Դարակեսի զավակի լաբիրինթոսը
25.11.2026 | 12:33
Չվերջացող նոյեմբերի հիշողությունը
Մա՞րդն է դարի մեջ, թե՞ դարը՝ մարդու: Երկուսն էլ բաց են միմյանց առջև: Մարդը գեղեցկացնում է իր դարը, բայց ոչ հազվադեպ՝ ավիրում: Դարը հարստացնում է մարդ արարածին, բայց կարող է նաև խորշակ հարուցել նրա կյանքում: Դարի վերելքների հետ բարձրացող մարդ, դարի սվիններից խոցվածը՝ նույնպես:
Ինձ պատմել են, որ մեծ մայրս՝ տատիկս՝ Մարիամը, երբեք չի ժպտացել տասնհինգ թվականից հետո: Մի օր հայրս տարել է նրան թատրոն, որտեղ «Արտիստը» ներկայացման մեջ ինքը գլխավոր դերն էր խաղում: Մտածել է՝ մայրը թող հպարտանա իր որդյակով: Մայրը լաց է եղել ֆինալում: Ասել է. «Ինչո՞ւ այսչափ տխրեցրիր»:
Տխրությունները մեզ սթափեցնո՞ւմ են, թե՞ կոտրում: Ուրախություններն ամոքո՞ւմ են, թե՞ դարձնում անզգա: Դարակեսի զավակների լաբիրինթոս:
Այդպես էլ չսիրեցի նոյեմբերը՝ ի տարբերություն ձյունափաթիլ դեկտեմբերի: Այդ ամիսը, երևի, կարող ենք անվանել ոչ մի եղանակային կանգառ: Իսկ հիմա նաև գիտենք, որ Երևանում նույնիսկ դեկտեմբերն է դարձել չվերջացող նոյեմբերի պես:
Հայաստանի խորհրդայնացումը քսան թվականի նոյեմբերի քսանիննին չէր: Դա եղել է դեկտեմբերի երկուսին, երբ Կարմիր բանակի պարտադրանքով Առաջին հանրապետությունն իշխանությունը հանձնեց ինչ-ինչ երաշխիքների դիմաց, որոնց վրա կարմիրները շատ արագ թքած ունեցան:
Մայրս այդ ժամանակ եղել է վեց տարեկան աղջնակ: Ասում էր՝ Կաթողիկեի մեր բակից քույրերիս հետ դուրս թռանք Աբովյան: Քանաքեռի կողմից զորք էր իջնում՝ հեծելազոր: Ասում էր՝ ցնցոտիների մեջ էին, ու բոլորը քորվում էին ոջիլների շատությունից: Մայրս դուրս պրծավ ու մեզ ներս քշեց. «Ոջլոտե՞լ եք ուզում»:
Այն մարդը չեմ, որ ասեմ, թե ԽՍՀՄ օրոք եղանք սև էջում, թեպետ բռնություններն անտանելի էին: Բայց նույնիսկ այդ պայմաններում Հայաստանը քայլ առ քայլ զարգացել է: Ինքս դա տեսա: Եվ սա՝ դարակեսի զավակի կյանք:
Եվս մի հատված «Դարակեսի զավակի խոստովանությունը» ապագա գրքի համար:
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Մեկնաբանություններ