Հզորների ուժային փոխազդեցության դաշտում մեր իրական վիճակը հասկանալու համար պետք է հասկանալ ու հաշվի նստել ոչ միայն հակամարտ կողմերի կոնկրետ գործողությունների հետ մեր տարածաշրջանում, այլ, առաջին հերթին, պետք է հասկանալ այդ գործողությունների հիմքում ընկած մոտիվային համակարգերը, այն է՝ հասկանալ նրանց գործողությունների հիմքում ընկած կենսափիլիսոփայությունը և դրանց ուղեկցող գաղափարախոսությունները իրենց դինամիկայի մեջ։
Ասվածի իմաստը կայանում է նրանում, որ հակամարտ կողմերի միջև գոյության ու հարատևման պայքարում նրանց ուժի, հզորության ու հոգեբանության վրա հիմնված կենսափիլիսոփայությունները կանգնած են առաջին պլանում և ամենակարևորն են և, որոնք էլ, փոփոխվող պայմաններում ծնում են դանդաղ փոփոխվող և հնարավորինս լավ ապրելու գաղափարախոսություններ։
Կենսափիլիսոփայություններն ու գաղափարախոսություններն էլ հստակ ու հետևողական ու անսխալ մոտեցումների միջոցով կարող են թույլ տալ հասկանալ անցյալում կատարած գործողությունները, ճիշտ կողմնորոշվել ներկայի հետ կապված որոշումները կայացնելիս ու դրանք իրագործելիս, ինչպես նաև ապագայի համար կանխատեսել ռացիոնալ ու սպասվող իրավիճակներին ադեքվատ որոշումներ ու գործողություններ։
Ուրիշ խոսքով, կենսափիլիսոփայություններով ու գաղափարախոսություններով որոշվում է հակամարտ կողմերի ապրելու ստրատեգիան, իսկ ներկայում նրանց կողմից արվող գործողությունները ունեն տակտիկական բնույթ և բավարար չեն այդ գործողությունների կոնցեպտուալ հիմքը իր ամբողջության մեջ հասկանալու համար։
Եթե հարցը նեղացնենք, բերելով այն մեր տարածաշրջան, ապա մեր պրոբլեմները պետք է հասկանալ որպես ռուսական եվրասիականության կոնցեպտի, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative կամ One Belt One Road, Один пояс, один путь) ինֆրաստրուկտուրային գլոբալ նախագծի, ԱՄՆ-ի «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա» տնտեսական միջանցքի, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի շահերի բախումների արդյունք։
Մեզ համար շատ կարևոր է նաև հնարավորինս հասկանալ, թե Թուրքիայի թուրանական, օսմանյան և մուսուլմանական կոնցեպտների վրա հիմնված աջափսանդալային գաղափարախոսությունը ինչքանո՞վ է տեղավորվում ու համատեղելի՞ է արդյոք ավելի հզորների ապրելու կոնցեպտների հետ։
Կարևոր է նաև հասկանալ, արդյո՞ք եվրասիականությունը միակ կոնցեպտն է, որով ղեկավարվում է Ռուսաստանը, թե իրավիճակը փոխվելու ու Արևմուտքի հետ տնտեսական կապերը վերականգնելու հետ միասին այդ կոնցեպտի մեջ շեշտադրումները կարող են փոխվել ի վնաս Արևելքի, այն էլ Եվրոպայի թուլանալու և ԱՄՆ-Չինաստան հակամարտության սրվելու ֆոնին։
Հարցերը շատ են, մասնավորապես, վերը ասվածների իմաստով մեզ համար ի՞նչ իրավիճակ կստեղծվի, եթե մեզ հարևան քրդական պետություն ստեղծվի ԱՄՆ-ի և Իսրայելի հովանու տակ։
Ապագայի սցենարներն այնքան շատ են և մի փոքր փոփոխության դեպքում մեկից մյուսը հեշտությամբ թռչող ու զգայուն, որ ներկայում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն անգամ կարող են վճռական լինել մեր հետագայի համար։
Պավել Բարսեղյան