Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սահմանադրության, ինչպես նաև հողի ու հայրենիքի նկատմամբ իրավունքը որևէ սերնդի կամ քաղաքական ուժի մենաշնորհն ու բացարձակ իրավունքը չէ

Սահմանադրության, ինչպես նաև հողի ու հայրենիքի նկատմամբ իրավունքը որևէ սերնդի կամ քաղաքական ուժի մենաշնորհն ու բացարձակ իրավունքը չէ
25.11.2026 | 12:41

Սահմանադրությունն էլ սովորական իրավական ակտ չէ, սիրելի՛ ժողովուրդ։ Ցանկացած բովանդակությամբ Սահմանադրություն գրելու կամ փոփոխելու իրավունքը որևէ սերնդի կամ քաղաքական ուժի քմահաճույքն ու բացարձակ իրավունքը չէ. դրանում պետք է արտահայտված լինեն նախկին, ներկա ու դեռ չծնված՝ ապագա սերունդների իրավունքներն ու նրանց նկատմամբ պատասխանատվությունը։ Չէ՞ որ Սահմանադրությունը միայն մեկ սերնդի համար չի գրվում։ Նախնիների իրավունքն իրենց արյան գնով մեզ թողած հայրենիքը պահպանելն ու նույնությամբ ապագա սերունդներին փոխանցելն է։
Սահմանադրության մեջ պետք է ամրագրված լինի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային ինքնության ու արժեհամակարգի, ազգային ավանդույթների ու նկարագրի, ազգի հավատքի ու արժանապատվության պահպանման և մեր արմատների, պատմության ու ցեղասպանության չուրացման պատասխանատվության անբեկանելի իրավունքը։ Հարաբերական և սահմանափակ է նաև հողի և հայրենիքի նկատմամբ իրավունքը, որովհետև դրանք մեզ պատկանում են ժամանակավորապես. դրանք նաև ապագա սերունդների հողն ու հայրենիքն են։ Դրա համար էլ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, վերահսկողություն է սահմանված հողօգտագործման նկատմամբ, իսկ օգտագործման կարգի խախտման դեպքում նախատեսվում են պատասխանատվության խիստ միջոցներ՝ ընդհուպ մինչև սեփականության իրավունքից զրկում։
Ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկում էլ տեղի չի ունենում, այլ ընդամենը իրականացվում է քննարկման ցուցադրում՝ իմիտացիա։ Այս կերպ կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե ազգային շահի հետ ոչ մի առնչություն չունեցող նախագիծը հանրային հետաքրքրություն է ներկայացնում։
Սահմանադրության շուրջ ծավալվող քննարկումներից ու ստեղծված աժիոտաժից, ինչպես նաև մեր սիրելի հայրենակիցներից շատերի զարմանքն ու տարակուսանքն արտահայտող պահվածքից անհասկանալի տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն իրենց համար անակնկալ էր, և թե Ալիևն ու Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի թիկունքում գաղտնի դավադրություն են նախապատրաստել ու հյուսել՝ իբր իրենք չգիտեին տեղի ունեցողի մասին։ Ոչինչ էլ անակնկալ ու անսպասելի չէր. այդ մասին ասվել է դեռ ընտրություններից առաջ ու տարբեր առիթներով։ Եվ խոսվել է ոչ միայն այդ մասին, այլ նաև անկլավ կոչվող տարածքների հանձնման ու շատ այլ՝ ոչ հայանպաստ հնարավոր որոշումների մասին։ Վերջին հաշվով, որքան ակտիվորեն ենք քննարկում, այնքան ավելի ենք լրջություն հաղորդում ներկայացված օրակարգին։ Մեզանից շատերն էլ Ալիևին են մեղադրում հայ ժողովրդին ահաբեկելու և շանտաժի ենթարկելու մեջ։ Սակայն Ալիևն անում է այն, ինչ պետք է աներ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կանգ կառնեն միայն այն ժամանակ, երբ այլևս Հայաստան չլինի։ Ուստի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ որևէ հուսալի խաղաղության մասին խոսք լինել չի կարող։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ