1988-ից սկսած մինչև հիմա կարևոր իրադարձություններով լի մեր կյանքի 36 տարին քիչ ժամանակ չի ֆունդամենտալ բնույթի եզրակացությունների համար, մի ժամանակաշրջան, որը եղել է դեմոկրատիայի տխուր իմիտացիա ավտորիտար մեթոդներով։
Այդ ընթացքում մենք բազմիցս բախվել ենք մեզ համար նոր ու բարդ շատ իրավիճակների ու խնդիրների հետ, որոնց լուծումները գտնելուց մենք շատ հեռու ենք եղել։
Բանը շատ հաճախ էլ հասել է նրան, որ մենք նույնիսկ խնդիրների մի կարևոր մասի դրվածքն անգամ չենք հասկացել, ուր մնաց թե նրանց լուծման մասին մտածեինք։
Այդ պրոբլեմների շարքում կա մեկը, որն իր նշանակությամբ առանձնանում է բոլորից, և որի կրիտիկական կարևորությունը մեր կյանքում ժամանակի հետ նաև աճում է։
Իր ամենապարզ դրվածքով այդ պրոբլեմը կարելի է ներկայացնել հետևյալ հակիրճ տեսքով՝ Արևմուտքի ու մնացած աշխարհի միջև գլոբալ հակասությունների ու ԽՍՀՄ-ի փլուզման ֆոնի վրա կարո՞ղ էր արդյոք անկախության տարիներին մեր անցած ճանապարհը լինել այլ՝ ավելի լավը կամ ավելի վատը, թե՞ մեր անցած ճանապարհը միակն ու կանխորոշելին էր՝ անկախ կոնկրետ դերակատարներից ու դերակատարումներից։
Գոյաբանական տեսանկյունից այս հարցն ունի հիմնարար բնույթ, քանի որ դրա պատասխանը կարող է մեզ օգնել նաև մեր հնարավոր ապագայի կանխատեսումների հարցում։
Ավելի ճշգրիտ ու քանակական իմաստով դիտարկելով այս պրոբլեմը որպես դինամիկայի խնդիր, կարող ենք հարցը ձևակերպել հետևյալ տեսքով՝ կարո՞ղ էր արդյոք մեր անցած ճանապարհը ուրիշը լինել մեր ունեցած նախնական պայմանների ու տվյալների դեպքում, և ինչքանո՞վ էր նախնական իրավիճակը մոտ դետերմինիստականին՝ իր միարժեք կանխատեսելիության իմաստով։
Այս հարցը կարող է ունենալ երկու պատասխան՝ «այո» կամ «ոչ», որոնցից ամեն մեկն ունի շատ կարևոր իմաստային ենթատեքստ։
Եթե պատասխանը «ոչ» է, ապա դա նշանակում է, որ եղած արտաքին ու ներքին պայմանների ու մեր հոգեբարոյական պատկերի ֆոնի վրա պարզապես այլ լուծում հնարավոր չէր, և սա գուշակում է մեզ համար տխուր ապագա, որը կլինի տխուր ներկայի համարյա միարժեք տխուր շարունակությունը։
Իսկ եթե հարցի պատասխանը «այո» է, ապա այն նշանակում է, որ մեր պատմության վերջին շրջանում ունեցել ենք մի շարք շրջադարձային կետեր, երբ մեր ադեքվատ լուծումներվ և մեր հնարավորությունների սահմաններում կարող էինք ինչ-որ չափով կառավարել մեր անմիտ ընթացքը։
Օրինակ, նման հնարավոր շրջադարձային կետերի շարքում կարելի է նշել՝
1․ 90-ականների սկզբում տոտալ պրիվատիզացիա չանելը՝ մանավանդ գյուղատնտեսության ոլորտում,
2․ 1996-ի նախագահական ընտրություններում ուժի ու կեղծիքի չդիմելը,
3․ խորհրդարանում կոտորած չկազմակերպելը,
4․ Արցախի հարցում հաղթած լինելով՝ ավելի ռացիոնալ քաղաքականություն վարելը՝ խելքամոտ կոմպրոմիսների գնալով և այլն։
Այս շրջադարձային կետերի շարքը կարելի է շարունակել, բայց այստեղ կարևորն այն է, որ նման հնարավոր շրջադարձային կետի պայմաններում գտնվում ենք նաև ներկայում, որի ռացիոնալ լուծումը, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա, էապես կարող է ազդել մեր ապագայի վրա։
Մյուս կողմից էլ, մեր ընթացքի նույն հնարավոր շրջադարձային կետերը կարող են մեկնաբանվել որպես մեր արած մեծ ու փոքր ճակատագրական սխալների կետեր, որոնցից գոնե հիմա փորձենք խուսափել։
Պավել Բարսեղյան