Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մեր ժամանակների համար հատկանշական է քաղաքակրթական ավանդական արժեքների վերանայումը

Մեր ժամանակների համար հատկանշական է  քաղաքակրթական ավանդական արժեքների վերանայումը
16.11.2026 | 17:20

Մեր խեղճուկրակ քաղաքական կյանքը ներկա խառը ժամանակներում կարող է շատ թե քիչ ճիշտ կողմնորոշվել իր պրակտիկ գործողություններում, եթե կարողանա ոչ թե մակերեսորեն, այլ խորապես և գոյաբանորեն հասկանալ, որ աշխարհը գիտի միայն մի լեզու, և դա էլ մերկապարանոց ուժի լեզուն է, որն էլ, լավագույն դեպքում, կարող է համեմվել նաև ուժը կառավարողների իրատես խելքով։

Այս առումով մենք պետք է կարողանանք շատ ուշադիր հետևել Ռուսաստանի դիրքին գլոբալ ուժային դասավորության համակարգում, սկսած անցյալ դարի 90-ականների նրա կատաստրոֆիկ թուլացումից մինչև մեր օրերը, երբ միայն մտասևեռված կույրերը կարող են չտեսնել այն ահռելի ուժային թռիչքը, որը թույլ է տալիս 145 միլիոնանոց բնակչությամբ և տնտեսապես թույլ երկրին, այս էլ որերորդ անգամ, վճռական դեր ունենալ աշխարհի կյանքում։

Ի թիվս այլ շատ կարևոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի, մեր ժամանակների համար շատ հատկանշական է նաև քաղաքակրթական ավանդական արժեքների վերանայումը միաբևեռ ուժային աշխարհից դեպի բազմաբևեռությունը գնալու պրոցեսում։

Այս իմաստով բավական է միայն համադրել Եվրոպայի դարեր տևած դաժան գաղութային քաղաքականությունը այն բանի հետ, թե ինչպես Ռուսաստանը մեզ և շատ մեզ նմանների, հանելով խորին միջնադարից, դարձրեց ժամանակակից մտածողության տեր մարդիկ, որպեսզի տեսնենք, թե մեր ներկա եվրոպակենտրոն մենթալիտետը ինչքան հեռու է իրականությունից։

Նման գնահատականներ տալիս պետք է իրար հետ համեմատել «հումանիստ» Եվրոպայի վերաբերմունքը իր գաղութների բնակչության և ռուսների վերաբերմունքը սեփական ծայրամասերի բնակչության հետ և ոչ թե համեմատել իրար հետ Բելգիան ու Կիրգիզստանը։

Այն հանգամանքը, որ Պուտինի Ռուսաստանի հետ հավասարը հավասարի պես հաշվի են նստում աշխարհի երկու ամենահզորները, պետք է մեզ շատ բան ասեն, եթե մենք վերջնականապես չենք կորցրել ապրելու կամքն ու մտածելու կարողությունը։

Նայեք այն նախանձելի հետևողականությանը, որով Ռուսաստանը հասնում է իր առաջ դրած նպատակներին և, որ ամենակարևորն է, մի հավատացեք ուժայինից բացի այլ նկատառումների, ներառյալ հումանիզմը, դեմոկրատիան և այլ նման բաներ, որոնց նպատակը աշխարհի գործերից բան չհասկացող մասսաներին ապակողմնորոշելն է և ուժեղների կամակատար դարձնելը։

Եվ, մեկ էլ, երբ անհասկացող երեխայի նման ամբողջ ժողովուրդներ են սկսում կամավոր ձևով իրենց անուղղելի վնասներ տալ, ապա դրա դեմն առնելու միակ միջոցը ուժով ու ստիպելով այն թույլ չտալն է, ոչ թե ասելը, թե «դեմոկրատական» ձևով դու շարունակիր գնալ դեպի կործանում։

Պետք է կարողանալ տեսնել միայն, թե ինչպես Ռուսաստանը, Արևմուտքի կողմից բացարձակ արհամարհված վիճակից քայլ առ քայլ դուրս գալով, հակառակորդներին ստիպեց լրջորեն հաշվի նստել այն բանի հետ, որ պրոբլեմը Ուկրաինան չէ, որը գլոբալ անվտանգության պրոբլեմի մի փոքր մասն է միայն։

Չես իմանում, թե ով է աշխարհի գործերից անտեղյակ մեր գավառական ուղեղը մտցրել այն խեղճուկրակ ու ամբողջ ժողովրդին ապակողմնորոշող միտքը, թե անկախությունը կյանքից ավելի բարձր արժեք է, առանց հաշվի նստելու այն ակնհայտ փաստի հետ, որ անկախ ես այնքանով, ինչքանով որ ավելի բարձր դիրք ունես հզորության համաշխարհային սանդղակում։

Եվ մեկ էլ պետք է ինչ-որ ձևով կարողանանք մեր գավառական ականջին օղ անել, որ բացառապես ուժային աշխարհում, առանց խաղի կանոններն իմանալու ու առանց ուժի խաղի մեջ մտնելը ծայր աստիճան վտանգավոր է։

Մեկ էլ, միամիտ գառնուկ լինելով, գայլերին չես խաբի, ու վայ այն գառնուկին, որը թյուրիմացորեն, առնվազն, իրեն աղվեսի տեղ է դնում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ