Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խոպանչիները՝ ներքաղաքական գործոն

Խոպանչիները՝ ներքաղաքական գործոն
12.01.2015 | 14:21

Ռուսաստանի պատկան մարմիններին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այս տարի մոտ 70 %-ով պակասել է այդ երկիր աշխատանքի մեկնողների թիվը: Սա, անշուշտ, պայմանավորված է Ռուսաստանի անմխիթար տնտեսական վիճակով, կայուն հեռանկարի բացակայությամբ: ՈՒրախության կամ տխրության սեղանները հնարավորություն են տալիս շփվելու տասնյակ մարդկանց հետ, ու անկախ պաշտոնական թվերից՝ ինքս համոզվել եմ, որ Ռուսաստան մեկնող հայաստանցի խոպանչիների թիվն այս տարի էապես պակաս է լինելու: Այս հանգամանքն էապես ազդելու է Հայաստանի քաղաքական ու տնտեսական իրականության վրա: Նախ՝ խոսենք տնտեսության մասին: Մարդիկ մեկնում էին Ռուսաստան, աշխատում էին, տուն փող ուղարկում ու, համաձայնեք, մասամբ կատարում էին կառավարության սոցիալական ֆունկցիան: Ասել կուզեմ, որ կառավարությունն առանձնապես հոգ չէր տանում աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման ուղղությամբ, որովհետև տրանսֆերտները դարձել էին ոչ միայն սովորական մահկանացուների ապրուստի միջոց, այլև ապահովում էին քրեաօլիգարխիկ համակարգի կայունությունը: Հիմա տրանսֆերտներն էապես կրճատվելու են, ընկնելու է մարդկանց գնողունակությունը, առաջանալու է սոցիալական լարվածություն, գործազրկության պատկերն ավելի իրական է երևալու: Հայաստանի կառավարությունը, որը սովոր է լուծել միայն ընթացիկ խնդիրներ՝ բախվելու է լուրջ մարտահրավերի հետ: Սրանից էլ գալիս է քաղաքական հետևանքը: Երկրում մնալու է բողոքական հսկայական զանգված, որը քաղաքականության մեջ արժեք ստեղծող չէ, սակայն կարող է ապահովել ընդդիմադիր շարժումների կայուն «մասսովկան»: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե բացակայում է նորմալ ընդդիմությունը, ապա Հայաստանում իրական է դառնում սոցիալական բունտի հեռանկարը: Իշխանությունները դա կարող են կանխել երկու ճանապարհով՝ ուժային, որը ժամանակավոր լուծում է ու ավելի է դեգրադացնելու պետությունը, և ռեֆորմների ճանապարհով, որոնք ցավոտ կարող են լինել, սակայն անխուսափելի են: Մի խնդիր էլ կա. արդյո՞ք Հայաստանի իշխանությունը բարեփոխումներ իրականացնելու մտավոր, կազմակերպչական, մարդկային ռեսուրս ունի: Հարցի պատասխանն այս պահին դրական չէ, մյուս կողմից՝ իշխանությունը կարող է լրացվել ինտելեկտուալ բաղկացուցիչով, եթե բացի համակարգը: Դա, իր հերթին, հանգեցնելու է օլիգարխիկ համակարգի թուլացմանը: Խոպանչիների թվի նվազեցումը այլ հանգամանքի էլ է բերելու: Պակասում է մարդկանց թիվը, որոնց միջոցով Մոսկվան ազդում էր Հայաստանի իշխանության քաղաքականության վրա: Սա դրական է, սակայն Հայաստանի իշխանությունը պարտավոր է հոգալ աշխատանքի կարիք ունեցող իր քաղաքացիների մասին, այլապես սոցիալական լարվածությունը Հայաստանում դառնալու է իրական:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ