Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
24.02.2012 | 00:00

Լույս շաբաթ գերմանական Շտուտգարտ քաղաքում WBA վարկածով գերծանր քաշային կարգում կայանալու է Ալեքսանդր Պովետկին-Մարկո Հուկ չեմպիոնական մենամարտը:
Ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, ծագումով սերբ, քսանյոթամյա Մարկո Հուկը ռուս բռնցքամարտիկին մարտահրավեր էր նետել դեռևս անցած տարվա դեկտեմբերին` անմիջապես այն բանից հետո, երբ Պովետկինն ամերիկացի Սեդրիկ Բոսվելի հետ մենամարտում պաշտպանում էր չեմպիոնական տիտղոսը (ի դեպ` առաջին անգամ): Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ այդ մարտը երեսուներկուամյա ռուս բռնցքամարտիկը շահել է նոկաուտով` ութերորդ ռաունդում:
Առաջիկա հանդիպումը 2004-ի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի համար կլինի պրոֆեսիոնալ ռինգում քսանչորսերորդ մենամարտը: Նախորդներում նա բացառապես հաղթանակել է, որոնցից 16-ը` նոկաուտով: Ինչ վերաբերում է Մարկո Հուկին, պրոֆեսիոնալ բռնցքամարտում նա հանդիպումների շատ ավելի մեծ փորձ ունի: Անցկացրած երեսունվեց մարտից Հուկը հաղթել է երեսունչորսում (25-ը` նոկաուտով), պարտվել է միայն երկուսում: Հետաքրքրական է, որ գերծանր քաշային կարգում սա նրա նորամուտն է: Նկատենք, որ շատերն այնքան էլ կշռադատված չեն համարում սերբի քայլը` նոր քաշային կարգում պայքարի մեջ մտնել միանգամից չեմպիոնական գոտու համար:
Կշռադատվա՞ծ, թե՞ ոչ, բոլոր դեպքերում սպասվում է չափազանց հետաքրքիր մրցակցություն: Հավելենք միայն, որ հաղթողին հունիսին սպասում է չափազանց լուրջ մրցակցություն Խոսե Ռահմանի հետ, որից հետո (իհարկե, հաղթելու դեպքում) ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Կլիչկո եղբայրներից մեկը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ