ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սոխից տաղանդավոր օդերևութաբան չկա

 Սոխից տաղանդավոր օդերևութաբան չկա
18.11.2026 | 19:17

Դեռ մեր պապերը գիտեին, որ սոխից տաղանդավոր օդերևութաբան չկա։ Էն ժամանակ էլ հո Գագիկ Սուրենյան չկար։ Մեր պապերն աշնանը նայում էին սոխի կլեպին, եթե հաստ ա, ուրեմն՝ ցուրտ ձմեռ ա անելու, իսկ եթե բարակ ա, ձմեռը մեղմ ա լինելու։

Հա՛, սոխը մի բան գիտի, նա իր էդ արցունքաբեր թերթերով նենց ա զգում մոտեցող ձմեռը, ինչպես նոյեմբերին նիհարիկ ընտանեկան բյուջեն ա զգում մոտեցող կոմունալները։ Ախր, սոխը հո բաքսի չի քաշում, նա հույսն իր վրա պիտի դնի, պիտի սեփական միջոցներով պատրաստվի ձմռանը։ Դրա համար՝ եթե բարակ, թեթև ա հագնվել, ուրեմն՝ գիտի, որ ձմեռը տաք ա լինելու՝ չի մրսելու։ Սոխը երբեք չի սխալվում, սխալը կարող ա կյանք արժենալ, չնայած, անկեղծ ասած, չսխալվելն էլ ա կյանք արժենում, բայց բնությունը սոխին մարդկանցից պաշտպանվելու տաղանդով չի օժտել։

Մենակ թե՝ մեր էս դարում ամեն ինչ իրար ա խառնվել։ Սոխ ես առնում, կլեպը բարակ ա, ու հանգստանում ես՝ չես պատրաստվում ցուրտ ձմռան։ Ու, իսկապես, մեղմ ձմեռ ա անում, բայց Չինաստանի Ցզյանսու գավառում, իսկ Երևանում՝ սառնամանիք։ Պարզվում ա՝ մեր գործարար գործարարները Չինաստանից սոխ են բերել ու վաճառում են Երևանում։ Սոխն էլ հո ռասայական հատկանիշներ չունի, որ տարբերես՝ ոչ խոսալ գիտի, ոչ գրել, ոչ էլ աչքեր ունի։ Որտեղի՞ց իմանաս, որ չինացի ա, ո՛չ թե Գեղարքունիքի մարզի հարազատ զավակ։

Բայց ես իմ սեփական օդերևութաբանն ունեմ, որն ինձ երբեք չի խաբում։ Իմ ձեռքերը ցրտից ճաքճքում են։ Ես շատ եմ թափառել աշխարհում, չգիտեմ՝ որ երկրից ա մնացել էդ բանը, բայց եթե ձմեռը ցուրտ ա անելու, ձեռքերիս մաշկը դեռ օգոստոսի վերջին սկսում ա կոշտանալ։ Հա՛, իմ ձեռքերն աստեղային կապ ունեն մոտեցող ձմռան հետ։ Ստիպված՝ սկսում եմ կրեմ-մրեմ քսել, որ չճաքճքեն, չնայած՝ ատելով ատում եմ, երբ ձեռքիս ինչ-որ բան ա քսած լինում։ Բայց ճա՜րս ինչ։

Ասածս ի՞նչ ա՝ հիմա նոյեմբերը կիսվել ա, բայց ձեռքերիս մաշկը դեռ փափուկ-փափուկ ա՝ կարծես հուլիս լինի։ Ուրեմն՝ մեղմ ձմեռ ա անելու։

Ինձ կարելի ա վստահել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձ Չինաստանից չեն ներկրել։ Ծնվել եմ Երևանում ու ձմեռը դիմավորում եմ Արաբկիրի շրջանի տարածքում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ