22.04.2013|
18:01
Գարնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը, որի հեղինակն է Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթը: Ինչպես և սպասվում էր, ընդհանուր առմամբ դրական գնահատելուն զուգահեռ, զեկույցում բազմաթիվ անդրադարձներ կան ընտրություններում տեղ գտած թերություններին: Մասնավորապես, զեկույցի հեղինակին և Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներին մտահոգել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, բազմաթիվ քաղծառայողների մասնակցությունը գործող նախագահի օգտին արվող քարոզչությանը, ինչը նշանակում է չտարանջատել պաշտոնեական և քարոզչական գործառույթները: Դիտորդներին մտահոգել է նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ունեցել է քարոզարշավի իրականացման ընդարձակ ցանց, իսկ նրան մրցակից մյուս թեկնածուները ունեին միայն սահմանափակ թվով շտաբներ: