Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

"Какой привет, такой ответ!"

"Какой привет, такой ответ!"
07.06.2011 | 00:00

«Եվրո-2012»-ի նախընտրական փուլի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստան-Ռուսաստան պատասխան խաղը: Բարեբախտաբար, այն չարժանացավ առաջին` երևանյան հանդիպման բախտին, չքաղաքականացվեց, հոխորտալից հայտարարություններ չարվեցին, որոնք, եթե հիշում եք, հայաստանյան խաղից մեկ-երկու օր առաջ սահունորեն վերածվեցին դարավոր բարեկամության կոչերի: Քաղաքում անգամ բազմաբնույթ պաստառներ հայտնվեցին, մազ էր մնացել, որ նորից հիշվեր ողորմածիկ Խաչատուր Աբովյանը` իր, «ռուսի օրհնված ոտով»։
Մինչդեռ իրականությունը ո՞րն էր:
Խաղ էր, պիտի խաղայինք ու խաղացինք: Հաշիվն էլ, կարծես, համապատասխանում էր մարզադաշտում ուժերի օրվա հարաբերակցությանը: 0:0-ն ֆուտբոլասերները, իհարկե, հիշում են:
Հա, քիչ էր մնում մոռանայինք: Երևանյան խաղը, դարավոր բարեկամին հանդիպելուց զատ, մի բանով էլ նշանավորվեց: Հատկապես ռուս ֆուտբոլասերների համար: Հայկական ճկուն մտածողությամբ նրա համար կարողացանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ, տոմսերը ձեռքներին, չկարողացան մտնել մարզադաշտ, թեպետ թե խաղի, թե՛ ինքնաթիռի տոմսի համար վճարել էին:
Որ ռուսները կարճ հիշողություն չունեն, պատասխան խաղից առաջ ապացուցեցին` օդանավակայանում Հայաստանի հավաքականին չդիմավորելով, խաղացողներին անձնագրային անցակետում բոլոր մյուս ուղևորների նման ընդունելով: Այս մասին վկայել է ԽՍՀՄ հավաքականի նախկին մարզիչ Գերման Զոնինը` հղում անելով Նիկիտա Սիմոնյանին, ու եղածը որակել «ուղղակի խայտառակություն»:
Ի դեպ, պատասխան «համարժեք քայլերի մասին» ռուսները դեռ երևանյան խաղից հետո էին զգուշացրել: Այնպես որ, անսպասելի ոչինչ չկար:
Ինչևէ: Ավելացնենք միայն, որ զուտ ռուսական ծագում ունեցող ""Какой привет, такой ответ!"" արտահայտությունը սկզբունքորեն շատ էլ առողջ արտահայտություն է:
Արդ, ստեղծված պայմաններում ո՞րն էր լինելու «մեր պատասխանը նամակը Չեմբեռլենին»:
Իհարկե, հարգելի ընթերցող, խաղը և միայն ու միայն խաղը:
Իսկ խաղալ մենք կարողացանք ճիշտ այնքան, որքան կարող ենք: Համենայն դեպս, այս փուլում: Միայն ափսոս, որ այն բավարարեց պարտվելուն:
Հարց է ծագում` ռուսները մեզնից ուժե՞ղ էին:
Պատասխան, ո՛չ և կրկին ու կրկին ո՛չ: Պարզապես նրանց խաղացած ֆուտբոլը մեր խաղացածից լավն էր, իսկ այս խաղի լուրջ չափանիշներով դա անգամ ֆուտբոլ էլ չէր, եթե ավելի կոպիտ չարտահայտվենք: Եթե Դիկ Ադվոկատով սա է ռուսական ֆուտբոլի երաշխավորված որակը կամ ապագան, ապա ուժեղների հաղթահանդեսում նրանք էլ մեր կարգավիճակում են:
Բայց հանգիստ թողնենք ռուսներին, որքան էլ հարևանի հարսը մերից «դիտարժան» է: Այդ համեմատաբարից ոչինչ չի փոխվում: Այս պահին մեզ համար շատ ավելի կարևոր է ինքներս մեզ «կուտ» չտալն ու եղածը «լավ խաղացինք, պարզապես պարտվեցինք» անզոր լավատեսությամբ մեկնաբանելը:
Պարզապես պարտություն չի լինում: Լինում է պարտություն ու` վերջ: 3:1 հաշվով պարտվելու պարզապեսը ո՞րն է:
Հիմա ի՞նչ, չկա՞ լավատեսության տեղ: Կա: Իհարկե, կա, սակայն դա կուրության հարթությունում չէ: Այն միանգամայն ուրիշ տեղում է` թիմի երիտասարդության ու, լավ իմաստով, ամբիցիոզության: Պարզապես պիտի ժամանակ տալ հասունանալու, առնականանալու, սակայն պայմանով, որ տղաները չմոռանան` չի կարելի լինել հավերժ երիտասարդ:
Իսկ այն, որ ոմանք հույսեր են փայփայում, թե հանկարծ ու… Այդ հանկարծը հանկարծ չի լինում: Մենք առայժմ ձգում ենք ենթախմբի մակարդակով ելույթ ունենալու չափանիշներին, ինչն ինքնին քիչ բան չէ:
Հայկական ֆուտբոլի ներկա փուլի համար առավել իրատեսականը խաղալն ու խաղից հաճույք ստանալն է:
Երբ կբավարարվի այդ ինքնագոհացումը, այն կփոխանցվի նաև մարզասերներին, ու մենք այնժամ կունենանք լավ ֆուտբոլ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ


Դիտվել է՝ 6080

Մեկնաբանություններ