Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Կայուն աշխարհակարգ ունենալը հնարավոր է միայն բոլորի փոխհամաձայնության առկայությամբ

Կայուն աշխարհակարգ ունենալը հնարավոր է միայն բոլորի փոխհամաձայնության առկայությամբ
06.11.2024 | 11:01

BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։

Մի փոքր այլ ձևակերպումով դա նշանակում է միջազգային հարաբերություններում ներկայում իշխող մերկապարանոց ուժային քաղաքականության փոխարեն առաջնորդվել մի քիչ ավելի մեղմ բնույթի փոխհարաբերություններով, որոնք, ըստ այդ գաղափարը առաջ մղողների, կլինեն ավելի արդար և՛ ուժեղների, և՛ թույլերի համար։

Որպես բարի ցանկություն և միաբևեռ աշխարհից հնարավորիս շուտ հրաժարվելու միջոց դա այդպես է, բայց աշխարհի մակարդակով նման մասշտաբային փոփոխությունը առաջ է քաշում մի այլ հիմնարար բնույթի հարց, թե արդյո՞ք նման աշխարհակարգը կլինի նաև կայուն։

Եթե նույն կայուն լինելու տեսանկյունից նայում ենք zero sum game սկզբունքով առաջնորդվող էգոիստական աշխարհին, ապա այն կայուն է այն իմաստով, որ աշխարհի պատմության ամբողջ ընթացքում, սիստեմային մակարդակով ցանկացած փոփոխությունից հետո, այն միշտ վերադարձել է նույն սկզբունքով առաջնորդվելուն։

Այս ամենի հիմքում էլ ընկած է մարդ արարածի բուն էության էգոիստական բնույթը, որի փոքրիկ ալտրուիստական մասը, որը որոշակի դեր ունի անձ, ընտանիք ու հարևանություն մակարդակում, իսպառ վերանում է ավելի բարձր մակարդակի հարաբերություններոմ, այդ թվում՝ միջպետական գործերում։

Մյուս կողմից էլ, եթե հարցին մոտենում ենք բարդ մարդկային համակարգերի վարքային տենդենցների տեսանկյունից, ապա կյանքի փորձը ցույց է տվել, որ նման համակարգերը տենդենց ունեն աստիճանաբար մոտենալու իրենց ամենահավանական վիճակին։

Այս իմաստով zero sum game սկզբունքով կառուցված աշխարհը միջպետական հարաբերությունների կամ աշխարհակարգի ամենից հավանական վիճակն է։

Դա նշանակում է, որ BRICS-ի գաղափարախոսությամբ կառուցվող աշխարհակարգը ի սկզբանե անկայուն է, որի կայունության ապահովման համար պետք է ունենալ միջազգային օրենքների մի նոր համակարգ, որը համաձայնեցված կլինի բոլորի կողմից, և հարցի առանցքն էլ հենց այդ համաձայնեցման մեջ է։

Եթե նույն տեսանկյունից նայում ենք որևէ պետության ներքին կառուցվածքին, ապա ուժային տեսանկյունից նման համակարգի ամենահավանական վիճակը անարխիան է, որի դեմն էլ առնվում է օրենքի միջոցով ուժային հարաբերությունները սահմանափակելով ու խախտումների դեպքում էլ՝ պատժելով։

Այսինքն, ալտրուիստական բաղադրիչ ունեցող միջազգային հարաբերություններ և կայուն աշխարհակարգ ունենալը հնարավոր է միայն բոլորի փոխհամաձայնության և օրենքի խախտումների դեպքում պատժի գործուն մեխանիզմների առկայությամբ, որը խիստ կասկածելի է, քանի որ ներկայում էլ նման օրենքներ կան, որոնք պարզապես չեն գործում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7848

Մեկնաբանություններ