Սիրիայում տեղի ունեցողը շարունակությունն է 2016-ից հետո ակտիվ տեղի ունեցողի։ Չորս տարի կապված էին Էրդողանի ձեռքերը, հետո ինչ-որ հրաշքով արձակվեցին, և հիմա կրկին լծվել է Օսմանյան կայսրության սահմանների, այսպես ասած, վերականգնման գործին։
Թվում է՝ հեքիաթի ժանրից է, որ կայսրություններն անցյալում են, բայց՝ ոչ, սա իրականություն է: Էրդողանը, ունենալով Աթաթուրքից ավելի աթաթուրք լինելու սինդրոմ, դեռ շատ վաղուց է որոշում կայացրել, որ ինքը պատմության մեջ պետք է մնա որպես Թուրքիայի սահմաններն ընդարձակած ղեկավար։ Չխորանամ դետալների մեջ, թե ինչու են էրդողանականները ատում քեմալիստներին և՝ հակառակը։
Ի դեպ, պատահական չէր նաև այն կեղտոտ քարոզչությունը, որն իրականացվում էր նաև մեզ մոտ՝ «թուրքական վիլայե՞թ, թե՞ ռուսական ծայրագավառ», սա ևս այս ամենի մի մասն է կազմում։ Վերադառնամ Սիրիա։ Սիրիան միատարր երկիր չէ, ինչպես Մերձավոր Արևելքի բոլոր երկրները, միատարր չէ ոչ միայն էթնիկ պատկանելիությամբ, այլ նաև՝ կրոնական։ Այստեղ դեռևս ցեղային մտածելակերպն առաջնային է, և չկա պետականամետ լինելու հասկացողություն, կա պարզապես «մեր ցեղի համար լավ լինի» սկզբունք։ Հենց այս և նմանատիպ այլ սկզբունքների համադրմամբ, Թուրքիան շահագրգռել է շատ էթնիկ և կրոնական խմբերի և անցել Սիրիայի քանդման գործին։ Եթե Թուրքիան այստեղ հաջողի, ապա հաջորդը միանշանակ լինելու է Իրաքը։ Թուրքիայի հաջողությունը մեծ մասամբ կախված է նաև Ռուսաստանի անհաջողությունից կամ սխալ արտաքին քաղաքականությունից։ Թուրքիան Ռուսաստանի համար ապագայի ամենամեծ հակառակորդն է, ամենահավակնոտն է Ռուսաստանի տարածքների նկատմամբ, և այսօր ռուս-ուկրաինական պատերազմը հետագայում մանրուքի է նմանվելու Ռուսաստանի համար, եթե իսկապես Թուրքիան իր ծրագրերը կարողանա կյանքի կոչել։ Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելով՝ ի հաշվի Ռուսաստանի ազդեցության թուլացման, Թուրքիան հիմա Մերձավոր Արևելքում է կրկին Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին մեծացնում իր ազդեցությունը։
Իսկ այս ամենը տեղի է ունենում պայմանավորվածություններով, թե թիկունքից խփելու տրամաբանությամբ՝ ցույց կտա ժամանակը։
Կարեն Հովհաննիսյան