Ես տեսել եմ գրողական Ոսկեդարը, երբ գիրը արժեք էր։ Մեկ բաժակ սուրճի շուրջ տաք, արվեստանպաստ վեճեր էին։ Բոհեմը իր մեջ էր համախմբել բառեղեն «խենթուկներին»։ Գինովությունը անկեղծության ճամփա էր բացում։ Կամ ընդունվում էր հեղինակը, կամ ՝ ոչ։ Գրքի նկատմամբ հարգանք կար։ Անհատականության խոսքը հասնում էր իր երկրի իշխանավորին։ Մտավորականը միջնորդ էր պետության և ժողովրդի միջև։
«Պապլավոկ» սրճարանը արվեստի բացօթյա համալսարան էր, որտեղ կարելի էր հանդիպել ժամանակի նշանավոր դեմքերին։ Յուրաքանչյուրը իր ձիու վրա էր։ Օրապահիկը ստեղծագործական թարմ հացն էր։ Գիտեինք՝ ով ինչ պաշար է դնում գրականության ու արվեստի սեղանին։ Օդում Չարենցի միֆն էր՝ վարակիչ, անակնկալներով լի, բայց սթափեցնող։
Չկարդալը բացառվում էր։ Գիրքը որոնելի էր, դաստիարակության և հոգեկրթման խթանիչ էր մնում։
Սրճարանային հասարակ աթոռները թանկ էին բոլոր տեսակի ճոխություններից։ Գրպանի խնդիր չկար, հաշիվը փակվում էր սեղանի վրա դրվող ամենափոքր կոպեկների գոյացումից։ Գրողը հասարակության մեջ կարևորագույն դերակատար էր։ Կային մեր ստեղծագործությունները հսկող օղակներ, որոնք երբեմն արգելում էին, որ ծնվի գիրք-երեխան։ Երկունքը լինում էր հոգածության սահմաններում։
Անլիարժեքության բարդույթը ծնում էր ավելիին հասնելու ձգտումը։
Մաղում մնում էին միայն անհատականությունները։
Հիմա շրջվեց աշխարհը։
Ասել եմ՝ նույն սեղանն է, բայց այս անգամ՝ մեջքի վրա պառկած, ոտքերը դեպի վեր, որի վրա արդեն արժեքներ չես կարող դնել։
Երիտասարդ ստեղծագործողների հետ եմ աշխատում։ Նրանք լուրջ են, ինքնաբավ, պահանջատեր, երբեմն՝ իրար չճանաչող, բոհեմից հեռու, անգամ՝ այդ ոտնահետքերը ջնջող։ Իրար են նայում ապակեպատերի միջով։ Չկա այլևս գրքի սով։ Չնչին կոպեկներով վաճառվում են դասական գրականության արժեքները, որոնց գնորդները սակավաթիվ են։ Նոր սերունդը հեռացել է արվեստի ակունքներից։
Այսօր յուրաքանչյուր հեղինակ ինքնագովեստի պտույտների մեջ է։ Կա տպագրված գրքերի առատություն, բայց բացակա է գնահատականի ուղղորդող սլաքը։ Քիչ է ներկայացնելին։
Ստեղծագործողը հաճախ նման է այն հացթուխին, ով չի ուզում, որ իր թոնիրը սառչի, անկախ նրանից, արտադրանքի խորքում խմոր կա, թե՝ ոչ, թխում է իր հացը։
Գրականության այս հեղաշրջումը իր հետ բերում է անցյալի հերքում և նորի փնտրտուք, որը դեռ հստակվելու ճամփա ունի։ Չնայած, հիմա փոխվել են անգամ սրճարանների դիմագծերը, ճոխ բազկաթոռներ են հայտնվել ամենուր, սպասք, գրողը լուրջ է, գիտի իր թղթապանակի արժեքը, տպագրական ներկի հոտը ցանկացած պահի կարող է զգալ, եթե չունի գրպանի խնդիր, բայց վերահսկողության կորստից կորցնում է արժևորման բանալին, և այդ դուռը եկվորի առաջ մնում է փակ։
Մեծ ուրախություն եմ ապրում, երբ հանդիպում եմ սակավաթիվ այն ստեղծագործողներին, որոնք գիտեն բառի արժեքը, ստեղծում են իրենց օազիսը՝ ընդդեմ ժամանակի անբարենպաստ քամիների։
Բայց էլի կասեմ՝ ես կարոտում եմ իմ ոսկեդարը այն մարդու պես, ով երաշտի մեջ սառնորակ աղբույր է փնտրում, իսկ ծարավը հագեցնելուց հետո ուզում է նրա զանգակաձայնը լսել, ջրերին մոտ է նստում։
Հռիփսիմե Հովհաննիսյան