Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ինչպես են «կերել» Սևանի մանկական զբոսայգին

Ինչպես են «կերել» Սևանի մանկական զբոսայգին
24.11.2026 | 20:05

Երկու օր առաջ մի շատ երկար գրառմամբ անդրադարձա իմ ծննդավայր Սևան քաղաքի անցյալին ու ներկա խնդիրներին և առաջիկա ընտրություններին ընդառաջ հիմնական թեկնածուներին ու քաղաքական ուժին մի քանի հարց ուղղեցի։

Դրանցից մեկն այն էր, թե որտե՞ղ պետք է տեղադրվի Ամանորի տոնածառը, որպեսզի մեր համայնքի երեխաներն իրենց ծնողների հետ գոնե մի քանի օր տոնական տրամադրություն ունենան։

Հարցը տարօրինակ է, սակայն, ցավոք սրտի, Սևանի պես քաղաքում չկա գեթ մի փոքրիկ հրապարակ կամ այգի, որտեղ կարելի է տոներ կազմակերպել, որտեղ երեխաներն ու տարեցները կարող են ամեն օր զբոսնել, երեխաները՝ խաղալ, սպորտով զբաղվել և այլն:

Սևան քաղաքում կային այգիներ։ Քաղաքի կենտրոնական փոքրիկ այգին գտնվում էր Նաիրյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի ու «Նաիրի» կինոթատրոնի միջև։

Դեռևս 1990-ականներին Նաիրյան փողոցի երկայնքով տեղադրվեց նախ մեկ մետաղական բուդկա, հետո՝ երկրորդը, երրորդը, և այգու այդ հատվածը զավթվեց։ Սակայն այգու մնացած մասը դեռևս զավթված չէր։

Հետաքրքրության համար մտա համայնքապետարանի sevancity.am կայքի՝ համայնքի ղեկավարի որոշումների բաժին և փնտրեցի «զբոսայգի» բառը։

Եվ ի՞նչ պարզվեց։

Դեռևս 2004 թվականին Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանն այգու 3400 քմ տարածքը, «Մանկական այգի» հիմնելու նպատակով, մեկ քմ-ի դիմաց՝ 37 դրամ, տարեկան՝ 125800 դրամ վարձավճարով, հանձնել է «Սևանի մանկական զբոսայգի» ՍՊԸ-ին։

Սակայն այդ ՍՊԸ-ն, մանկական այգի կառուցելու փոխարեն, Սայաթ-Նովա փողոցի երկայնքով կառուցել է հիմնական շինություններ, որոնցից մեկում, որքան հիշում եմ, բանկ էր գործում։

2016 թվականին Սևանի մեկ այլ քաղաքապետի՝ Ռուդիկ Ղուկասյանի օրոք, համայնքապետարանը ՍՊԸ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան, որովհետև նույնիսկ վարձավճարները պատշաճ կարգով չեն վճարվել։

Datalex.am կայքում կարող եք ծանոթանալ դատական գործին՝ ԳԴ4/0091/02/16։

Համայնքապետարանը պահանջել է ՍՊԸ-ից բռնագանձել 1 661 542 դրամ, որից մայր գումարը՝ 325 476 դրամ, իսկ տույժը՝ 1 336 066 դրամ։ Դատարանը բավարարել է հայցը։

Այնուհետև Datalex.am կայքից տեղեկանում ենք, որ «Սևանի մանկական զբոսայգի» ՍՊԸ-ի դեմ Սևանի համայնքապետարանը ևս մեկ հայց է ներկայացրել՝ արդեն 2023 թվականին։ Գործի համարն է՝ ԳԴ4/0011/02/23։

Այս անգամ չվճարված վարձավճարների դիմաց համայնքապետարանը պահանջել է ՍՊԸ-ից բռնագանձել 5 175 154 դրամ, որից մայր գումարը՝ 841 598 դրամ, մնացածը՝ տույժ։

Սակայն հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը 29.06.2023 թվականի դիմումով դատարանին հայտնել է, որ ամբողջությամբ հրաժարվում է ներկայացված պահանջից և խնդրել է կարճել գործի վարույթը։

Գործի վարույթը կարճվել է։

Իսկ ընդամենը չորս օր անց՝ 03.07.2023 թվականի թիվ 872-Ա որոշմամբ, Մուրադյանը զբոսայգու համար նախատեսված 3400 քմ տարածքը վաճառել է «Սևանի մանկական զբոսայգի» ՍՊԸ-ին։

Այնուհետև տրվել է շինարարության թույլտվություն, և զբոսայգու տեղում նոր շենք է կառուցվել։

Ի՞նչ է ստացվում։

Սևան քաղաքի մեծ զբոսայգու գրեթե չշահագործված գույքը դեռևս 2000-ականների սկզբին վաճառվել է։ Քաղաքային զբոսայգու հողերն էլ, թերևս, ամբողջությամբ վաճառված են։

Քաղաքի կենտրոնում մնացած վերջին 3400 քմ տարածքը 30 տարի ժամկետով տրվել է վարձակալության, չի ծառայել իր նշանակությանը, նույնիսկ վարձավճարները պատշաճ կարգով չեն վճարվել համայնքային բյուջե։

Արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ քաղաքում նույնիսկ տոնածառ դնելու տեղ չկա, բայց երեք քաղաքապետներից ոչ մեկը չի էլ փորձել լուծել վարձակալության պայմանագիրը և տարածքը վերադարձնել համայնքին։

Եվ վերջապես, 2023 թվականին, երբ ողջ հայ ժողովուրդը լարված հետևում էր, թե ինչ է լինելու շրջափակված, այնուհետև հայաթափված Ղարաբաղի հետ, երբ նույնիսկ Հայաստանի ճակատագիրն էր մտահոգիչ, մարում է նաև Սևան քաղաքի կենտրոնում գոնե 3400 քմ տարածքով փոքրիկ այգի ունենալու վերջին հույսը։

Տարածքը մեկ քմ-ի դիմաց 4441,8 դրամով վաճառվում է «Սևանի մանկական զբոսայգի» ՍՊԸ-ին։

Հիմա արդեն քանի օր է՝ համայնքում քարոզարշավ է։ Քարոզարշավի մասնակիցները որ կողմ էլ թեքվեն, շուրջբոլորը նույն ավերակ ու փնթի վիճակն է։ Քաղաքն այնպիսի թշնամանքով է ոչնչացվել, որ առջևում փակուղի է։

Մյուս քաղաքներում արդեն հրապարակներ են զարդարում։ Նայում ես ու հիշում քո քաղաքը...

Թող ներեն ապարանցիները, բայց ժամանակին Ապարանը Սևանի հետ համեմատել անգամ չէր կարելի։ Իսկ հիմա տեսե՛ք, թե ինչ վիճակում է Ապարանը, ինչպիսի լուծումներ են գտնում՝ նոր այգիներ, կահավորված մայթեր, հանրային տարածքներ։

Սևանը պետք է տասնապատիկ ավելի ճոխ տեսք ունենար, մեր քաղաքը Սևանա լճին ամենամոտ և լավ դիրքում գտնվող քաղաքն է, որում պետք է տասնյակ ծովային ռեստորաններ գործեին, Երևանի Սարյան փողոցի պես փողոց կարող էինք ունենալ, ուր հանրապետությունից հոսքը չէր դադարի տարվա բոլոր եղանակներին: Մեր քաղաքում կարելի էր զարգացնել ջրային մարզաձևեր, ձմեռային մարզաձևեր և շատ տարբեր ոլորտներ: Իսկ այսօր այն վերածվել է մի անշուք ու անհրապույր միջավայրի, երկու միմյանց նման ոճով նոր շինություն չեք գտնի, պատշգամբ չեք գտնի, մեկ քառակուսի մետր կանաչապատ, կամ ծաղիկներով տարածք չեք գտնի, խայտաբղետ ու անկանոն վիճակ է...

Ինչ են փոխել Ապարանում, Գորիսում, Կապանում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում, ինչ վիճակում է Սևանը, որ ժամանակին այդ քաղաքներից հետ չէր ոչնչով...

Լավ, դուք ո՞նց եք նայում երեխաների աչքերի մեջ։

Աշխարհում կա՞ գրված կամ չգրված գեթ մեկ օրենք, որով կարելի է ոչնչացնել սեփական ապրելատեղին, խլել ու ոչնչացնել այն, ինչ պատկանում է երեխաներին ու տարեցներին։

Չեն պատասխանում։ Լռություն է։

Որ դրվագը բացեք, որ բուդկայի ու անճոռնի շինության պատմությունն ուսումնասիրեք, տակը կեղտ է։

Դատարանների միջոցով, անհիմն թղթերով ու որոշումներով քաղաքը ոչնչացրել են։ Եվ այս այգու պատմությունն ընդամենը մի կաթիլ է ամբողջի մեջ։

Ավելի սարսափելի պատկեր է բացվում, երբ նայում եք քաղաքի կադաստրային քարտեզին։ Մարդիկ, թերևս, տեղյակ էլ չեն, որ իրենց պատշգամբների տակ գտնվող մայթերն ու երբեմնի կանաչ տարածքներն էլ են չափագրված ու վաճառված։

Աչքներն ինչ տեսել՝ ծախել են...

Գյուղի ու քաղաքի թասիբից, մթնոլորտից են խոսում։

Ահա՛ ձեր թասիբը, որը հիշվելու է սերնդեսերունդ...

Արա Արայան

Դիտվել է՝ 50

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.