Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Թթվազգիների ընտանիքի կանաչ պոմիդորը

Թթվազգիների ընտանիքի կանաչ պոմիդորը
12.11.2024 | 09:18

Կա թթու դնելու ժամանակ, ու կա թթու ուտելու ժամանակ։ Հիմա թթու դնելու ժամանակն ա, որին հաջորդելու ա երկար ու տանջալի սպասումը՝ մինչև թթու ուտելու ժամանակը գա։

Ժողովուրդն ասում ա՝ ինչ թթու դնես, էն էլ կուտես։ Ճիշտ ա, բայց եթե աղը լավ չբռնեցիր, կլխկի, ու ժողովուրդը սխալ դուրս կգա՝ թթուն կդնես, բայց չես ուտի։ Դրա համար էլ՝ թթու դնելը հեշտ բան չի՝ մեծ պրոֆեսիոնալիզմ, բերանի համ, քթի ծակ ու կյանքի փորձ ա պահանջում։

Իննսունականների վերջերին Փարիզում մի ռուսական խանութ կար՝ Լոտա փողոցի վրա էր, Պորտ Դոֆինի մոտերքը։ Առաջ էդ տեղում սովետական հյուպատոսարանն էր եղել, հետո տեղափոխվել էին, բայց տարածքը մնացել էր՝ փոքր խանութով։ Սովորաբար՝ ոչ մարդաշատ փողոցից բացում էիր մեծ փայտե դարպասը, մտնում բակ ու հայտնվում յոթանասնականների մոսկովյան բակում։ Մի իսկական նոստալգիկ օազիս էր Փարիզի կենտրոնում, որի գոյության մասին շատ քչերը գիտեին։

Բակում փոքր, մի սենյականոց խանութն էր, որ կարծես էն վաղ բրեժնևյան տարիների սովետական խանութներից լիներ։ Մաքրությամբ չէր փայլում, ամեն ինչ իրար գլխի լցված էր, վաճառողուհին էլ՝ կասկածելի մաքրության սպիտակ խալաթով, կարծես էն ժամանակներից էր եկել՝ սառցախցում սառացրել էին, հետո Փարիզ էին բերել, խանութում տաքացել, հետ էր եկել ու սկսել էր աշխատել։ Չէ՛, ոչ մեկին չէր կոպտում, անգամ ժպտում էր ու անում էն բաները, որ Փարիզի ոչ մի խանութում պարզապես չէին հասկանա։ Կարող ա անգամ թերակշռում էր՝ չգիտեմ, ես ամաչում էի կշեռքին նայել։ Խանութի հաճախորդներն էլ՝ ասես ջոկովի, յոթանասնականների ժողովուրդն էին՝ իրար հետ խոսում էին բացառապես անցած-գնացած բաներից, մայիսի ինը ու նոյեմբերի յոթ էին տոնում, անգամ ռուսերենը էն տարիների ռուսերենն էր։

Էդ խանութում կգտնեիր էն բաները, որ ոչ Փարիզի խանութներում կային, ոչ էլ կապիտալիստականացած նախկին Խորհրդային Միության չտես-զարգացած խանութներում՝ իրար գլխի շարված խտացրած կաթեր, կիլկի, կիսել, քաշով բրինձ, երշիկ, աղ դրած ձուկ ու... տակառի թթու։ Չգիտեմ՝ ով էր դնում էդ թթուն, բայց մի իսկական հեքիաթ էր՝ ուտում-ուտում էիր՝ չէիր կշտանում։

Ամենադժվար թթուն կանաչ պոմիդորի թթուն ա։ Շատ հազվադեպ ա հաջող լինում՝ պետք ա ոսկերչական ճշգրտությամբ աղը բռնես ու էնքան թողնես, որ հա՛մ պոմիդորը չլխկի, հա՛մ էլ լավ թթվի, ու ոչ մի տհաճ համ չընկնի մեջը։ Մի քիչ աջ կամ ձախ՝ բան չի ստացվում։ Էդ խանութի պոմիդորի թթուն իմ կերած ամենահամով թթուն ա՝ մինչև հիմա համը բերանումս ա։

Ախր, թթուն աղի բանջարեղենը չի։ Թթուն նոր համ ա՝ տարբեր համերի մի իսկական սիմբիոզ, որը բնության մեջ գոյություն չունի։ Ու թթու դրած ամեն մի բանջարեղեն իր ուրույն՝ անկրկնելի համն ունի, որը ոչ մի տեղ չես գտնի։ Ճիշտ կլինի թթուներն առանձին բուսաբանական խումբ համարել, ասենք՝ թթվազգիների ընտանիքի փշամաշկ վարունգ։

Մի ուրիշ դիցաբանություն ա թթվի ջուրը։ Ինչպես մարդու համար արյունը, նենց էլ թթվի համար՝ հյութը՝ բոլոր բանջարեղեններին հասցնում ա աղիությունը ու նրանցից վերցնում իրանց համերը։ Մեռոն ասելով ես միշտ թթվի հյութ եմ պատկերացրել։

Մարդիկ ինչից ասես թթու են դնում՝ էլ ձմերուկ, էլ բադրջան։ Ա՛յ, ծիրանի թթու չեմ կերել, ոչ էլ դեղձի, բայց դրանք ուրիշ պատմություն են, ոչ մի կերպ չեն տեղավորվում թթվազգիների ընտանիքի մեջ։

Ես ամեն թթու էլ սիրում եմ՝ է՛լ վարունգ, է՛լ գազար, է՛լ սխտոր ու քարաուզ, է՛լ կաղամբ ու բազուկ։ Բայց իմ համար միշտ թթուների թագուհին եղել ա ու կլինի փոքր, կանաչ, պինդ պոմիդորի լավ թթված, խրթխրթան թթուն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6819

Մեկնաբանություններ