ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խալխին, ամբոխին ազգ և քաղաքացի դարձնելու մեջ պետք է փնտրել մեր ուժն ու փրկությունը

Խալխին, ամբոխին ազգ և քաղաքացի դարձնելու մեջ պետք է փնտրել մեր ուժն ու փրկությունը
15.11.2026 | 12:00

Ոչ պատահականորեն հայ մեծ իմաստունն ու հանճարը՝ Թումանյանը, ասում էր. «Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ... Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են... Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...»։
Հետխորհրդային տարիների իշխանությունների մեղքը, իսկ վերջիններիս մեծագույն ստորությունը կայանում է նրանում, որ իրենց մի խմբակի իշխանությունը պահպանելու համար 90-ականներին բարձր արժեքներ կրող, պետականության ու հայրենիքի զգացողություն ունեցող ազգի մի մեծ՝ առավել թույլ կամային որակներ ու կրթական մակարդակ ունեցող հատվածին հետևողականորեն բարոյազրկեցին, դարձրին ամբոխ, դարձրին մեկանգամյա օգտագործման ընտրազանգված՝ իշխանության վերարտադրության նյութ (մատերիալ)։
Դարձրին, որովհետև ամբոխի վերածված գորշ ու ցածր խավերի մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում նրանց մոտ անհետանում է անհատականությունը։ Որպես կանոն, նրանք լինում են ծառայամիտ և չեն ունենում իրենց սրբությունները, գաղափարական սկզբունքներն ու դավանանքը, կայուն ու հաստատուն կարծիք, ընդունակ չեն արարելու, ստեղծագործելու. նրանք կարող են միայն սպառել և թալանել։ Այդ խավն էլ, որպես կանոն, որևէ ոլորտում կամ մասնագիտության մեջ կայացած չէ, չունի հմտություններ ու ստեղծագործելու, արարելու ունակություններ և լավ ու հեշտ ապրելու համար, հանուն շահի պատրաստ է լինում ցանկացած ստորաքարշության, ուրացման, դավաճանության ու քծնանքի։ Այդպիսիներն էլ հարմար են իշխանությունների համար. չունենալով սկզբունք, արժանապատվություն՝ դառնում են հեշտ կառավարելի։
Շատ վտանգավոր է երկրի ու ժողովրդի համար, երբ գորշերի, ցածր խավերի, ամբոխի ներկայացուցիչներն են իշխանության ու քաղաքական համակարգում դառնում թելադրող։ Աղետ է լինում այն երկրներում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն լինում իրենց հպատակների մեջ, երբ ապաշնորհները, միջակներն ու գորշերն են իշխանության։ Եվ որպեսզի իրենք չխամրեն, չկորչեն, չանհետանան ու չանէանան երևելիների մեջ, ամեն հնարավոր բան անում են գլխատելու երևելիներին ու անհատականություններին, փորձում են ոչնչացնել արժանավորներին, ուժեղներին, գեղեցիկը, առաքինին ու ազնիվը։ Պլատոնն էլ ասում էր. «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։ Անտիսթենեսն էլ այն կարծիքն է հայտնել, որ. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ հիմարներին չեն տարբերում լավերից»։
Անկախության տարիներին և առավելապես 2018 թ. օտարների կողմից բերված իշխանություններն էլ կրում են իրենց վրա գորշության ու միջակության փոշին, որը ծնում է մարդկության համար ամենամեծ չարիքը՝ նախանձ ու ատելություն, որի միջավայրում էլ ծնվում են ամենաստոր մարդկային զգացմունքներն ու արարքները։ Միջակությունն ու գորշությունը արգելափակում են տաղանդների ու անհատականությունների զարգացումը. գորշության պայմաններում է մեռնում գեղեցիկը, սերը, ստեղծագործական միտքը։ «Իշխանության եկած գաճաճները հսկաներին են ասպարեզից հեռացնում, որպեսզի իրենք մեծ երևան»,– գրել է Հրանտ Մաթևոսյանը։
Իսկ այդ զանգվածները թեև հակումներ ունեն ամբոխ դառնալու, դրա հետ միասին նրանց նաև մենք ենք դարձրել այդպիսին՝ օտարելով իշխանությունից, պետությունից ու երկրի հարստությունից, դարձնելով անհաղորդ ու անտարբեր իրենց երկրի ու պետության նկատմամբ։ Եվ հիմա ազգն ու պետությունը դառնում են չարացած ու վրեժխնդրությամբ լցված այդ զանգվածների ավերիչ զայրույթի զոհը։ Հիմա բոլորից խաբված ու արհամարհված, հույսները կորցրած, պայքարելու ոգին մարած՝ նրանք պարփակվել են իրենց պատյանի մեջ և չգիտեն՝ ու՞մ հավատան, որ կողմ գնան, ի՞նչ անեն։ Նրանք էլ, թեև մոլորված, սակայն մեր երկրի լիիրավ քաղաքացիներն են, մեր ազգակիցներն են, մեր քույրերն ու եղբայրներն են, նրանք մեր դժբախտությունն են, մեր ցավն են, և իշխանությունները, ազգի հոգևորական, մտավորական, գիտական էլիտան է պատասխանատու նրանց այս վիճակի համար։
Այս կործանարար միջավայրից դուրս գալու ելքն էլ ազգի՝ ամբոխ դարձած, չարացած, անտարբեր զանգվածի՝ Իսահակյանի ասած ժողովրդի «ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ» հատվածի վերադաստիարակումն ու որպես ազգային արժեքներ կրող քաղաքացի դարձնելը և ազգի նվիրյալ ու բարձրարժեք հատվածի հետ ինտեգրումը պետք է լինի։ Այս վիճակից դուրս գալու ելքն էլ Նժդեհը տեսնում էր ազգի վերադաստիարակության մեջ։ Այդ զանգվածներին դարձի բերելու, նրանց մեջ Աստծո նկատմամբ անկեղծ հավատն ու պայքարելու կամքը վերադարձնելու ճանապարհն անկեղծ, անկաշառ ու արդար միջավայրի ձևավորման մեջ պետք է փնտրել։
Մեր բոլոր խնդիրները միաժամանակ տանում են դեպի որակյալ կրթություն, դեպի ազգային, ազնիվ, իմաստուն-նվիրյալների իշխանություն ունենալը։ Եվ ինչպես Թումանյանը կասեր. «Խավարի ու լույսի պայքարում գլխավոր դերը պատկանում է հայ ուսուցչին»։ Հարցը համազգային է ու հույժ կարևոր, և անկեղծ, արդար ու օրինապաշտ հասարակության կառուցմանը, արժանապատիվ և ազգային արժեքներ կրող քաղաքացու դաստիարակությանը պետք է ուղղված լինեն ազգի առաջադեմ մասի, հոգևորականության ու մտավորականության ջանքերը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ