Իտալացի փիլիսոփա Անտոնիո Գրամշին մշակել է «մշակութային հեգեմոնիայի» տեսությունը, որի համաձայն՝ իշխանությունը պահպանվում է ոչ միայն բանակի, ոստիկանության կամ օրենքների միջոցով, այլև մարդկանց մտածելակերպի ձևավորմամբ։
Գրամշիի հիմնական գաղափարն այն է, որ իշխող ուժը կարող է իր արժեքները, շահերն ու աշխարհայացքը դարձնել հասարակության համար բնական և ընդունելի։
Դրա կարևոր միջոցներն են կրթությունը, մշակույթը, լրատվամիջոցները, կրոնական կառույցներն ու մտավորականությունը։
Օրինակ. եթե հասարակության մեջ տասնամյակներ շարունակ քարոզվում է, որ հարստությունը հաջողության գլխավոր չափանիշն է, իսկ աղքատությունը՝ անհատի ձախողումը, մարդիկ կարող են տնտեսական անհավասարությունն ընկալել որպես բնական երևույթ, այլ ոչ թե՝ համակարգային խնդիր։
Գրամշին սա բացատրում էր որպես հասարակական համաձայնության ձևավորման մեխանիզմ։
Տեսության առանցքային միտքը հետևյալն է. ամենակայուն իշխանությունն այն է, որի գերիշխանությունը մարդիկ ընդունում են ոչ թե վախից, այլ որովհետև այն համարում են բնական և օրինաչափ։
Սերգեյ Ղարագյոզյան