Ամեն մի երկիր ունի դինամիկայի մեջ գտնվող կոնկրետ և պոտենցիալ հնարավորություններ, որոնք կառավարվում են իր իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականություններով։
Այդ հնարավորությունները գեներացնում են երկրի բազմաասպեկտ հզորությունը, որը հիմնվում է ռեսուրսների ու մարդկանց մենթալիտետի վրա։
Երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունների նպատակը այդ հնարավորությունների հնարավորինս էֆեկտիվ օգտագործումն է իր հզորությունը առավելագույնին հասցնելու համար։
Այս իմաստով երկրի կառավարման ամեն մի քաղաքական համակարգ , իր տնտեսական ու այլ քաղաքականություններով և տարատեսակ ռեսուրսներով, ներառյալ ժողովրդի հոգեբարոյական և մենթալիտետային հատկությունները, բնութագրվում է իր օգտակար գործողության գործակցով, որը պարզագույն դեպքում ցույց է տալիս, թե երկրի իրական հզորությունն իր հնարավոր առավելագույն արժեքի որ տոկոսն է կազմում։
Ակնհայտ է, որ հնարավոր առավելագույն հզորության ու դրա իրական արժեքի տարբերությունը երկրի կորցրած հնարավորություններն են, որի մեծությունը ընդհանուր առմամբ կախված է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունների ոլորտներում կատարվող սխալներից։
Այդ սխալներից ամենից լուրջը ներքին ու արտաքին քաղաքականությունների նպատակի շեղումն է իր հիմնական ուղղությունից, որը երկրի հզորացումն է՝ փոխարինելով այն իշխանության կյանքի հնարավորինս երկարաձգման նպատակով։
Պատմության մեջ եղել են և կան հազվադեպ երջանիկ դեպքեր, երբ այդ երկու նպատակները, այսինքն երկրի հզորացումն ու իշխանության կյանքի երկարաձգումը համընկնում են կամ առնվազն իրար շատ չեն հակասում։
Բայց նման դեպքերի մեծամասնության փորձը խոսում է այն մասին, որ ոչ էֆեկտիվ, այսինքն ցածր օգտակար գործողության գործակից ունեցող իշխանությունների կյանքի երկարաձգումը կարող է խիստ բացասական արդյունքներ ունենալ երկրի համար, իսկ հատուկ դժբախտ դեպքերում՝ ընդհուպ մինչև կատաստրոֆիկը։
Պետք է նաև հաշվի առնել, որ երկրի կառավարման հետ կապված սխալները կարող են լինել հարաբերական ու բացարձակ։
Առաջին դեպքում, այսինքն հարաբերական սխալի դեպքում դա, ասենք, հնարավոր զարգացման ճանապարհներից ոչ ամենալավի ընտրությունը կարող է լինել, որը նորմալ է, քանի որ բոլորն էլ կարող են սխալվել և նման սխալի հետ կապված կորուստը նորմայի սահմաններում է, իսկ օգտակար գործողության գործակիցն էլ կարող է ինչ-որ ընդունելի չափով նվազել։
Բայց բացարձակ սխալի դեպքում ոչ թե երկրի պոտենցիալ օգուտն է ինչ որ չափով նվազում, այլ դրա արդյունքը միայն կորուստ է բերում, իսկ ձախողակ իշխանությունների սխալների շարանը դեպի կործանում տանող ճանապարհ է։
Պավել Բարսեղյան