Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Լավրենտի Բերիան՝ պատմության հայելում. հակադարձում հայկական ընդդիմության պատմական զուգահեռներին

Լավրենտի Բերիան՝ պատմության հայելում. հակադարձում հայկական ընդդիմության պատմական զուգահեռներին
14.11.2026 | 11:37

Արսեն Գևորգյանի ողբերգական մահից (սպանությունից) հետո ընդդիմության շարքերում Աննա Վարդապետյանին համեմատում են Լավրենտի Բերիայի հետ՝ զուգահեռներ անցկացնելով անհամեմատելի երևույթների և հանճարեղ պետական գործչի միջև։ Այսքանը բավարար է արձանագրելու համար, որ դժբախտ է հայ ժողովուրդը, քանզի սարսափելի տգետ է նրա ընդդիմությունը։ Չեմ սիրում անվճար դասեր տալ, բայց մի քանի իրողություն հուշեմ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։
Իհարկե, Լավրենտի Բերիան դարձավ արևմտականների և ազատականների աչքի փուշը, քանզի վիժեցրեց Արևմուտքի՝ Խորհրդային Միությունը ծնկի բերելու ծրագիրը։ Չորս տարում՝ 1945–1949 թթ., Բերիան անցավ մի ճանապարհ, որն ամերիկացիները հաղթահարել էին ութ տարում, և 1949 թ. օգոստոսին Խորհրդային Միությունը փորձարկեց իր առաջին միջուկային ռումբը՝ այդպիսով վերջ տալով ամերիկյան մենաշնորհին։ 1945 թ. հուլիսին միջուկային զենք մշակելու նպատակով ստեղծված և Բերիայի գլխավորած «Հատուկ կոմիտեի» («Спецкомитет») գրեթե բոլոր անդամները վստահաբար կարող էին հաստատել, որ Լավրենտի Պավլովիչն այդ նախագծում ավելի մեծ աշխատանք կատարեց, քան ակադեմիկոս Կուրչատովը։ Նա զբաղված էր թե՛ հետախուզական աշխատանքով (Պավել Սուդոպլատովն իր հուշերում գրում է, որ իր տեղեկատուների ցանկում ակամայից եղել է անգամ Օպենհեյմերի կինը), թե՛ հսկայական արդյունաբերական օբյեկտների շինարարությամբ և թե՛ համապատասխան գիտատեխնիկական բազայի ստեղծմամբ։
Բերիան Մոսկվա եկավ 1938 թվականին՝ այսպես կոչված «մեծ տեռորից» հետո, իսկ Քաղբյուրոյի (Պոլիտբյուրոյի) նիստում նրա առաջին առաջարկը եղել է մահապատժի վերացումը։ Սա վառ վկայություն է նրա «մարդակերության» մասին։
1942 թվականին Բերիան փաստացի փրկեց Կովկասն ու Անդրկովկասը։ Երբ իրավիճակն այնտեղ դուրս էր գալիս վերահսկողությունից, Ստալինը նրան գործուղեց Հյուսիսային Կովկաս։ Ստանձնելով ռազմաճակատի փաստացի հրամանատարի դերը՝ Բերիան շատ արագ չեզոքացրեց սպառնալիքը. Բաքվի նավթին տիրանալու գերմանական երազանքն այդպես էլ մնաց անկատար։ Նա կարգավորեց զորքերի կառավարելիությունը, լուծեց ռազմական լոգիստիկայի բոլոր հարցերը, դեռ ավելին՝ հանձնարարեց երկու ֆիլմ նկարահանել Երևանում և Թբիլիսիում ու անձամբ վերահսկեց ստեղծագործական ընթացքը (դրանք նվիրված էին կովկասյան ազգերի միասնությանը, որոնցից մեկը «Դավիթ Բեկն» էր)։ Եվ այս ամենը՝ հաշված ամիսների ընթացքում։
Գլխավորելով ԽՍՀՄ իրավապահ և հատուկ ծառայությունների ոլորտը՝ Բերիան ստեղծեց աշխարհի ամենաարդյունավետ և հզոր հետախուզությունը, հակահետախուզությունը, ոստիկանական համակարգը, հատուկ նշանակության ջոկատները, իսկ պատերազմի տարիներին փայլեց պետության ներքին անվտանգության և կայունության ապահովման գործում։ Ինչ վերաբերում է նրան վերագրվող «մարդակերությանը», ապա այդ մասին ուշագրավ արխիվային նյութեր են հրապարակվել «ВЗГЛЯД» պարբերականում։ Որոնեք այնտեղ և ձեզ համար շատ զարմանալի փաստեր կբացահայտեք, հատկապես՝ գերմանացի ռազմագերիների պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ։
Լինելով Ստալինի թիմի ամենատաղանդավոր, բայց առաջին դեմք դառնալու չձգտող անհատականությունը՝ Բերիան, այնուամենայնիվ, սարսափ էր ներշնչում Քաղբյուրոյի մյուս անդամներին։ Եվ նա սպանվեց կալանավորման փորձի ժամանակ։ Իսկ մնացածը՝ իբր կալանք, դատավարություն, գնդակահարություն և այլն, որոնցից գեթ մեկ լուսանկար չկա (մինչդեռ, օրինակ, գեներալ Վլասովի դատավարությունից կան լուսանկարներ), պարզապես հեքիաթներ են։ Լավրենտի Պավլովիչն այն մարդը չէր, որ ինչ-որ գեղացի Ժուկով գար ու նրան կալանավորեր…
Այս ամենը Լավրենտի Բերիայի արածի ընդամենը չնչին մասն է՝ 0,0000000001 տոկոսը։ Դե, հիմա համեմատեք Աննա Վարդապետյանի և նրա արածների հետ։
Եվ այսօր Նոր Հայաստանի քաղաքական միտքը հասել է այն «պատմական» հանգրվանին, երբ ինչ-որ մի երևանցի չիչոյի հավասարեցնում են 20-րդ դարի մեծագույն պետական գործչին՝ չգիտակցելով, որ այդ չիչոյի սկեսրանց կամ հայրական գերդաստանում, հնարավոր է, հրաշքով գրագետ մարդիկ գտնվեն և հպարտանան իրենց հարսով ու աղջկանով։
Այստեղ են ասել՝ աշխարհ, կա՛նգ առ, իջնող կա։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 35

Մեկնաբանություններ