Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պտուղներից ճանաչեք նրանց

Պտուղներից ճանաչեք նրանց
01.05.2012 | 00:00

Ներկա օրերին ականատես ենք լինում ամենօրյա նախընտրական քարոզարշավին, ուր ամեն կուսակցություն կամ տվյալ կուսակցությունը ներկայացնող անձ հավաստիացնում է իր ուղենշած ճանապարհի ճշմարտությունը և բարեկեցիկ ապագայի տեսլականը: Ընտրարշավի առաջամարտիկները շռայլորեն խոստումներ են տալիս, որոնք, ինչպես պատմությունն է ցույց տալիս, հիմնականում այդպես էլ մնում են տեսական մակարդակում: Այստեղից էլ բխում է այն հանգամանքը, որ ժողովուրդը չի վստահում տեսականորեն խոստումներ առաջարկող քաղաքական անձերին կամ կուսակցություններին: Արդ, քաղաքական ուժերը ներկայումս վստահության պակասը փորձում են լրացնել հավատի գաղափարախոսական կարգախոսներով` անուղղակի ցույց տալով, որ իրենք այնքան էլ վստահելի ու հավատի արժանի չեն եղել, քանի որ սոցիալ-քաղաքական, աստվածաբանական տեսանկյունից հավատի արժևորումը կայանում է նրանում, որ արդեն իսկ քո գործով ու վարքով ապացուցել և համապատասխանում ես այդ հավատի էթիկայի կանոններին: ՈՒստի, գաղափարաբանական տեսանկյունից այս կարգախոսներն արդեն իսկ ձախողված կարգախոսներ են, որոնք հետագայում, առավել ևս թերությունների ու սխալների դեպքում, տվյալ կուսակցությունները դարձնելու են ոչ վստահելի:

Այնուամենայնիվ, այս շռայլ ու գայթակղիչ խոստումներ առաջարկող անձանցից կամ կուսակցություններից որի՞ն հավատալ կամ ո՞ւմ ընտրել: Նշանավոր փիլիսոփա Արիստոտելը դեռևս անտիկ դարաշրջանում ասել է, թե կատարելապես անհնար է գործել հասարակական կյանքում` չլինելով որոշակի բարոյական հատկությունների կրող, արժանի մարդ: Լինել արժանի մարդ նշանակում է օժտված լինել բարոյական առաքինություններով: Իսկ այն մարդը, ով ուզում է մասնակից լինել հասարակական-քաղաքական կյանքին, պետք է լինի առաքինի վարքի տեր: Կարծում եմ, նշանավոր փիլիսոփայի վերոհիշյալ մտքերը պիտի ուղղորդեն հայ մարդուն իր ընտրությունը ճիշտ կատարելու համար: Այդուհանդերձ, ցավալիորեն պետք է նշել, որ մեր հասարակության ստվար մի հատված չի գտնվում լուսավոր այն մակարդակում, որ ընտրություն կատարի իր և իր երեխաների ապագայի համար, այլ կատարում է տվյալ վայրկյանի, պահի նյութական ակնկալիքի համար: Իսկ բնության օրենքը գործում է անխախտ, որ, ինչ ցանում ես, այդ էլ հնձում ես: Բնականաբար, այդօրինակ վարքագծի ընտրությունը ծնելու է այնպիսի պտուղներ, որոնք հայ իրականության կյանքը չեն դարձնելու բարեկեցիկ և ապահով: Մյուս կողմից` քաղաքական ուժերի վկայակոչած ազատ և արդար ընտրություններն այդպես էլ չեն դառնում իրականություն: Իսկ որտեղ կեղծվում է ընտրության իրավունքը, այնտեղ ոտնահարվում է մարդու արժանապատվությունը, որը լիովին հակառակ է քրիստոնյայի բարոյական կեցվածքին, ով իր այս արարքով պատասխանատու է առաջին հերթին Աստծո առաջ` խախտելով մարդուն Արարչի պարգևած ազատ ընտրության իրավունքը: Քանի դեռ հասարակության մեջ գերակայում են արժեքներ, որոնք հակադիր են քրիստոնեական էթիկայի կացութաձևերին, փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: Այս պարագայում ամեն անգամ հասարակությունը, խոսելով ժողովրդավարությունից, Քրիստոսին խաչն է բարձրացնում, ինչպես ժամանակին խավարի մեջ թաղված հրեա ժողովրդի ձայնի իրավունքը Քրիստոսին տարավ դեպի Գողգոթա: Մենք` հայերս, իբրև հավաքականություն, մեր ընտրությունը կատարում ենք նույն կերպ` չունենալով աստվածային կամքի օրհնությունն ու բարեհաճությունը և դասեր չքաղելով մեր պատմությունից: Արդ, այս ընտրություններից հետո էլ, բարեկեցիկ ու լուսավոր Հայաստան տեսնելու հավատը դեռևս մնում է մռայլված ու մշուշոտ և երկրի ապագան Աստծո կողմից անտեսված: Սակայն հոգևոր հայրերի վկայություններն արթնացնում են լույսի այդ հույսն ու տեսլականը, որոնք նշմարվում են ներկայիս փոքրաթիվ երիտասարդ անհատների մեջ և հիմք ստեղծում տեսնելու արդար ու ապահով Հայաստանի իրական եզրագիծը: ՈՒստի, ամեն հայ անհատ, որպես քրիստոնյա, իր ընտրությունը պիտի կատարի իր խղճի ներգործությամբ, որովհետև մարդու քրիստոնեական աշխարհընկալումը պատասխանատվությամբ առաջնորդվելու քաղաքականության բարոյագիտական հենքն է: Ընտրարշավում մարդու համար ուղղորդիչ չափանիշ կարող են հանդիսանալ սուրբգրային խոսքերը, թե պտուղներից ճանաչեք նրանց և ձեր ընտրությունը կատարեք այն անձանց կամ կուսակցությունների համար, որոնք իրենց մեջ իրապես կրում են լույսի պտուղները, «Քանզի լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփես. 5.9):


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» ՀԿ-ի սոցիալ-քաղաքական աստվածաբանության բաժնի պատասխանատու

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ