Խորհուրդներ
20.11.2026 | 00:00
Նոյեմբերի 20
Քո հույսը Տիրոջ մոտ է։ Ինձ վրա դրված քո հույսն օրըստօրե թող ավելանա։ Իմացի՛ր՝ ինչ որ գալիքը քեզ համար ունի պահած, Ինձնից պիտի տա։ Գալիքը՝ Իմ հետևորդների ապագան, չի կարող ուրախ չլինել, չի կարող զվարթությամբ լեցուն չլինել։ Ուստի երկնքի մեջ, թե երկրի վրա, ուր էլ որ լինես, քո ճանապարհը ճշմարիտ հրճվանքի ճանապարհ պիտի լինի։
Զուր մի՛ ջանա գաղտնի խորհուրդների, անըմբռնելի ճշմարտության ու իրականության պատասխանները գտնել։ Սովորի՛ր հետզհետե է՛լ ավելի մոտենալ ու ճանաչել Ինձ։ Այդ ճանաչման մեջ դու կգտնես այն բոլոր պատասխանները, որոնց կարիքն իրապես ունես այստեղ՝ երկրի վրա։
Իսկ երբ երես առ երես տեսնես Ինձ բացարձակ հոգևոր աշխարհի մեջ, այն ժամանակ կարիք չես ունենա որևէ բան հարցնելու։ Այնտեղ քո բոլոր պատասխանները կգտնես Իմ մեջ։ Հիշի՛ր, որ Ես երբեմն ուղիղ պատասխանն էի մարդկանց այն բոլոր հարցերի, որոնք վերաբերում էին Իմ Երկնային Հորը և Իր օրենքներին։
Մի՛ հետաքրքրվիր ոչ մի տեսակ աստվածաբանությամբ։ Դու միայն Ինձ ճանաչի՛ր։ Ես Աստծո Բանն եմ։ Աստծո մասին եղած ողջ գիտելիքը կարող ես գտնել Իմ մեջ։ Եթե մարդը չի ճանաչում Ինձ, Իմ բոլոր ասածներն անարձագանք կմնան նրա սրտի մեջ։
Մեկնաբանություններ