Գոյության պայքարը, որն ապրելու վաղուց մշակված տեխնոլոգիա է, ենթադրում է, որ մարդիկ պետք է մանկուց դաստիարակվեն պայքարող մարտիկ լինելու համար. մեկը՝ ֆիզիկական պայքարի ոլորտում, մյուսը՝ քաղաքական պայքարի ոլորտում, երրորդը՝ գիտության ոլորտում, չորրորդը՝ մշակույթի ոլորտում և այլն։
Ըստ որում, մարդիկ պետք է դաստիարակվեն պայքարի ոգով, ոչ թե վրեժ լուծելու ոգով, քանի որ վրեժ լուծում են թույլերը կամ արդեն պարտվելով ստորացածները։
Մի խոսքով, բանը վրեժ լուծելուն չպետք է հասցնել, այսինքն, ուժեղ լինելու մասին նախօրոք պետք է մտածել։
Քանի որ արևի տակ տեղ գրավելը միայն ուժային պայքարով է լինում, ապա թույլը ինչքան էլ ուզենա, այդ միջոցով, այսինքն, ուժային մեթոդներով իր անվտանգությունն ապահովել չի կարող, մանավանդ, վայրագ միջավայրում։
Դա նշանակում է, որ թույլի անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ուժեղ ընկեր ունենալով, բայց արժանապատիվ ձևով, ոչ թե ստորանալով։
Դա նաև նշանակում է, որ մեխի գլխին բռունցքով հարվածելով կամ էլ գլխով բետոնե պատին խփելով հարցերը չեն լուծվում։
Մի բուռ քաջերը կարող են միայն լոկալ խնդիրներ լուծել, իսկ ժողովրդի անվտանգությունը, այն էլ թույլ ժողովրդի, միայն խելք բանեցնելով է հնարավոր։
Եթե մեր հին շրջանի տարբեր ձևերով ծաղկացրած պատմությունը մի կողմ թողնենք և բավարարվենք վերջին 300 տարվա պատմությամբ, ապա պարզ վիճակագրությունը ցույց կտա, որ մենք մարդկային կյանքով սկսել ենք ապրել, երբ ուժեղ ընկեր ենք ունեցել։
Թույլին հատուկ սուբյեկտիվությամբ մենք չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել այս հանգամանքը, պատճառ բերելով այն մանկամիտ պնդումը, որ ռուսը դա իր շահի համար է արել, ոչ թե մեզ համակրելով։
Դրանով իսկ մենք մեզ մատնում ենք, որ գոյության պայքարի տարրական կանոններն անգամ չգիտենք, քանի որ աշխարհում ուժն ու այն էֆեկտիվորեն կառավարող համակարգն է ամեն ինչ որոշում, և ամեն մեկն էլ առաջնորդվում է իր շահով։
Փաստն այն է, որ ուժ չունենք, իսկ կառավարումն էլ աստված տվել, չի խնայել: Այդ պայմաններում, երբ մեր գաղափարական մակարդակը միայն երբեմն-երբեմն է փորձում գավառական ու կենցաղային մակարդակից բարձրանալ, մենք մեր պոչատ էշով փորձում ենք նույնիսկ տղամարդկանց խաղին խառնվել։
Պետք է գոնե այնքան խելք ունենանք, որ տեսնենք մի ակնառու փաստ, այն է՝ թույլերը եթե երբեմն էլ մեջտեղ են ընկնում, ապա՝ միայն խելքով։
Նայեք Օրբանի օրինակին, որի 10-միլիոնանոց երկիրը, ուժային իմաստով համեմատած ուրիշների հետ, պարզապես խաղալիք է, բայց տեսեք նրա ազդեցիկության անհամաչափ մեծությունը, քանի որ խելքով ու արդարացված ռիսկով է աշխատում՝ հզորների հակասությունների վրա խաղալով։
Ցավն այն է, որ խելք բանեցնելու համար էլ այն ունենալ է պետք։
Պավել Բարսեղյան