Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ղարաբաղը մինչև Փանահ խանը

Ղարաբաղը մինչև Փանահ խանը
25.11.2026 | 11:51

Ի՞նչ են գրել հենց ադրբեջանական աղբյուրները հայկական իշխանությունների մասին, ինչո՞ւ են հիշատակել հայերին և ինչո՞ւ են լռել ադրբեջանցիների, «հայերի» (խայերի) և աղվանների մասին

Ինը հեղինակ, ինը պատմական վկայություն և ուղիղ հղումներ նրանց աշխատություններին
Այսօր հաճախ են պնդում, այդ թվում՝ Քյամրան Ռազմովարը («ջիգյարես»), թե մինչև XVIII դարում Ղարաբաղի խանության կազմավորումը Արցախում ոչ մի հայկական պետականություն գոյություն չի ունեցել։
Սակայն ի՞նչ են այս մասին գրել հենց ադրբեջանցի պատմաբանները, բանաստեղծներն ու գրականագետները, որոնց այսօր դասում են ադրբեջանական մշակութային ժառանգության շարքին։
Առաջարկում եմ անդրադառնալ անմիջապես նրանց երկերին, այլ ոչ թե ժամանակակից քաղաքական մեկնաբանություններին։
1. ՄԻՐԶԱ ԱԴԻԳՅՈԶԱԼ-ԲԵԿ - «ՂԱՐԱԲԱՂ-ՆԱՄԵ» (1845)
Պատմաբանը մանրամասն նկարագրում է Ղարաբաղի հինգ մելիքությունները (ոչ թե խանությունները)՝ Դիզակը, Վարանդան, Խաչենը, Ջրաբերդը և Թալիշը (Գյուլիստան)։
Խաչենի կառավարիչների մասին նա հաղորդում է.
«Խաչենի մելիքները Հասան-Ջալալյանների սերունդներն էին»։
Այնուհետև գրում է, որ այս տոհմը հետագայում զրկվել է ինքնուրույնությունից։
Ջրաբերդի կառավարիչների մասին պատմաբանը տեղեկացնում է, որ նրանք տիրացել են համապատասխան գավառին և դարձել դրա անկախ տիրակալները։
Այսպիսով, Ադիգյոզալ-բեկը վկայում է ժառանգական իշխանական տոհմերի և նրանց ինքնուրույն իշխանության մասին՝ մինչև Փանահ խանի տիրապետության հաստատումը։
Աղբյուրը՝ «Карабаг-наме», գլուխ IV, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ հրատ., Բաքու, 1950, էջ 57–58:
vostlit.info...
2. ՄԻՐԶԱ ՋԱՄԱԼ ՋԵՎԱՆՇԻՐ - «ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (1847)
Հատկապես ուշագրավ հեղինակ է. նա զբաղեցրել է Ղարաբաղի խանության վեզիրի պաշտոնը։
Նկարագրելով Սեֆյանների ժամանակաշրջանը՝ Միրզա Ջամալն ուղղակիորեն անվանում է հինգ գավառները.
«Խամսեի հայկական մահալներ»։
Եվ թվարկում է Դիզակը, Վարանդան, Խաչենը, Չիլաբուրդը (Ջրաբերդ) և Թալիշը։
Առավել հետաքրքիր է նրա հաջորդ վկայությունը.
«Դեռ այն ժամանակ, երբ Խամսեի հայկական մահալները չէին ենթարկվում նրան [Փանահ խանին]…»։
Այնուհետև պատմաբանը նկարագրում է, թե ինչպես է Փանահ խանը ձեռնամուխ եղել այդ տիրույթների հպատակեցմանը։
Նրա պատմելով՝ Խաչենի մելիքը դիմադրել է խանին, իսկ շուրջ երկու հազար զինված պաշտպաններ ամրացել են Բալլուղայայի մոտ։ Եռօրյա ճակատամարտից հետո ամրությունը գրավվել է։
Այսպիսով, Ղարաբաղի խանության նախկին վեզիրն ուղղակիորեն ընդունել է հայկական տիրույթների գոյությունը, որոնք սկզբնապես չէին ենթարկվում Փանահ խանին։
Աղբյուրը՝ «История Карабага», գլուխներ II–III, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ հրատ., Բաքու, 1959:
vostlit.info
3. ԱԲԲԱՍ-ԿՈՒԼԻ-ԱՂԱ ԲԱՔԻԽԱՆՈՎ — «ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ԻՐԱՄ» (1841)
Ադրբեջանական ազգային պատմագրության մեջ ընդգրկված ամենահայտնի պատմաբաններից մեկը։
Բաքիխանովը պատմում է Վարանդայի մելիք Շահնազարի և մյուս հայ մելիքների միջև ծագած հակամարտության մասին։
Այնուհետև հաղորդում է.
«Փանահ խանը, օրեցօր հզորանալով, իր իշխանությանը ենթարկեց հայ մելիքներին»։
Ուշադրություն դարձրեք հաջորդականությանը. նախ գոյություն են ունեցել հայ մելիքները, և միայն հետո Փանահ խանը նրանց ենթարկել է իր իշխանությանը։
Աղբյուրը՝ «Гюлистан-и Ирам», ժամանակաշրջան IV, «Էլմ» հրատ., Բաքու, 1991, էջ 154–155:
4. ՄԻՐ ՄԵՀԴԻ ԽԱԶԱՆԻ - «ՔԻԹԱԲԻ-ԹԱՐԻԽԻ ՂԱՐԱԲԱՂ» (XIX ԴԱՐ)
Ղարաբաղցի պատմաբան, որը գրել է թյուրքերենով։
Նրա երկի չորրորդ գլուխը վերնագրված է.
«XƏMSEYİ-ƏRAMİNƏ MAHALLARININ ƏSİL VƏ NƏSƏBLƏRİNİ BƏYAN EDƏR»։
Թարգմանությունը՝ «Պատմում է հայկական հինգ գավառների ծագման մասին»։
Այս գլխում հեղինակը մանրամասն քննում է հինգ մելիքությունների տոհմերը։
Խաչենի մասին նա գրում է.
«Qədimdən məlikləri Məlik Həsən Cəlalyan övladı olub…»։
Թարգմանությունը՝ «Հնուց ի վեր նրա մելիքները եղել են մելիք Հասան-Ջալալյանի ժառանգները…»։
Այնուհետև պատմում է Խաչենը հպատակեցնելու Փանահ խանի փորձերի, տեղի բնակչության դիմադրության և ամրությունների զինված պաշտպանության մասին։
Կարևոր դիտարկում. Խազանին ուղղակիորեն կապում է Խաչենի ժառանգական կառավարումը Հասան-Ջալալյանների տոհմի հետ և մելիքությունները նկարագրում է հայկական գավառներին նվիրված գլխում։
Աղբյուրը՝ «Քիթաբի-թարիխի Ղարաբաղ», գլուխ IV:
Ադրբեջաներեն բնօրինակ տեքստը՝
5. ՀԱՍԱՆԱԼԻ ՂԱՐԱԴԱՂԻ (1848–1928) - ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՊԱՏՄԱԲԱՆ
1880 թվականին Ղարադաղին պատմական աշխատություն է գրել Ղարաբաղի մասին։
Այդ երկից պահպանված քաղվածքներում կարդում ենք.
«Qarabağın erməni camaatı yaşayan tərəf o vaxt Xəmseyi-Əramənə adlanaraq, beş məlikə təqsim edilirdi»։
Թարգմանությունը՝ «Ղարաբաղի այն հատվածը, որտեղ բնակվում էր հայ ժողովուրդը, այն ժամանակ կոչվում էր Խամսե-ի-Արամանե և բաժանվում էր հինգ մելիքների միջև»։
Այնուհետև հեղինակն ուղղակիորեն հաղորդում է, որ այդ տիրույթները կառավարվում էին հայ մելիքների կողմից և ենթարկվում էին իրանական շահերին։
Նա թվարկում է բոլոր հինգ մելիքությունները՝ ներառյալ Խաչենը, և նշում, որ այնտեղ կառավարել են Հասան-Ջալալյանի սերունդները։
Դրանից հետո նկարագրում է Փանահ խանի պատերազմները մելիքների դեմ և նրանց հետագա ենթարկումը խանական իշխանությանը։
Աղբյուրը՝ «Qarabağnamələr», գիրք III, Բաքու, 2006, էջ 128–129:
6. ՄԻՐԶԱ ՌԱՀԻՄ ՖԱՆԱ (1841–1929) - ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ՊԱՏՄԱԲԱՆ
Շուշիի հայտնի «Մեջլիսի-ունս» գրական ընկերության կազմակերպիչներից մեկը։
«Թարիխի-ջեդիդի Ղարաբաղ» աշխատության մեջ նա առանձնացնում է հատուկ բաժին՝ «XƏMSƏ MƏLİKLƏRİ» («Հինգ մելիքները»)։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս բաժինը սկսվում է պարզաբանմամբ. խոսքը վերաբերելու է այն կառավարիչներին, որոնք գոյություն են ունեցել մինչև Փանահ խանի կառավարման սկիզբը։
Ֆանան հաղորդում է, որ հինգ մելիքները կառավարել են հայ բնակչությանը իրենց գավառների սահմաններում։
Նա թվարկում է Վարանդայի, Խաչենի և այլ տեղանքների ժառանգական կառավարիչներին։
Ընդ որում, նշում է, որ մելիքները ենթարկվել են իրանական, իսկ առանձին ժամանակահատվածներում՝ օսմանյան տիրակալներին։
Այլ կերպ ասած՝ հեղինակը նկարագրում է մինչև խանությունը գոյություն ունեցած՝ հայկական համայնքների ժառանգական կառավարման համակարգը։
Աղբյուրը՝ «Tarixi-cədidi-Qarabağ», «Qarabağnamələr» ժողովածու, գիրք III, Բաքու, 2006, էջ 11–12:
7. ՌԶԱԿՈՒԼԻ-ԲԵԿ ՄԻՐԶԱ ՋԱՄԱԼ ՕՂԼԻ - XIX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԲԱՆ
Միրզա Ջամալ Ջևանշիրի որդին։
«Փանահ խանի և Իբրահիմ խանի կառավարումը Ղարաբաղում և այդ ժամանակի իրադարձությունները» աշխատության հեղինակը։
Ղարաբաղի նահանգի ենթակայության մասին բաժնում նա ուղղակիորեն օգտագործում է հետևյալ արտահայտությունը.
«erməni Xəmsə mahalları»։
Թարգմանությունը՝ «Խամսեի հայկական գավառներ»։
Եվ թվարկում է Դիզակը, Վարանդան, Խաչենը, Թալիշը և Չիլաբերդը։
Այնուհետև հեղինակը հաղորդում է, որ այդ գավառներում գոյություն են ունեցել տեղական խաներ, մելիքներ և սուլթաններ, որոնք գտնվել են ավելի խոշոր տիրակալների գերագույն իշխանության ներքո։
Հատկապես կարևոր է ժամանակագրությունը. նկարագրված համակարգը գոյություն է ունեցել մինչև 1747 թվականին Նադիր շահի մահը։
Այսինքն՝ պատմաբանն ուղղակիորեն հաստատում է հայկական գավառների գոյությունը մինչև Ղարաբաղի խանության առաջացումը։
Աղբյուրը՝ «Qarabağnamələr», գիրք II, Բաքու, 2006, էջ 242–243:
8. ԱՀՄԵԴ-ԲԵԿ ՋԱՎԱՆՇԻՐ - «ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (1883)
Ջավանշիրների տոհմից սերող ևս մեկ պատմաբան։
Նկարագրելով Փանահ խանի վերելքի շրջանը՝ նա օգտագործում է հետևյալ ձևակերպումը.
«bir növ müstəqilləşən erməni xəmsə məliklərindən»։
Թարգմանությունը՝ «Որոշակի առումով ինքնուրույն դարձած Խամսեի հայ մելիքներից»։
Այստեղ կարևոր է յուրաքանչյուր բառը։
Հեղինակը ոչ միայն մելիքներին անվանում է հայկական, այլև խոսում է նրանց հարաբերական ինքնուրույնության մասին։
Այնուհետև նա պատմում է մելիքների միջև ծագած հակամարտության, Փանահ խանի հետ Շահնազարի դաշինքի և մյուս մելիքությունների նկատմամբ խանական իշխանության հետագա հաստատման մասին։
Աղբյուրը՝ «Qarabağnamələr», գիրք I, Բաքու, 2006, էջ 180–181:
9. ՀԱՍԱՆ ԻԽՖԱ ԱԼԻԶԱԴԵ (1893–1972) - ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԵՎ ՊԱՏՄԱԲԱՆ
«Շուշի քաղաքի պատմությունը» երկում Ալիզադեն նկարագրում է Փանահ խանի պայքարը Խաչենի մելիքի դեմ։
Նրա պատմելով՝ Խաչենի մելիքը հավաքել է շուրջ երկու հազար զինված հայերի, որոնք ամրացել են Բալլուղայայի մոտ և դիմադրություն ցույց տվել խանին։
Այնուհետև հեղինակը պատմում է Վարանդայի մելիք Շահնազարի մասին, որը դաշինքի մեջ է մտել Փանահ խանի հետ՝ մյուս հայ մելիքների հետ ունեցած հակամարտության պատճառով։
«Մյուս հայ մելիքներ» ձևակերպումն անմիջականորեն նրանց շարքին է դասում նաև հենց Շահնազարին։
Թեև Ալիզադեն ստեղծագործել է XX դարում և օգտագործել է ավելի վաղ շրջանի տարեգրություններ, նրա աշխատությունը ցույց է տալիս, թե ինչպես են հայկական մելիքությունների մասին տեղեկությունները վերարտադրվել ադրբեջանական պատմական գրականության մեջ։
Աղբյուրը՝ «Şuşa şəhərinin tarixi», «Qarabağnamələr» ժողովածու, գիրք III, Բաքու, 2006, էջ 81–82:
Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Մեր առջև ինը հեղինակներ են, որոնց աշխատությունները մտնում են ադրբեջանական պատմական և գրական ավանդույթի մեջ։
Նրանց երկերը թույլ են տալիս հաստատել հետևյալ իրողությունները.
1. Մինչև XVIII դարում Ղարաբաղի խանության կազմավորումը գոյություն են ունեցել հինգ մելիքություններ՝ Դիզակը, Վարանդան, Խաչենը, Ջրաբերդը և Թալիշը (Գյուլիստան)։
2. Մի քանի հեղինակներ անմիջականորեն այդ գավառներն ու դրանց կառավարիչներին անվանում են հայկական։
3. Մելիքությունների գլուխ կանգնած են եղել ժառանգական կառավարիչներ։ Մասնավորապես՝ Խաչենի իշխանական ավանդույթը կապվել է Հասան-Ջալալյանների հարստության հետ։
4. Մելիքներն ունեցել են սեփական տիրույթներ, ամրություններ և զինված ուժեր։
5. Մինչև Փանահ խանի իշխանության հաստատումը մելիքություններն օժտված են եղել ինքնուրույնության տարբեր աստիճաններով, թեև գտնվել են իրանական, իսկ առանձին ժամանակահատվածներում՝ այլ տիրակալների գերագույն իշխանության ներքո։
6. Այդ տիրույթների ենթարկումը Ղարաբաղի խանությանը տեղի է ունեցել աստիճանաբար՝ դաշինքների, հակամարտությունների և ռազմական բախումների միջոցով։
Եվ ամենակարևորը. խոսքը վերաբերում է ոչ թե հայկական պնդումներին, այլ պատմական երկերին, որոնց զգալի մասը հրատարակվել է Բաքվում, այդ թվում՝ Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի և ադրբեջանական հրատարակչությունների կողմից։
Դրանք հաստատում են Ղարաբաղում հայկական ժառանգական իշխանական տիրապետության գոյությունը դեռևս մինչև Ղարաբաղի խանության կազմավորումը։
Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ ժամանակակից հեղինակներ պնդում, թե մինչև Փանահ խանը Ղարաբաղում ոչ մի հայկական քաղաքական պետականություն գոյություն չի ունեցել, եթե ադրբեջանական պատմագրության մեջ ընդգրկված մի շարք պատմաբաններ ուղղակիորեն նկարագրում են հայկական մելիքությունները, դրանց կառավարիչներին և նրանց ինքնուրույնությունը։
Բոլոր սկզբնաղբյուրներն ու էջերը բերված են վերևում։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է բացել գրքերը և ստուգել գրվածը։

Սերգեյ ՇՈՒՇԻՆՍԿԻ
Դիտվել է՝ 100

Մեկնաբանություններ