Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ինչո՞ւ «ադրբեջանական» դասականները ճանաչում էին հայերին (երմենիներին), բայց տեղյակ չէին ո՛չ «խայերից», ո՛չ էլ «ադրբեջանցիներից»

Ինչո՞ւ «ադրբեջանական» դասականները ճանաչում էին հայերին (երմենիներին), բայց տեղյակ չէին ո՛չ «խայերից», ո՛չ էլ «ադրբեջանցիներից»
24.11.2026 | 16:17

Վերջին տարիներին ադրբեջանական տեղեկատվական և քարոզչական դաշտում ակտիվորեն շրջանառվում է մի արհեստական թեզ, ըստ որի՝ իբր «խայերը» տարածաշրջան են եկել 1828 թվականին և փոխարինել են բնիկ «արմյաններին»։ Այս կեղծ կոնցեպտի նպատակն է շրջանցել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը համաշխարհային և տարածաշրջանային հեղինակների կողմից հայերի և Հայաստանի մասին հարյուրավոր ու հազարավոր անընդհատ հիշատակումները՝ ներառյալ այն պարսկալեզու դասականներին, որոնց Բաքվում ադրբեջանցի են համարում (Նիզամի, Խաքանի և այլք)։
Իրականում գիտության և լեզվաբանության մեջ վաղուց հաստատված փաստ է, որ աշխարհի ժողովուրդների մեծ մասն ունի ինքնանվանում (էնդոնիմ) և արտաքին անվանում (էկզոնիմ)։ Ինչպես վրացիներն իրենց անվանում են քարթվելի, գերմանացիները՝ դոյչ, իսկ արտաքին աշխարհը նրանց ճանաչում է այլ անուններով, այնպես էլ հայ ժողովուրդը պարսկերենում և թյուրքական լեզուներում դարեր շարունակ կոչվել է erməni (երմենի), ռուսերենում՝ армянин, անգլերենում՝ Armenian։ Որևէ լեզվում երբևէ գոյություն չի ունեցել «խայ» և «արմյան» ժողովուրդների տարանջատում։
Եթե մի պահ ընդունենք ժամանակակից ադրբեջանական քարոզչության վարկածը, թե իբր 1828 թվականին Ռուսական կայսրության վերաբնակեցման քաղաքականության արդյունքում «խայերը» եկան Կովկաս և կարճ ժամանակում ուծացրին ու փոխարինեցին տեղի «արմյաններին» և աղվաններին, ապա առաջանում է տրամաբանական հարց. ինչպե՞ս կարող էին այդ մասշտաբային ժողովրդագրական փոփոխությունը չնկատել հենց իրենք՝ ադրբեջանական գրականության և պատմագրության դասականները, որոնք ապրել ու ստեղծագործել են այդ իրադարձությունների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո։
Օրինակ՝ ադրբեջանական պատմագրության հիմնադիր համարվող Աբբաս-Կուլի-աղա Բաքիխանովի «Գյուլիստանի Իրամ» աշխատությունը լույս է տեսել 1841 թվականին՝ Թուրքմենչայի պայմանագրից ընդամենը 13 տարի անց, իսկ դրանից առաջ նա շուրջ մեկ տասնամյակ նյութեր է հավաքել տարածաշրջանի մասին։ Նա պարտավոր էր սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Սակայն ո՛չ Բաքիխանովը, ո՛չ էլ XIX–XX դարերի որևէ այլ հեղինակ երբևէ չեն հիշատակել որևէ «խայերի» մասին։ Փոխարենը նրանք բոլորը հստակ գրել են հայերի (erməni) մասին։
Ստորև ներկայացված է Բաքվում ադրբեջանցի դասականներ համարվող հեղինակների անվանական ցանկն ու նրանց երկերում առկա փաստերը։
XIX դար
1. Աբբաս-Կուլի-աղա Բաքիխանով (1794–1846)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Գյուլիստան-ի Իրամ» (1841) պատմական աշխատության մեջ նա մանրամասն անդրադառնում է Հայաստանին, հայոց թագավորներին, քրիստոնեության ընդունմանը և Գրիգոր Լուսավորչին։ Մասնավորապես, ռուսերեն թարգմանության մեջ կարդում ենք. «Հայերը հավաստիացնում են, որ նրա ձեռքը...»։
2. Քասիմ-բեկ Զաքիր (1784–1857)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ Իր բանաստեղծություններից մեկում նա թվարկում է տարածաշրջանի բնակիչներին. «Erməni, müsəlman, tərəkəmə, tat» («Հայ, մուսուլման, թերեքեմե, թաթ»)։ Տողը զետեղված է Զաքիրի երկերի ժողովածուում (գրական անթոլոգիա, էջ 132–133)։
3. Միր Մոհսուն Նավվաբ (1833–1918)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ Հեղինակել է պատմական աշխատություն՝ նվիրված 1905–1906 թթ. Կովկասում հայ-մուսուլմանական բախումներին, որտեղ կողմերից մեկը հստակ նշված է որպես հայեր (erməni), այլ ոչ թե «խայեր»։
4. Խյուրեմի (XIX դարի բանաստեղծ)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ 1888 թվականին «Քեշքյուլ» թերթում հրապարակված «Սալման և Սարգիս» պոեմում գրված է. «Bir müsəlman, bir erməni həmrah» («Մեկ մուսուլման և մեկ հայ ուղեկից դարձան»)։ Կերպարներից Սարգիսը ներկայացված է հենց որպես հայ։
XIX դարի վերջ — XX դարի առաջին կես
5. Միրզա Ալեքպեր Սաբիր (1862–1911)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Բեյնելմիլել» (1905) բանաստեղծության մեջ գրում է. «Müsəlmanla ermənilər beyninə düşdü fəsad» («Մուսուլմանների և հայերի միջև թշնամանք ընկավ»)՝ դատապարտելով ազգամիջյան առճակատումը։
6. Նարիման Նարիմանով (1870–1925)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Բահադուր և Սոնա» (1898) վիպակում գլխավոր հերոսը սիրահարվում է հայուհի Սոնային, և նրանց հարաբերությունների միջոցով հեղինակը քննադատում է կրոնական ու ազգային նախապաշարմունքները։
7. Ջալիլ Մամեդկուլիզադե (1869–1932)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Քամանչա» պիեսի կենտրոնական կերպարներից մեկը գերեվարված հայ երաժիշտ Բախշին է, որին դիմում են erməni («հայ») բառով։
8. Աբդուրահիմ-բեկ Հախվերդիև (1870–1933)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ Իր երկերից մեկում հիշատակում է դպրոց, որտեղ հայերին դասավանդում են իրենց մայրենի լեզվով, իսկ «Շատ լավ» («Çox gözəl») պիեսում անդրադառնում է տարբեր համայնքների փոխհարաբերություններին։
9. Մամեդ Սաիդ Օրդուբադի (1872–1950)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ 1908 թ. գրված և 1911-ին հրատարակված «Արյունոտ տարիներ» («Qanlı illər») գիրքը նվիրված է 1905–1906 թթ. հայ-մուսուլմանական ընդհարումների պատմությանը։
10. Ահմեդ-բեկ Աղաօղլու (1869–1939)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ 1905 թվականի հրապարակախոսական հոդվածներում և արխիվային նամակներում բազմիցս գրել է Բաքվի հայ-մուսուլմանական բախումների մասին։
11. Ուզեիր Հաջիբեկով (1885–1948)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Ադրբեջան» թերթում 1919 թ. հոկտեմբերի 17-ին տպագրվել է նրա «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները» հոդվածը, իսկ մեկ այլ հրապարակման մեջ նա ուղղակիորեն գրել է «ղարաբաղցի հայերի» մասին։
12. Յուսիֆ Վեզիր Չեմենզեմինլի (1887–1943)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Հայաստանը և մենք», «Հասարակական կարծիք» (1919), «Տասնհինգ օր Հայաստանում» հոդվածների հեղինակն է, որտեղ բազմիցս օգտագործում է erməni եզրույթը։
13. Մամեդ Էմին Ռասուլզադե (1884–1955)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ 1913 թ. հունիսի 9-ին «Իգբալ» թերթի թիվ 380 համարում հրապարակվել է նրա «Մի փոքր հայկական հարցի մասին» (Erməni məsələsindən bir az) հոդվածը։
14. Սուլեյման Սանի Ախունդով (1875–1939)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «Շայթան» պիեսում կերպարներն ուղղակիորեն խոսում են հայերի և վրացիների հետ համակեցության մասին։
15. Ջաֆար Ջաբարլի (1899–1934)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ «1905 թվականին» պիեսում նա հստակ նշում է կերպարների ազգային պատկանելությունը. «Baxşı türk idi, Sona erməni» («Բախշին թյուրք էր, Սոնան՝ հայուհի»)։
Խորհրդային շրջան և XXI դար
16. Սամեդ Վուրղուն (1906–1956) և խորհրդային շրջանի հեղինակներ
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ Խորհրդային շրջանի ադրբեջանական գրականության մեջ (Սամեդ Վուրղուն, Սուլեյման Ռուստամ, Միրզա Իբրահիմով և այլք) հայերը մշտապես հիշատակվում են erməni անվամբ՝ թե՛ պատմական, թե՛ ժամանակակից թեմաներով ստեղծագործություններում։
17. Բախտիյար Վահաբզադե (1925–2009)
o «Խայեր»՝ որպես առանձին ժողովուրդ չի հիշատակվում։
o Հայեր՝ այո։ «Իսթիգլալ» պոեմում և հրապարակախոսական երկերում (2007 թ. ժողովածու) նա բազմիցս օգտագործում է erməni բառը՝ քննարկելով քաղաքական հարաբերությունները։
18. Մովլուդ Սուլեյմանլի (1943–2024)
o «Խայեր»՝ առանձին ժողովրդի մասին պատկերացում չկա։
o Հայեր՝ այո։ 2022 թվականի հարցազրույցում նա մանրամասն պատմել է իր հայ հարևանների մասին՝ նշելով, որ նրանց կերպարներն արտացոլել է իր ստեղծագործություններում։
19. Աքրամ Այլիսլի (ծնվ. 1937 թ.)
o «Խայեր»՝ հիշատակում չկա։
o Հայեր՝ այո։ 2012 թվականին հրատարակված «Քարե երազներ» (Daş yuxular) վիպակն ամբողջությամբ նվիրված է Ագուլիսի և Բաքվի հայերի ճակատագրին։
Ամփոփում
Փաստերի համադրությունը ցույց է տալիս երկու առանցքային իրողություն.
1. XIX–XXI դարերի ադրբեջանական գրականության և հրապարակախոսության մեջ առկա են հայերի (erməni, ermənilər) մասին բազմաթիվ հիշատակումներ՝ որպես հարևանների, հակամարտությունների կողմերի կամ գեղարվեստական կերպարների, մինչդեռ «խայ» կոչվող առանձին ժողովրդի մասին որևէ հիշատակում բացակայում է։
2. Ուշագրավ է նաև ինքնանվանման հարցը. XIX դարի և XX դարի սկզբի հեղինակների մեծ մասը (Զաքիր, Խյուրեմի, Սաբիր, Նավվաբ, Օրդուբադի և այլք), թվարկելով տարածաշրջանի ժողովուրդներին, հայերի կողքին իրենց համայնքը նշում են որպես «մուսուլման» կամ «թյուրք», բայց ոչ «ադրբեջանցի»։
Ստացվում է պատմական պարադոքս. Նիզամիից ու Ֆիզուլիից մինչև XX դարի սկիզբ հենց իրենց՝ «ադրբեջանական» դասականներին անհայտ էին «ադրբեջանցիները» և առավել ևս «խայերը», սակայն նրանք բոլորը դարեր շարունակ ճանաչել և հիշատակել են հայերին։ Ինչպե՞ս են ժամանակակից ադրբեջանցի քարոզիչները բացատրում այս հակասությունը՝ մնում է հռետորական հարց։

Սերգեյ ՇՈՒՇԻՆՍԿԻ
Դիտվել է՝ 89

Մեկնաբանություններ