Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

ԲԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆԴՆԵՐ ՇԱՀԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ԲԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆԴՆԵՐ ՇԱՀԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է
28.10.2011 | 00:00

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ԾՐԱԳՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ»
Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են, նախապայման յուրաքանչյուր ազգի հարատևության: ՈՒ եթե հայ ես և ոչ խառնածին, քո մեջ կրում ես մեր հազարամյա պատմական առաքելության սրբազան խաչը, ուրեմն պարտավոր ես տեր կանգնել քո արժեքներին:
Բանակի տարբեր զորամասերում ու հակառակորդի հետ շփման գծում կատարվող ցանկացած դժբախտ դեպք մեծ ցավ է ամենքիս համար: Բայց եթե սրտացավ ես, ոչ թե պախարակիր ու հայհոյիր, այլ փորձիր ուժերիդ ներածին չափով նեցուկ լինել բանակիդ:
ՈՒրեմն, ինչպե՞ս հասկանալ այն «ժողովրդավարներին», ովքեր շունչները պահած սպասում են բանակում գրանցված հերթական անհաջողությանը, որ ձեռքները շփելով գործի անցնեն` ոտնատակ տալու ազգային արժեքները, հասարակության աչքին արժեզրկելու մեր մեծագույն ձեռքբերումը, նրանց, ովքեր հրապարակավ ճամարտակում են բանակի հանդեպ իրենց սրտացավությունից, բայց իրականում զբաղված են հայհոյախոսությամբ: Գուցե այսպիսիներին ձեռնտո՞ւ է հայկական բանակը բացասական գույներով ներկայացնելը: Կհարցնեք` ո՞րն է նրանց շահը:
Հիշում եմ, տարիներ առաջ մեր ազգային գործիչներից մեկն անհանգստությամբ տեղեկացրեց, թե մեզանում լուրջ գործընթացներ են սկսվել, Արևմուտքը նախապատրաստում է իրավական հնարավոր հիմքերը (օրենսդիրը քննում էր բանակի մասին նոր օրենքի նախագիծ), որպեսզի վաղը մեր իշխանություններին հարկադրի՝ հրաժարվել սեփական պաշտպանությունից, այսինքն, լուծարել հայկական բանակն ու ապավինել ՆԱՏՕ-ի ուժերին: Իսկ որպեսզի այս օտարածին սցենարը չարժանանա ժողովրդի հակազդեցությանն ու հայ մարդը չըմբոստանա, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը նախ կորցնի հավատն իր իսկ ստեղծած արժեքի հանդեպ, նրա ականջին կաթեցնելով այն միտքը, թե քո ունեցածը բանակ չէ ու այն պետք է ցրել: Դրա համար հարկ է մամուլով, հրապարակավ հանրության ուշադրությունը սևեռել բանակում կատարվող միա՛յն բացասական երևույթների վրա:
Այսօր արդեն տեսանելի են այդ ուղղությամբ շարունակաբար կիրառվող արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները. պատերազմական իրավիճակում գտնվող երկրի բանակի դեմ ծավալվող այս հիստերիկ արշավը դրսի պատվերն է, որ ներսի թափթփուկի ձեռքով ուղղվում է ընդդեմ երկրի: Արևմուտքի դրամաշնորհներով սնուցվողների մի խումբ զբաղված է քայքայիչ, պառակտողական աշխատանքով: Այս ցեցն անվերջ հարվածում է մեզ բոլոր ուղղություններով` մեկ ազգային եկեղեցու դեմ են սուր ճոճում, մեկ էլ կեղծ արդարադատի սլաքն ուղղում բանակին: Պատվերը տրված է, փողն էլ խոստացված, ուրեմն հիստերիան ինչքան շատ` էնքան թղթապանակը «յուղալի»:
«Գործ ունենք պետությունը կազմաքանդելու ծրագրված գործընթացի հետ»,- համոզված է ռազմական փորձագետ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Իր ուսումնասիրությունների արդյունքում փորձագետը պարզել է, որ հայոց բանակը վարկաբեկելու նպատակ էր հետապնդում նաև «բռնաբարությունների չեղած դեպքեր սարքելը»: «Դա հայի տեսակին հարիր չէ, դա ադրբեջանցուն է բնորոշ, ուրեմն ինչո՞ւ փորձեցին մեր վզին փաթաթել այդ անբարոյականությունը: Վստահ եմ` միտումնավոր սարքեցին, որպեսզի հավասարության նշան դրվեր հայկական մարտական բանակի ու ադրբեջանական բարոյազրկված զինուժի միջև: Այս խաղը ձեռնտու է Արևմուտքին, ինչը մենք լավ ենք հասկանում»:

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻ ՎԻՇՏԸ ՇԱՀԱՐԿԵԼԸ
Նկատե՞լ եք, որ բանակը քննադատելն իրենց առօրյա զբաղմունքը դարձրած թունդ «ժողովրդավարների» հոդվածներն սկսվում ու ավարտվում են իշխանափոխության պահանջով: Եվ դա բոլորովին էլ պատահական չէ ու նույն տեխնոլոգիաների շարքին է դասվում: «Ցավալի փաստ է, զոհված զինվորի ծնողի դժգոհությունը միտումնավոր ուղղորդվում է քաղաքական հարթություն, փորձում շահարկել նրա վիշտը:
Անբարոյականություն է սա, մենք սրա դեմ պետք է պայքարենք` մեր բանակը հեռու պահելով քաղաքական շահարկումներից»,- նկատում է ռազմական հոգեբան ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ:
Եվս հարյուր հոգու միտինգի բերելու համար պատրաստ են ամբողջ բանակն ապականված ու կոռումպացված հայտարարելու, ողբերգական դեպքերը շահարկելու ուզածի չափ: Սրանց համար էլ ի՞նչ սրբություն: Բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահելը դրսից ուղղորդվողների գործելաոճն է։ Այդ խամաճիկները հիմա էլ հրապարակ են նետել պաշտպանության նախարարի հրաժարականը: Եթե ազնիվ եք, ուրեմն մի կողմ դրեք ձեր քաղաքական հաշվարկները, կանգնեք որդեկորույս ծնողի կողքին, պաշտպանեք նրա պահանջներն ու անկեղծորեն պայքարեք բանակում կատարված ցանկացած ողբերգական դեպքի արդար բացահայտման օգտին` վաղն ավելի լավ բանակ ունենալու սրտացավությամբ: Հակառակ դեպքում ցանկացած շահարկում համազոր է դավաճանության:
Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հայտարարել էր. «Թեև որոշ դժվարություններ կան մոտ տասը տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»: Կարևորելով փոխնախարարի հուսադրող խոսքը` ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը համոզված է, որ միայն նման քայլերը` շուտ ու արդար բացահայտումները, հնարավորություն կտան, որ որդեկորույս ծնողը չդառնա այս կամ այն քաղաքական ուժի կամ դրամաշնորհային կազմակերպության շահարկումների թիրախ:

ԱԽՈՐԺԱԿՆԵՐԻԴ` ՔԱՑԱԽ
ՈՒզում եմ հարց ուղղել ռազմական կառույցի թափանցիկության մասին հաճախ ճամարտակող «իրավապաշտպաններին». ի՞նչ եք հասկանում ռազմական կառույցի թափանցիկություն ասելով, և ո՞րն է ձեր կողմից ակնկալվող հանրային իրազեկման սահմանը: Գուցե այն, որ ձեր սերտած «արևմտյան չափանիշների» դրոշի տակ թևքներդ քշտած պահանջեք ու ստանաք ազգային անվտանգությանն առնչվող ցանկացած տեղեկությո՞ւն: «Սիրելինե՜րս, իսկ ձեր պատվիրատուները է՞լ ինչ հանձնարարություն են ձեզ տվել իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցա՞նկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հե՞րթ կանգնեք»: Տեղին ու դիպուկ էր ՊՆ փոխնախարարի խոսքը` ուղղված բոլոր ծախու վարձկաններին: Բայց արի ու տես, որ «արդարության պաշտպանները» խիստ վրդովվել էին իրենց հասցեին հնչած ճշմարտությունից ու նամակ հղել Արևմուտքի պապաներին, թե` եկե՜ք փրկե՜ք, Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների և հասարակական գործիչների դեմ սանձազերծված գրոհ է սկսվել: Ճշմարտության դեղահաբը խիստ դառնահամ եղավ ծախու խամաճիկների քիմքին: Հապա մի փորձիր հանրային վերահսկիչի դեր ստանձնած որևէ ՀԿ-ի հարցնել` որտեղի՞ց, ե՞րբ և ումի՞ց եք ֆինանսավորվում, կտեսնես թե ի՜նչ վայնասուն կբարձրանա: «Բայց, եղբայր, եթե դու բանակից պահանջում ես թափանցիկություն, ինչո՞ւ ես իրար խառնվում, երբ քեզնից են պահանջում լինել թափանցիկ»,- հարցնում է Դավիթ Ջամալյանը: Արդյոք քաղաքացիական ինստիտուտների անվան տակ մեզանում չի՞ իրականացվում քողարկված ֆինանսավորում, արդյոք այդ մարդիկ կապված չե՞ն ինչ-որ իքս երկրի անվտանգության ծառայությունների հետ։ Հարցերը շատ են, բայց անպատասխան…
«Եթե 70 տարի առաջ` պատերազմի տարիներին, գային ու ասեին` բանակը պիտի լինի թափանցիկ, գիտե՞ք, թե նրանց ինչ կանեին. որպես պետական դավաճանների կգնդակահարեին: Իսկ մենք այսօր պատերազմի մեջ ենք»,- ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ անցած տարի մի քանի ՀԿ-ներ պահանջում էին տրամադրել բանակին սնունդ մատակարարող կազմակերպությունների անունները, մատակարարվող սննդի ծավալները, տրամադրվող գումարի չափը: Փորձագետը համոզված է, որ նման տեղեկատվությունն ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր է, քանզի հակառակորդի համար կարևոր տեղեկություն է պարունակում. «Հակառակորդը կարող է այդ փաստերի հիման վրա ստրատեգիական լուրջ հաշվարկ կատարել, օրինակ, իմանալով, թե քանի կգ սնունդ է մատակարարվում բանակ, կպարզի` որքա՞ն զինծառայող կա այդ բանակում»: Իսկ մեր պետական ու հասարակական շահը թո՞ւյլ է տալիս նման տեղեկությունը հասու դարձնել հակառակորդին: Ո՞րն է զինուժի թափանցիկության ու բանակի մասին տրամադրվող տեղեկատվությունների սահմանը: Ո՛չ պահանջողը գիտի, ո՛չ տրամադրողը: Ասել է` խնդիրն օրենսդրորեն կարգավորելու հրատապություն ունի: Օտար սպասարկուների հետաքրքրություններին վերջ տալ է պետք:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեցինք, թե նույն արևմտյան բանակներո՞ւմ ինչպես է ընկալվում թափանցիկություն ասվածը: Պարզվում է, ՆԱՏՕ-ի զինուժում կան տեղեկատվական ազատությունների սահմանափակման հստակ չափանիշներ, օրենսդրորեն հստակեցված է նաև ինֆորմացիայի տրամադրման սահմանը: Այսինքն, այն ինչ Արևմուտքի կողմից պարտադրվում է մեզ` բանակի ազատականացում, թափանցիկություն, մերժելի է հենց իրենց կողմից: «Իսրայելում նույնիսկ գրաքննություն է գործում, կա պետական հանձնաժողով-լրատվամիջոցներ համագործակցություն, միասին են որոշում` ինչը լուսաբանել, ինչը` ոչ: Այս իմաստով մենք դեռ օրենսդրական փնտրտուքների մեջ ենք: Մինչդեռ ավելորդ ազատականացման տարրերը, մանավանդ հրադադարի պայմաններում գտնվող մեր երկրի համար, կարող են շատ վտանգավոր լինել»,- զգուշացնում է ռազմական հոգեբանը:
Բանակի ազատականացմամբ տարված Արևմուտքն այսօր ինքն է կանգնած կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնելու պահանջի առաջ։
Վտանգն սկսել են գիտակցել ու իրենց իսկ սահմանած չափանիշներից հրաժարվել: Մինչդեռ չեն հրաժարվում սեփական աղբը այլ երկրներին պարտադրելուց:
Իսկ մենք, որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, սա գիտակցո՞ւմ ենք:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ