Տիեզերքում չկա ավելի խորը, ավելի խորհրդավոր բան, քան մոր հայացքը։ Մոր հայացքը միանգամից չի առաջանում, այլ նռան նման կամաց-կամաց հասունանում ա, կարմրում, լցվում տարբեր իմաստներով, իմաստությամբ, խորհրդով։ Էդ հայացքը սկիզբ ա առնում դեռ էն ժամանակ, երբ մատղաշ ցողունի նման ճկուն աղջկա մեջ ծնունդ ա առնում նոր կյանքի սաղմը։ Ու հանկարծ նրա անհոգ, ջինջ աչքերում խորհրդավոր փայլեր են սկսում առկայծել։ Դրանք ապագա կյանքի ցոլքերն են։ Ինչ-որ ժամանակ դրանք տագնապախառն են, անսովոր, հետո հրեշտակը փսփսում ա ականջին, ու գալիս ա հանգստությունը։ Հղիություն։
Հղի կնոջ հայացքում հազիվ նշմարելի մի հանդարտ ժպիտ ա հայտնվում՝ լուռ, տիեզերական անվրդով համոզվածություն, թե ինչքան անկարևոր ա աշխարհում ամեն ինչ՝ համեմատած էն բովանդակության հետ, որը նա կրում ա իր սրտի տակ։ Ապագայի մի լուսավոր կետի հառած նրա կիսակկոցած աչքերում գաղտնիք կա՝ թաքուն զրույց իր մեջ հասունացող մարդուկի հետ, որը ոչ ոք երբեք չի լսելու բացի իրանցից։ Հղի կինը եկեղեցու նման ա. նրա մեջ աղոթք ա հնչում, խունկ ա վառվում, հոգի ա ծնվում, նրա աչքերում պատարագ ա հնչում։
Իսկ հետո նա փերի ա դառնում, որ հենց նոր հրաշք ա գործել։ Հղիությունը դառնում ա մայրություն, ու հայացքը դառնում ա օրորոցային։ Էդ ժամանակ քնի կարոտ նրա աչքերի մեջ մայրական քաղցր հոգս ա հայտնվում։ Մայրացած հայացք, մոր հայացք, մահվանը տապալող, կյանքով մահվան վարձքը ջնջող հայացք։ Մոր հայացքն աշխարհում միակ բանն ա, որի առաջ մահն ընկրկում ա, իրան պարտված ա ճանաչում։ Հայացքի խորքերից դուրս ա լողում գորովը՝ դեռ խակ, անփորձ գորովը, որն սկսում ա գինու նման թնդանալ, թնդանալ ու դառնում ա մայրական անընդգրկելի, անսահման սեր։ Էդ ժամանակ նրա հայացքում նաև ռազմատենչ ամազոնուհու ցոլքեր են հայտնվում, որոնք պատրաստ են պատառոտել ցանկացածին, ով կհամարձակվի դիպչել իր ծնունդ տված կյանքին։ Մոր հայացքն անառիկ ամրոց ա դառնում, որի մեջ ապահով մեծանում ա դեռ թույլ, անպաշտպան կյանքը, իր զավակի օրագիրն ա դառնում, որի մեջ արտացոլվում են մանկան լացը, ծիծաղը, թոթովանքը, առաջին քայլերը․․․ Ամեն ինչ կարելի ա կարդալ էդ հայացքի մեջ։
Տարիներն անցնում են, ու մոր հայացքը գնալով լցվում ա մեծացող, հասունացող, ուժեղացող, կյանք մտնող իր զավակի կյանքի ամեն մի վայրկյանով, նրա լացով ու ծիծաղով, տագնապներով, հաջողություններով ու ձախողումներով, հետո՝ թոռներով, նրանց թոթովանքով, նրանց լաց ու ծիծաղով․․․ Մոր հայացքը երբեք չի սպառվում՝ անընդհատ լցվում ա ու հարստանում, խորանում, դառնում ա մայրական սիրո հանրագիտարան, մինչև մի օր աչքերը փակվում են։
Ու էդ ժամանակ տիեզերքի հեռավոր անկյուններից մեկում մի աստղ ա ծնվում՝ աննկարագրելի գեղեցկության մի աստղ, որը միլիոնավոր տարիներ պիտի շողշողա ու տիեզերք նետի իր մեջ կուտակված սերը, գորովը, ջերմությունը․․․
Հենրիկ Պիպոյան