Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը առաջարկում է վեց ձայն տրամադրել Սահմանադրության փոփոխության հանրաքվեն անցկացնելու համար՝ դրա դիմաց խոստանալով այս կամ այն ճանապարհով հեռանալ վարչապետի պաշտոնից։
Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունն ու ընդդիմությունը հայտնվել են փոխադարձ քաղաքական փակուղում։ Սակայն իրականում խնդիրը շատ ավելի խորքային է։
Իշխանությունը չունի իր նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը կրկին կանգնած է իշխանության թելադրած օրակարգին արձագանքելու անհրաժեշտության առաջ։
Սակայն այստեղ կա երրորդ՝ սկզբունքորեն այլ դիրքորոշում։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որևէ վարչապետի պաշտոնավարման ժամկետի հետ սակարկելու առարկա չէ։
Հայաստանի պետականության իրավական հիմքերը, Անկախության հռչակագիրը, Առաջին Հանրապետության հետ իրավական շարունակականության հարցը և Արցախի նկատմամբ մեր ազգային ու քաղաքական պատասխանատվությունը չեն կարող պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կամ հաջորդ ընտրություններում չառաջադրվելու խոստումով։
Ավելին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը քննարկվի հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը դա ներկայացնում է որպես իր քաղաքական պահանջ։
Այստեղ է, որ քաղաքական պայքարը պետք է դուրս գա Փաշինյանի առաջարկած «կողմ կամ դեմ» երկընտրանքի սահմաններից։
Խնդիրը միայն այն չէ, թե ով է զբաղեցնելու վարչապետի աթոռը։ Խնդիրն այն է, թե ինչպիսի պետություն ենք ունենալու, ինչ իրավական հիմքերի վրա է այն կառուցվելու և ինչպիսի անվտանգային ու քաղաքական համակարգ է ապահովելու մեր ինքնիշխանությունը։
Փաշինյանը կարող է հեռանալ, մեկ ուրիշը կարող է գալ, բայց Սահմանադրության փոփոխությամբ առաջացած հետևանքները կարող են մնալ սերունդների համար։
Ուստի Հայաստանի քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինի ոչ թե որևէ անձի հեռանալու դիմաց սահմանադրական փոփոխության գործընթացը բացելու հարցը, այլ ինքնիշխան պետության կառուցման, ազգային անվտանգության և պետականության իրավական հիմքերի պահպանման հարցը։
Իշխանության ու ընդդիմության քաղաքական փակուղին դեռ չի նշանակում, որ փակուղում է նաև հայ ժողովուրդը։
Պարզապես անհրաժեշտ է դուրս գալ նրանց առաջարկած քաղաքական խաղի սահմաններից և ձևավորել սեփական՝ ազգային պետականության օրակարգը։
Գևորգ Կարապետյան