպանության դրսևորում, իսկ այսօր նույն այդ զգուշավորությունը ներկայացվում է որպես հետամնացություն, ազգայնամոլություն կամ խաղաղության վիժեցում։ Եվ ամենազարմանալին այն է, թե ինչպիսի՜ արագությամբ փոխվեցին որոշ մարդկանց սկզբունքներն ու համոզմունքները։ Մարդիկ, որոնք երեկ հայրենասիրության դասեր էին տալիս, այսօր պատրաստ են խաղաղության անվան տակ արդարացնել գրեթե ցանկացած զիջում, անգամ այն, ինչ ժամանակին իրենք ազգային դավաճանություն կհամարեին։

Իհարկե, հարևանների հետ խաղաղ ապրել ցանկանալը թուրքասիրություն կամ ադրբեջանասիրություն չէ։ Բայց խաղաղության ձգտումն ու սեփական պատմությունը մոռանալու պատրաստակամությունը նույնպես նույն բանը չեն։ Ի վերջո, մի՞թե կարելի է մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողությունը, արժանապատվությունն ու ազգային շահերը զոհաբերել՝ այդ ամենը փաթեթավորելով «խաղաղություն» մոգական բառով։ Եվ այստեղ հարցն արդեն ոչ այնքան թուրքասիրության կամ ադրբեջանասիրության մասին է, որքան սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ վերաբերմունքի։

Իսկ գուցե ժողովուրդը չի՞ փոխվել, այլ փոխվել են այն չափանիշները, որոնցով այսօր հասարակությանը ներկայացվում են հայրենասիրությունը, խաղաղասիրությունը, ազգային շահն ու դիվանագիտական հաջողությունը։ Գուցե պարզապես փոխվել են հասարակության մեջ հնչող կարգախոսները, իսկ դրանց հետ միասին՝ որոշ մարդկանց շահերը, համոզմունքներն ու հրապարակային կեցվածքը։ Ընդամենը և ոչինչ ավելի: Որովհետև իսկական խաղաղասիրությունը սեփական Հայրենիքը, սեփական ժողովրդին սեփական պատմությունը սիրելուց հրաժարվելը չէ և ոչ էլ հարևանի հետ հաշտ ապրելու ցանկությունը սեփական ազգային արժանապատվության հաշվին նրան հաճոյանալու մոլուցքի վերածելը :

Վերջիվերջո, պետք է սթափվել և հասկանալ մի պարզ ճշմարտություն. խաղաղասիրությունը դեռ հայրենասիրություն չէ, իսկ սեփական ազգային արժանապատվության հաշվին ձեռք բերված խաղաղությունը ոչ թե ձեքբերում է, այլ ստորացման ու նվաստացման հետ համակերպում։ Վերջիվերջո, պետք է վերջ տալ այն վտանգավոր ինքնախաբեությանը, թե ազգային հիշողությունից հրաժարվելով, պատմական ճշմարտությունները աղավաղելով կամ լռության մատնելով և սեփական իրավունքները շարունակաբար զիջելով՝ կարելի է արժանապատիվ ապագա կառուցել։ Բա՛վ է սեփական թուլությունը խոհեմություն անվանել, զիջողականությունը՝ դիվանագիտական ճկունություն, իսկ ազգային շահերի ոտնահարումը՝ խաղաղասիրություն։ Թուրքի ու ադրբեջանցու հետ խաղաղ ապրելը մի բան է, նրանց հաճոյանալու համար սեփական ինքնությունը, պատմությունն ու արժանապատվությունը ուրանալը՝ բոլորովին այլ բան։

Եվ վերջապես՝ ժողովուրդը, որը հանուն խաղաղության պատրաստ է հրաժարվել սեփական արժանապատվությունից, ի վերջո զրկվելու է այդ արժանապատվությունից, բայց խաղաղություն երբե՛ք չի ստանալու։

Սթափվե՛ք։ Սեփական Ազգային Եկեղեցին,սեփական Հայրենիքը, սեփական ժողովրդին ու սեփական պատմությունը սիրելը երբե՛ք չեն կարող ժամանակավրեպ դառնալ, իսկ ազգային արժանապատվությունը երբե՛ք չպետք է դառնա միջպետական սակարկության առարկա։

Էս ժողովուրդը երբվանի՞ց էսքան թուրքասեր ու ադրբեջանասեր դարձավ՝ չիմացանք:

Թե՞ պարզապես նրան համառ հետևողականությամբ փորձում են ներշնչել, որ ինքն այդպիսին է եղել և այդպիսին պետք է լինի:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ