Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայ ազգի հավերժ և արժանապատիվ լինելիության բանաձևը

Հայ ազգի հավերժ և արժանապատիվ լինելիության բանաձևը
24.11.2026 | 15:02



Դրա համար ամեն մի հայ պետք է դառնա անկեղծ իր ու Աստծո հետ, մոտենա Աստծուն ու անկեղծ հավատքին վերադառնա։ Իսկ ամենակարևորը՝ ամեն Աստծո օր գլուխը բարձին դնելուց առաջ իրեն հաշիվ տա, թե ի՞նչ է արել այդ օրն ազգի համար, և ամեն օր պետք է հաղորդակցվի Մեծ հայի՝ Խրիմյան Հայրիկի պատգամ-աղոթքին. «Եվ եթե այդտեղ՝ ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը։ Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի։ Դուք, ո՛վ որդիներ հայոց, որ մեր հին նահապետական տան ժառանգորդ զավակներն եք, այնտեղ՝ հայրենի տանը, կացե՛ք, մի՛ հեռացեք, սիրեցե՛ք Մասիսը, իր տապանն ու Սուրբ Գրիգորի Կաթողիկեն, մշակեցե՛ք Նոյի ձեռատունկ այգին՝ Արարատի դաշտը, մի՛ թողեք հավիտյան նահապետական տուն-ընտանիքը։ Դուք Մասիսի հարազատ որդիներն եք, Մասիսը ձեր հայրենի սեփական տունն է, թող շե՛ն մնա ձեր տունը, շե՛ն մնա Նոյի գերդաստանը, բարգավաճեն օրհնյալ Հաբեթի որդիները, արդար Նահապետի գերեզմանի աղոթքն ու զոհի ծուխը մինչև երկինք ելնի, երկինքը հաշտվի ու յոթնագույն աղեղը կամար կապի դրախտի աշխարհի վրա, ու դրախտի բնիկ որդիները ցնծան, թե՝ Աստված մեզ հետ է ու իր հզոր Աջով օրհնում ու պահպանում է Նոյի տունն ու նրա օտարամերժ ընտանիքը։ Ոչ միայն մարդկային զարգացումը, այլև ժողովուրդների, ազգերի, հայրենիքի ու թագավորության ճակատագիրը կախում ունեն ընտանեկան կյանքից։ Աշխարհի չարի ու բարու սկզբնածնունդ մայրն ընտանիքն է։ Ժողովուրդը, եթե առաջադիմում է, իր առաջին քայլն ընտանեկան սրահից է առնում, եթե լուսավորվում է, իր լույսն ընտանեկան ճրագից է, եթե միանում է՝ իր ոգին ու կապն ընտանիքն է, եթե զորանում է, իր ուժն ու բազուկն ընտանիքն է, եթե հարստանում է, իր գանձարանն ու գանձապետն ընտանիքն է, եթե իր տունն ու սեղանը բարելից ու առատ են՝ արդյունաբեր անդաստանն ընտանիքն է, եթե դրախտի գետերը վազում են իր հրապարակ՝ աղբյուրը դրախտի ընտանիքն է, եթե իր կարասները լի են գինով, խմում, ուրախանում է՝ խաղողաբեր այգին ընտանիքն է, եթե բարեծնունդ զավակներով օրըստօրե բյուրապատիկ աճում է՝ նախածնող խնամատարն ընտանիքն է, եթե ուզում է իր զավակներին բարեկիրթ քաղաքացի պատրաստել՝ իր բարեկրթության առաջին համալսարանն ընտանիքն է, եթե երջանիկ ապրել է ուզում աշխարհում, թող հավատա, որ երջանկության կյանք բխող աղբյուրն ընտանիքն է, եթե երկրից հետո երկինք ևս ժառանգել է ուզում՝ պահելով իր հայրենի կրոնը, հավատն ու եկեղեցին, այո՛, այդ սուրբ ավանդներն անեղծ, անկորուստ պահելու խորանն ընտանիքն է։ Որովհետև այդ գանձերն ու Ավետարանի աննման մարգարիտն աշխարհի շահավաճառության հրապարակում, կառավարությունների դահլիճներում, գիտության ճեմարաններում անկորուստ չեն պահվում, ուստի դրանց հավատարիմ ավանդապահը միայն ընտանիքն է։ Դուք ձեր զավակներին այնպես օրհնեցե՛ք, որ նրանք երկնային իմաստությունը ճանաչեն ու բարձր համարեն ու աշխարհիս շնչավոր իմաստության վրա չպարծենան։ Դուք ձեր զավակներին օրհնեցե՛ք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդություններն անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյաց Եկեղեցին սիրեն, Թադեոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն։ Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն»։ Սթափվելու և արժանապատվություն, հզոր հայրենիք ու պետություն ունենալու համար ամեն Աստծո օր պետք է Ռափայել Պատկանյանի՝ հայ ազգին ուղղված հետևյալ ամոթանք-հորդորն աչքի առաջ ունենանք. «...Ամո՜թ, հավիտենական ամոթ հայերին։ Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր Լիբերիա պետությունը, ու դարերով հալածած ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի երկու հինգերորդ մասը, իսկ անհոգ հայերն իրենց դրախտ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեջ մեկ թիզ անկախ խորշ չունին...»։ Արժանապատվություն, հզոր հայրենիք ու պետություն ունենալու համար՝ 1. Հայը պետք է ամեն Աստծո օր հիշի, որ որպես մարդկության նախահայր և որպես Նոյի ժառանգ՝ Աստծո կողմից իրեն վերապահված մարդկության փրկության առաքելություն ունի և մարդկության համար այն է, ինչ մայրը՝ զավակի համար, 2. Պետք է իր նվիրյալ-իմաստուն մեծերի՝ Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի, Անդրանիկի, Թումանյանի և այլոց դասերն ու պատգամներն իր սեղանին ունենա ու մշտապես սերտի դրանք, 3. Իր մեջ փնտրի իր կորուստների և դժբախտությունների պատճառն ու փրկությունը, 4. Արժանապատվությունը, հայրենիքն ու պետականությունը հայի համար պետք է դառնան գերագույն արժեք, և կյանքից առավել պետք է սիրի ու պաշտի հայրենի հողը, 5. Ըստ արժանվույն գնահատի իր մեծերին, նվիրյալներին, ուսուցիչներին՝ գիտելիք կրող մարդկանց, հերոսներին ու բարերարներին և հնազանդ դառնա իր իմաստուններին, 6. Ի զորու լինի օրենքի ամենայն խստությամբ պատժելու իր միջի դավաճաններին ու սրիկաներին, 7. Հայը պետք է վերջապես կարողանա վեր կանգնել անձնական բոլոր տեսակի շահերից և հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունն ընդունի որպես բացարձակ և գերակա արժեք։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 87

Մեկնաբանություններ