Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Այդ տարիքի մարդուն խաբելը շատ ամոթ բան է»

«Այդ տարիքի մարդուն  խաբելը շատ ամոթ բան է»
24.10.2014 | 12:53

«Նռան հատիկ» մանկապատանեկան ամենամյա թատերական փառատոնն անցկացվում է 14-րդ անգամ` «Թատրոնը մեր տունն է» խորագրի ներքո:
Կազմակերպիչներն են «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը։ Փառատոնի բացմանը ներկա էին ժողովրդական արտիստ, սիրված դերասան Երվանդ Մանարյանը, Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և այլք: «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը նշեց, որ այս տարի լրանում է Երվանդ Մանարյանի 90-ամյակը, բայց նա ոչ թե 90, այլ 30 տարեկան է:
«Իմ գործի շատ կարևոր մասը, գուցե ամբողջ գործունեությունը, կապված է երիտասարդների հետ, դեռ ավելի փոքրերի, ընդհուպ ամենացածր աստիճանի, որ «սոսկան» բերանում են գալիս թատրոն, գալիս են ու ինձ ճանաչում, ես դրանով եմ ուրախ,- ասաց Երվանդ Մանարյանը:- Երևի թե դա է պատճառը, որ տարիքային այդպիսի տարբերություն է զգացվում. անձնագրում գրածը մի բան է, Գարիկի ասածը` բոլորովին ուրիշ, ու ես դա եմ ընդունում»: Անվանի դերասանի խոսքով` երեխաների հետ շփվելիս պատասխանատվություն ասվածը շատ կոնկրետ ձևավորվում է: Երեխան գալիս է քեզնից ինչ-որ բան վերցնելու և այն տարիքում է, որ նրան չես կարող ասել` գիտես, գլուխս մի քիչ ցավում է, եթե պայմանավորվել ես հանդիպելու առավոտյան, ինչքան էլ ուզենաս մի քիչ շատ քնել, պիտի հանդիպես, որովհետև այդ տարիքի մարդուն խաբելը շատ ամոթ բան է: Դերասանը հորդորեց պարտավորություն միշտ ունենալ քեզնից կրտսերի նկատմամբ, որովհետև այդ դեպքում նա ակամա դառնում է ավագ, սկսում է մեծանալ ու իր հերթին իրենից կրտսերի նկատմամբ է պարտավորություններ ունենում: Իսկ եթե մեր հասարակությունը կազմված լինի միայն «ավագներից», դերասանի համոզմամբ, կունենանք շատ լավ հասարակություն:
«Նռան հատիկ» փառատոնը գործում է 2001-ից: Առաջին տարում միայն երևանյան թատերախմբերն են մասնակցել փառատոնին: Տարեցտարի ընդլայնվել է աշխարհագրությունը: Ընդգրկվել են թատերախմբեր սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից, Վրաստանից: Հավելենք, որ «Նռան հատիկ-2014»-ը մեկնարկեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերախմբի «Տհասը» ներկայացմամբ (ըստ` Դենիս Ֆոնվիզինի, բեմադրիչ` Գարիկ Ղազարյան): Նշենք, որ թատերախումբը «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի կրկնակի դափնեկիր է։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ