Եվրոպայի կարևորությունը 1945-ից հետո և, հետո էլ, ԵՄ-ի կարևորությունը պայմանավորված էր ԽՍՀՄ-ի և, հետո էլ, Ռուսաստանի հետ Արևմուտքի ուժային բալանսի ապահովման անհրաժեշտությամբ։
Այդ ընթացքում որևէ անգամ Եվրոպան կամ ԵՄ-ը ինքնուրույն աշխարհաքաղաքական հզորություն չեն եղել, այլ եղել են ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող և նախկին փառքի իներցիայով ու բարեկեցիկ կյանքով ապրող ֆինանսատնտեսական միավոր։
Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ի ստեղծմանը, ապա դրա միակ նպատակը ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի կառավարման բարդ պրոցեսը հեշտացնելն էր Եվրահանձնաժողովի տեսակի մեխանիզմի միջոցով, քանի որ շատ ավելի դժվար ու աշխատատար էր եվրոպական երկրների առանձին-առանձին կառավարումը։
Այս իմաստով միշտ եղել է և կա խորին հակասություն Եվրահանձնաժողովի և եվրոպական կարևոր երկրների ղեկավարությունների միջև իշխանության բաժանման և որոշումներ կայացնելու իրավունքի շուրջ։
Բայց այդ ամենը բավականին լավ աշխատում էր այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը գտնվում էր ուժային միաբևեռության և գլոբալացման պայմաններում, որն էլ աստիճանաբար սկսեց փոխվել Չինաստանի և Ռուսաստանի, որպես կարևոր աշխարհաքաղաքական ուժերի, ոտքի կանգնելով։
Մի հանգամանք, որն աննախադեպ լինելով աշխարհի վերջին հարյուրամյակների պատմության ընթացքում, գլոբալ բնույթի մարտահրավեր նետեց Արևմուտքին, որն էլ առաջ բերեց աշխարհաքաղաքական ուժերի տեկտոնական տեղաշարժ, և որի արդյունքն էլ եղավ ներկայի ուժային դիսբալանսը։
Վերջինս էլ ծնեց երկու տեսակի ուժային տենդենց և դրանց համապատասխան քաղաքականություն, ըստ որի, Արևմուտքը իր կանխարգելիչ գործողություններով ձգտում էր և է պահպանել աշխարհի ուժային միաբևեռությունը, իսկ Արևելքը, հակառակը, անցնել ուժային հավասարակշիռ բազմաբևեռության։
Բնականաբար, այդ երկու իրար հակառակ ուժային տենդենցները ծնեցին կոշտ պայքար աշխարհի ռեսուրսների նոր վերաբաժանման համար, որի առաջնային ֆրոնտն էլ դարձավ պայքարը Ռուսաստանի ռեսուրսների համար, որը սկսեց իրականացվել երկու ճանապարհով։
Չինաստանը դա սկսեց իրականացնել Ռուսաստանի հետ ինտեգրված տնտեսական քաղաքականությամբ, իսկ Արևմուտքն էլ՝ ՆԱՏՕ-ի սահմանները դեպի արևելք շարժելով, որն էլ անմիջական ստրատեգիական սպառնալիք էր Ռուսաստանի համար և որն էլ ուկրաինական պատերազմի պատճառը դարձավ։
Նույնատիպ պատճառներով սկսվեց նաև Իրանի պատերազմը, որի անսպասելի ելքը և Ռուսաստանի հաջողությունները ուկրաինական պատերազմում ստեղծել են որակապես բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որն էլ, միանգամայն տրամաբանորեն, ստիպում է ԱՄՆ-ին գնալ դեպի նոր ուժային բալանս՝ ավելի մեծ ռեսուրսներ հատկացնելով խաղաղօվկիանոսյան և մերձավորարևելյան հակամարտություններին։
Մի հանգամանք, որն էլ ավտոմատիկորեն բերում է Եվրոպայի և ուկրաինական գործերի համար նախատեսվող ռեսուրսների կրճատման, որն էլ ԵՄ-ի համար ծնում է համարյա թե լուծումներ չունեցող պրոբլեմների փունջ, ներառյալ Միության լինել-չլինելու հարցը։
ԱՄՆ-ի ինչ-որ չափով հեռանալը եվրոպական գործերից, առաջին հերթին, բերում է Եվրահանձնաժողովի և խոշոր եվրոպական երկրների միջև հարաբերությունների սրման, որոնք ավանդաբար մեղմվում էին ԱՄՆ-ի ներկայությամբ, որի հեռանալով բնականորեն սրվում է իշխանության հարցը, քանի որ իշխանական բնույթի հզորությունների առումով Եվրոպան որևէ վառ արտահայտված լիդեր չունի, որն էլ հենց ԵՄ-ի անկայունության ամենալուրջ աղբյուրն է։
Կառավարման մասին գիտության հիմնական աքսիոմաներից մեկն այն է, որ ցանկացած մասշտաբային գործում եթե չկա իր հզորությամբ մյուսներից զգալիորեն տարբերվող լիդեր, ապա չի կարող լինել նաև կայունություն, մի հանգամանք, որը ներկայում զրկում է ԵՄ-ին լուրջ աշխարհաքաղաքական խաղացող լինելու հնարավորությունից։
Նման պայմաններում ու շատ մեծ դժվարություններով աշխարհը գնում է դեպի գլոբալ ուժային բալանս, որի բացահայտ արտահայտություններից մեկը սպասվող եռակողմ հանդիպումն է Սիի, Թրամփի և Պուտինի միջև։
Թեև այդ հանդիպումից շատ բան սպասելը լուրջ հիմքեր չունի, բայց, այնուամենայնիվ, այն ունի սկզբունքային կարևորություն։
Բացի դրանից, նույնիսկ եթե ամենահզորների մեջ հնարավոր դառնա ուժային բալանսի նման մի բան, ապա դեռևս բաց է մնում մի այլ կարևոր հարց, կապված մնացած աշխարհի հետ, որի կենտրոնական պրոբլեմն է՝ ուժային բալանս ու՞մ հաշվին։
Պավել Բարսեղյան