Կոչ մտահոգ հայրենակիցներին․ պահանջե՛նք պարզաբանումներ Մորգենշտերնի համերգների համար պետական մարզահամերգային համալիրի տրամադրման վերաբերյալ
25.11.2026 | 12:49
Հարգելի՛ հայրենակիցներ,
2026 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված են Մորգենշտերնի երկու համերգները։
Մարզահամերգային համալիրը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, իսկ պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Հետևաբար մենք՝ որպես քաղաքացիներ, իրավունք ունենք տեղեկանալու, թե ով, երբ, ում հետ և ինչ պայմաններով է որոշել պետական այս կարևոր մշակութային կառույցը տրամադրել նշված համերգների անցկացման համար։
Հաշվի առնելով Մորգենշտերնի ստեղծագործությունների բովանդակության վերաբերյալ մեր հրապարակած լուրջ բարոյական և հոգևոր առարկությունները՝ անհրաժեշտ ենք համարում պարզել նաև, թե արդյոք ուսումնասիրվել են համերգների ծրագրերը, տարիքային սահմանափակումները և պայմանագրի դադարեցման հնարավորությունները։
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄՏԱՀՈԳ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված իր իրավունքն իրացնելով՝ տեղեկություն ստանալու հարցում ուղարկել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին՝ պատճենը հասցեագրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
scc.armenia@gmail.com
ՊԱՏՃԵՆԸ՝
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
mta@mta.gov.am
ԱՅՍ ՀԱՐՑՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՊԱՐԶԵԼ՝
*Ո՞ր կազմակերպության հետ, ե՞րբ և ի՞նչ պայմաններով է կնքվել համերգների անցկացման պայմանագիրը, և ովքե՞ր են այն ստորագրել։
*Որքա՞ն է Մարզահամերգային համալիրի տրամադրման պայմանագրային արժեքը։
*Ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով է որոշել ու հաստատել համերգների անցկացումը։
*Արդյո՞ք կազմակերպիչը ներկայացրել է համերգների ծրագիրը, նախատեսվող երգերի ցանկը և տարիքային սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ։
*Արդյո՞ք համալիրում գործում են միջոցառումների բովանդակության գնահատման կամ դրանց անցկացումը մերժելու կանոններ։
*Ի՞նչ պայմաններով կարող է դադարեցվել պայմանագիրը, և ի՞նչ իրավական հնարավորություններ կան համերգների չեղարկման համար։
Հարցման պատրաստի տեքստի հղումը տեղադրված է Հ․Գ․-ում։
Ինչպե՞ս մասնակցել
Բացե՛ք Հ․Գ․-ում տեղադրված հարցման հղումը։
Ներբեռնե՛ք հարցման պատրաստի տեքստը և լրացրե՛ք օրենքով պահանջվող Ձեր տվյալները։
Տպե՛ք հարցումը, ստորագրե՛ք, ապա սկանավորե՛ք կամ լուսանկարե՛ք այնպես, որ ամբողջ տեքստն ու ստորագրությունը հստակ ընթեռնելի լինեն։
Ստորագրված հարցումն ուղարկե՛ք մեկ էլեկտրոնային նամակով՝ հիմնական հասցեատիրոջ (To) դաշտում նշելով scc.armenia@gmail.com, իսկ պատճենի (Cc) դաշտում՝ mta@mta.gov.am։
Նամակին կցե՛ք սկանավորված կամ լուսանկարված փաստաթուղթը։
Պահպանե՛ք ուղարկված նամակը և դրա ստացման կամ գրանցման հաստատումը։
Պաշտոնական պատասխան ստանալու դեպքում խնդրում ենք այն հրապարակել՝ նախապես հեռացնելով անձնական տվյալները և հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները։
Մեր նպատակն է օրինական ճանապարհով պարզել, թե ինչպես է կայացվել պետական Մարզահամերգային համալիրի տրամադրման որոշումը, ովքեր են դրա համար պատասխանատու, ինչ ընթացակարգեր են կիրառվել, և ինչ իրավական ու պայմանագրային հնարավորություններ կան Մորգենշտերնի երկու համերգների չեղարկմանը հասնելու համար։
Մեր նախաձեռնությունը խաղաղ է և օրինական։
Խնդրում ենք զերծ մնալ անձնական վիրավորանքներից, սպառնալիքներից և հայհոյանքներից։
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է։
Միացե՛ք նախաձեռնությանը, ուղարկե՛ք հարցումը և տարածե՛ք այս կոչը։
Հանուն մեր երեխաների, մեր ժողովրդի քրիստոնեական ու ազգային արժեքների և հանրային պատասխանատվության։
Սրբազան Հայաստան
Մեկնաբանություններ