-
05.10.2020|
21:15
ԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակ է համարում Մինսկի խումբը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ չի նախատեսում այցելել տարածաշրջան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ լրագրողների հետ զրույցում:
-
05.10.2020|
21:13
Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։
-
05.10.2020|
21:11
Մեր որդին զինվորագրվեց, Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը։ Աշոտ Փաշինյանը զինված ուժերից զորացրվել էր ամռանը։
-
05.10.2020|
21:10
Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
05.10.2020|
21:06
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 19 խաղաղ բնակիչ, 1-ը` մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ:
-
05.10.2020|
21:04
Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում:
-
05.10.2020|
21:02
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը, հայտարարել է ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո:
-
05.10.2020|
21:01
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Նախագահն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
-
05.10.2020|
20:58
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին երկխոսություն սկսել՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ:
-
05.10.2020|
20:55
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։