Լավ ա, որ մրգերը բժշկի չեն գնում։ Դուք պատկերացնում ե՞ք, ծիրանին ասելու էին՝ շաքարդ բարձր ա, ու դեղեր էին նշանակելու։ Դեղձին էլ, խաղողին էլ։ Իսկ մենք անհամ մրգեր էինք ուտելու։ Բա որ ձմերուկի ճնշումը չափեին, դեղերով էնքան կիջացնեին, որ խեղճը ծակ փուչիկի նման կճլորեր։ Էլ ուտե՞լ կլիներ։ Բանանի մոտ հաստատ ողնաշարի խնդիր էին գտնելու, որ գազարի նման ուղիղ չի, լիմոնին դեղնախտ էին ախտորոշելու, իսկ խեղճ բազուկին՝ ալերգիա, որ բազուկի նման կարմրած ա։ Ու քարաուզը դառնալու էր առողջության էտալոն մրգերի ու բանջարեղենի համար։
Ես միրգ չեմ, ոչ էլ բանջարեղեն եմ, բայց ինձ էլ ա բժշկի գնալը հակացուցված։ Ստուգեցին, ստուգեցին ու պարզեցին, որ ես բոլոր առումներով համարյա նորմալ մարդ եմ, բացի մեկից՝ իմ մեջ մի քանի միջին վիճակագրական քաղաքացու քաղցրություն կա։ Իբր նորություն են ասում, ես վաղուց գիտեի։ Ես երբեք անհամ ու դառը մարդ չեմ եղել, իմ բոլոր ընկերներն էլ գիտեն։ Տարօրինակն էն ա, որ բժիշկները դա նորմալ չեն համարում։ Բժիշկը համարում ա, որ քաղցրությունը հիվանդություն ա, ու չի էլ հասկանում, որ դրանով ոչ թե ուրիշին ա ախտորոշում, այլ ինքն իրան՝ որպես մարդկության երդվյալ թշնամի։
Դեռ վերջնական դատավճիռ չեն կայացրել, հիմա էլ պիտի ստուգեն, թե վերջին երեք ամսում ես ինչքան քաղցր եմ եղել։ Իսկ ես գիտեմ առանց ստուգելու, իմ հետ շփվելիս ոչ ոք բերանում դառնահամ չի զգացել՝ ո՛չ վերջին երեք ամսում, ո՛չ երեք տարում, ո՛չ էլ երեսուն տարում։
Վերջում կարող ա ասեն, որ միկադոն պիտի գրամով ուտեմ։ Չէ, դուք պատկերացնում ե՞ք, Նոր տարվա շեմին։ Ես՝ ոչինչ, կդիմանամ, բայց իրանք ոնց են ապրելու դրանից հետո, խելքս բան չի կտրում։ Մարդ է՞լ էդքան չուզող լինի։
Հենրիկ Պիպոյան