Մեր նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց մեծամասնության հետ հոգեբանական ռեզոնանսի մեջ մտնելն ու նրանց համար պարզունակ, հաճելի ու, երբեմն էլ, ոչ ցենզուրային բառեր օգտագործելով միավորներ հավաքելը, այլ մարդկանց իրատեսություն և մտածել սովորեցնելը:
Բնական է, որ պարզ մարդու համար ավելի ընկալելի է պարզունակը, ոչ թե պարզեցված բարդը, բայց պարզունակը, այն էլ համեմված «տղամարդկային ուժ» իմիտացիա անող և տարրական քաղաքակրթական նորմերը խախտող բառերով, նրա համար ընկալելի և ընդունելի լինելով հանդերձ, ավելի են ապակողմնորոշում ու մղում նրան դեպի անճարակության խորքերը:
Մենք պատասխանատու ձևով պետք է հասկանանք, որ դրական արդյունքի կարելի է հասնել միայն մարդկանց բարձրացնելով, ոչ թե մեր խոսքով նպաստելով նրանց հետագա անկմանը:
Բանը հասել է այնտեղ, որ անթույլատրելի լեքսիկոնը թափանցել է ամենավերին սֆերաներ, լինի դա պետական կառավարման, թե մտքի կառավարման, ավելի շուտ, դրանց իմիտացիայի ոլորտները:
Մի պահ մտածենք, թե խորապես լուրջ մարդիկ ինչ կմտածեն, եթե հանկարծ Թրամփի, Պուտինի կամ Սիի բերանից ոչ այն բառերը լսեն:
Պետք է նաև հասկանալ, որ այս ուղղությամբ խորացումը և անթույլատրելիի սովորական դառնալը տանում է մարդկանց ու հասարակության լրիվ բարոյազրկման:
Պավել Բարսեղյան