Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

«ՍԱ ՍՊՈՐՏ Է, ՊԱՅՔԱՐ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»

«ՍԱ ՍՊՈՐՏ Է, ՊԱՅՔԱՐ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»
22.07.2011 | 00:00

Հուլիսի 20-ից Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է պատանեկան բռնցքամարտի (15-16 տարեկաններ) աշխարհի հերթական առաջնությունը, որը կտևի տասնմեկ օր: Հայաստանի հավաքականը, որի ավագ մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար ՖԵԴՅԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, մրցավայր է մեկնել` կազմում ունենալով հնարավոր տասներեքից ինը պատվիրակ:
-Պարոն Ալեքսանյան, գրեթե մեկ ամիս առաջ Ձեր գլխավորած պատանեկան հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Ինչո՞վ է պայմանավորված աշխարհի առաջնության նման հրատապությունը:
-Միայն ու միայն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի անկատարությամբ:
-Փաստորեն, տղաները հանգստանալու, վերականգնվելու, կարգին նախապատրաստվելու ժամանակ չեն ունեցել:
-Այդպես է ստացվում, թեպետ Աբովյանի մարզաբազայում անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ ձգտեցինք անել առավելագույնը:
-Բա հետո՞:
-Ի՞նչ հետո, պիտի պայքարենք, աշխատենք առավելագույնս շահեկան ներկայանալ մեր ունեցածով: Մենք զարգացած կառույցներ, հզոր ֆինանսատնտեսական ռեսուրսներ ունեցող երկիր չենք, որ կարողանանք գոնե երկու համարժեք հավաքական ունենալ, Եվրոպայի առաջնությանը մեկին ուղարկել, աշխարհի առաջնությանը` մյուսին: Ստիպված ենք հարմարվել իրականությանն ու ըստ այդմ վարվել:
-Համենայն դեպս, Ձեր ասածի մեջ դատապարտվածության շեշտեր չեմ տեսնում:
-Ի՞նչ դատապարտվածության մասին է խոսքը: Պայքար է, պիտի հնարավորինս կենտրոնացնենք մեր ուժերն ու վերջ:
-Եվ ո՞ւմ եք տանում «կռվի»:
-46 կիլոգրամ քաշային կարգում ռինգ դուրս կգա սևանցի Հայրիկ Նազարյանը, 48-ում` երևանցի, «Հայաստան» մարզական միության սան Էրիկ Պետրոսյանը: 52, 54, 60 և 63 կգ քաշային կարգերը կներկայացնեն գյումրեցի Հենրիկ Հովհաննիսյանը, երևանցի, «Աշխատանքային ռեզերվների» սան Վալերիկ Գալստյանը, արարատցի Արշակ Գրիգորյանը և Ռադիկ Գրիգորյանը (Երևան): Վերջին երկուսը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորողներ են: 70 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աբովյանցի Նարեկ Մանասյանը, 66-ում` Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի սան Գոռ Ջևերիկյանը: Գոռի պես երևանցի է նաև մեր գերծանրքաշային Սերյոժա Հակոբյանը:
-Հասկանալի է, որ Աստանան ոչ մեկի համար էլ տուրիստական ճամփորդություն չէ, բայց և այնպես թիմն առանց առաջատարների էլ չի լինում: Ովքե՞ր են մեր ընտրանու հարվածային ուժը կազմում:
-Մեդալներ ենք ակնկալում թե՛ Հայրիկ Նազարյանից, թե՛ Հենրիկ Հովհաննիսյանից, թե՛ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող Ռադիկ Գրիգորյանից, թե՛ Գոռ Ջևերիկյանից, ով ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիրն է: Սակայն սա չի նշանակում, թե մյուսները պակաս պինդ տղաներ են: Եվ հետո, եկեք չմոռանանք, որ սա սպորտ է, պայքար, և ամեն ինչ կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական ելքով, ինչը ցանկալի չէ: Ավելի լավ կլինի մի փոքր սպասենք և խոսելու բան հաստատ կունենանք:
-Կվերադառնաք, և անպայման կխոսենք, որովհետև թերթի որդեգրած քաղաքականությունն է` անդրադառնալ ինչպես նախա, այնպես էլ հետմրցումային զարգացումներին:
-Լավատեղյակ ենք:
-Առավել ևս: ՈՒրեմն, ինչպես այլոց պարագայում է, նույնը և Ձեզ` բարի ճանապարհ, արժանավայել վերադարձ: Եթե չեք կրկնելու մեր դեռահասների ընտրանու հաջողությունը, գոնե շատ էլ չզիջեք:
-Կփորձենք ամոթով չմնալ:
-Ո՞վ է պատվիրակության պաշտոնական ղեկավարը:
-ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը: Հավաքականում ինձ օգնում է մարզիչ Աշոտ Ավետիսյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ