Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինչի՞ կհանգեցնի Քրդստանի անկախության հայտարարումը

Ինչի՞ կհանգեցնի Քրդստանի անկախության հայտարարումը
15.09.2017 | 13:16

Մինչև Իրաքում Քրդստանի անկախության հանրաքվեն երկու շաբաթից քիչ ժամանակ է մնացել: Քվեաթերթիկներն արդեն տպված են, ամեն ինչ պատրաստ է սեպտեմբերի 25-ի դարակազմիկ իրադարձությանը: Հարցը ձևակերպված է` «Դուք ուզու՞մ եք, որ Իրաքյան Քրդստանը և Իրաքյան Քրդստանից դուրս տարածքները դառնան անկախ պետություն»:

2005-ի հունվարին անկախության ոչպաշտոնական հանրաքվեի ժամանակ Իրաքյան Քրդստանի բնակչության 98 % -ը կողմ էր անկախության: Քվեարկության արդյունքներն այս անգամ էլ կասկածներ չեն հարուցում: Ճիշտ է, ամեն ինչ այդքան հարթ չէ քրդերի շրջանում: «Գորան» և «Քրդստանի իսլամական խումբ» կուսակցությունները ուզում են հետաձգել հանրաքվեն և վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որը դադարել է դեռ 2015-ին: Նրանք կարծում են, որ միայն խորհրդարանը կարող է նախաձեռնել ճակատագրական որոշումներ` ինչպես անկախության հանրաքվեն: Խնդիրներ կան և Մասուդ Բարզանիի` Քրդստանի նախագահ լինելու լեգիտիմության վերաբերյալ` մի քանի տարի առաջ ավարտվել է լիազորությունների ժամկետը, որ նրան տվել էր նախորդ խորհրդարանը: «Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» և «Քրդստանի հայրենասիրական միությունը» աներեր են և չեն պատրաստվում հետաձգել հանրաքվեն, թեպետ բանակցում են խորհրդարանի աշխատանքները սկսելու վերաբերյալ իրենց ընդդիմախոսների հետ: Հանրաքվեի Բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ խորհրդարանը կաշխատի սեպտեմբերի 14-ին, բայց առայժմ խորհրդարանի բացումը հետաձգվեց: Իրաքյան Քրդստանից դուրս քրդական տարածքներում ևս ոչ բոլորն են ուրախ հանրաքվեի համար: Քիրկուկում, օրինակ, օգոստոսի 29-ին նահանգի խորհուրդը որոշում ընդունեց` մասնակցել միջոցառմանը, բայց կա մի «բայց»` այդ հարցով քվեարկությանը խորհրդի միայն 24 անդամ են մասնակցել 41-ից: Արաբների ու թուրքոմանների ներկայացուցիչները բոյկոտել են քվեարկությունը և չեն ընդունել արդյունքները: Դա առճակատման վատ նշան է: Թուրքիան ևս դատապարտել է Քիրկուկի քվեարկությունը: Մի քանի տարի առաջ Քրդստանի իշխանության ներկայացուցիչները անձնական զրույցներում ինձ պատմում էին, որ հանրաքվեի կգնան, եթե երեք պայմաններ լինեն` ստեղծվեն ուժեղ զինված ուժեր, ստեղծվի տնտեսական բազա և երբ անկախությանն աջակցեն Արևմուտքի երկրները:


Առաջին կետում ամեն ինչ լավ է: Ռազմական գործողությունները ԻՊ-ի դեմ փեշմերգային դարձրին գործունակ ռազմական ուժ, որի հետ ստիպված են հաշվի նստել Մոսուլի համար մարտերում թուլացած Իրաքի ու Թուրքիայի զինվորականները, արևմտյան հրահանգիչները և խորհրդականները սովորեցնում են քրդերին, Արևմուտքի երկրներից կա թեկուզ փոքր, բայց ինչ-որ աջակցություն ռազմանյութական ապահովության առումով: Երկրորդ կետում անորոշ իրավիճակ է: Էրբիլին, չնայած բոլոր ջանքերին, դեռ չի հաջողվում ստեղծել իր տնտեսական հրաշքը, հատկապես նավթի գնանկումից ու ԻՊ-ի ներխուժումից հետո, թեպետ տնտեսական առումով վիճակն ավելի լավ է, քան Իրաքի մնացած տարածքում: Եկամուտի 80-85 %-ը քրդերին բերում է նավթի վաճառքը: Քրդերը դադարել են ստանալ Իրաքի բյուջեի 17 %-ը` Բաղդադին նավթ մատակարարելու համար, այդ պատճառով ֆինանսապես նրանք արդեն քիչ են կապված Իրաքի հետ: Անկախությունից հետո քրդերը ֆինանսական հոսքերի հույս ունեն միջազգային հիմնադրամներից և մասնավոր ներդրողներից: Գլխավորը` նրանց հաջողվել է ԻՊ-ի դեմ պայքարում վերահսկողության տակ վերցնել լրացուցիչ նավթահանքեր և հենց այդ պատճառով նրանց համար շատ կարևոր է ամրապնդվել Քիրկուկ նահանգում: Նավթի վերահսկողությունը Քրդստանի տնտեսական աճի հիմքն է: Բայց նավթը դեռ պետք է ինչ-որ մեկին վաճառել: Առայժմ մատակարարումները գնում են Թուրքիա, որ կարող է փակել քրդերի համար շատ կարևոր եկամուտի աղբյուրը: Երրորդ կետում ամեն ինչ վատ է: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Արևմուտքի մնացած երկրները չեն խրախուսում հանրաքվեի անցկացումը և դիտարկում են իբրև ապակայունացնող գործոն` առանց այդ էլ կրակների մեջ գտնվող տարածաշրջանում: Աջակցություն ցույց տալ կարող է միայն Իսրայելը, որ ունի Իրանին ու Սիրիային թուլացնելու շահեր` գերադասելով, որ նրանք զբաղվեն իրենց քրդերի հետ ներքին խնդիրներով: Ստացվում է, որ երեք գործոններից միայն մեկուկեսն են քրդերի օգտին հանրաքվեի անցկացման մեջ, այն էլ` վերապահումով: Քրդերը ռիսկի են դիմում: Կարո՞ղ են նրանք մարսել այն, ինչ պատրաստվում են կծել:


Բայց կա ևս մեկ գործոն, որ քրդերին մղում է հանրաքվեի` իրավիճակը Թուրքիայում և Էրդողանի քաղաքականությունը: Թուրքիան առավել կոշտ դիրքորոշում է դրսևորում քրդերի նկատմամբ, թուրքական զինված ուժերը մարտական գործողություններ են ձեռնարկում և քրդերի դեմ, և պարզապես ամրապնդում են իրենց ներկայությունը Իրաքում ու Սիրիայում ու մշտապես սպառնում են, որ թույլ չեն տա ոչ մի անկախ Քրդստան: Քրդերի համար այս իրավիճակը կարող է լինել հնարավորությունների փակվող պատուհան մինչև Թուրքիան սկսի արմատական քայլեր ձեռնարկել: Առավել ևս, որ Էրդողանի օրոք Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ լավագույն ժամանակներ չեն ապրում, Թուրքիան այլևս չի համարում, որ Արևմուտքի առաջ ինչ-որ պարտավորություններ ունի ու նրա ձեռքերն ազատ են:


Ինչի՞ կհանգեցնի հանրաքվեն: Առաջին սպառնալիքը հանրաքվեին հաջորդող բռնության բռնկումն է «վիճելի տարածքներում», նաև Քիրկուկում: Արաբ սուննիները, իրանամետ շիա խմբավորումները, թուրքոմանները չեն ճանաչում քվեարկության արդյունքները և զենք են վերցնելու: Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը պատրաստ են պաշտպանել Քիրկուկը: Ռազմական կոնֆլիկտի դեպքում համարյա անմիջապես ներքաշվելու են Իրաքի բանակը, Թուրքիան ու Իրանը: Եվ Անկարան, և Թեհրանը կարծում են, որ պաշտոնապես անկախ Քրդստանի ի հայտ գալը Իրաքում ինքնաբերաբար հանգեցնելու է անջատողական տրամադրությունների Թուրքիայի ու Իրանի քրդերի շրջանում: Դա վիճելի թեզ է, բայց այդ երկրներում ընդունվում է իբրև իրականություն: Թուրքական զինուժի միջամտությունը կոնֆլիկտին, անտարակույս, կակտիվացնի քրդերի պայքարը Թուրքիայի ներսում: Թուրքիան ու Իրանը, ինչպես և Բաղդադը, կարող են դադարեցնել առևտրաֆինանսական կապերը Էրբիլի հետ: Դա անմիջապես Քրդստանին կդնի ծանր տնտեսական վիճակում, բայց Մասուդ Բարզանին վստահ է, որ գործը տնտեսական շրջափակման չի հասնի, որովհետև բոլորը շահագրգռվածեն շարունակել առևտրական հարաբերություններն Էրբիլի հետ և նավթի մատակարարումները: Դա, նրա կարծիքով, կգերակշռի բոլոր մնացած գործոններին:


Քրդստանը կարող է փորձել նոր դաշնակիցներ գտնել ի դեմս Սաուդյան Արաբիայի, ընդլայնել կապերը Իսրայելի, Գերմանիայի ու Ռուսաստանի հետ, խաղալ տարածաշրջանում Իրանի ու Թուրքիայի հակասությունների վրա և Թուրքիայի կողմից ագրեսիայի կամ շրջափակման դեպքում շրջվել դեպի Իրան: Փետրվարին «Ռոսնեֆտը» և Իրաքյան Քրդստանի կառավարությունը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ածխաջրածինների տրեյդինգի, լոգիստիկայի, ինֆրակառուցվածքների, հանույթի և որոնման վերաբերյալ, նավթի մատակարարման պայմանագիր կնքվեց: Ռուսական ընկերությունը տեսականորեն կառավարելու է քրդական խողովակաշարը Թուրքիայում և մատակարարումների խանգարումները հարվածելու են ռուսական նավթային հսկայի շահերին:


Վտանգ կա, որ Քրդստանի անկախությունը հոգեբանական խթան կդառնա Իրաքի տրոհմանը սուննի ու շիա հատվածների և նոր ոգևորող ազդանշան կլինի Մերձավոր Արևելքի բոլոր անջատողականներին, որ անկախության համար պայքարը կարող է հաջողության հանգեցնել:
Չնչին շանսեր կան, որ կոնֆլիկտում թուրքական ռազմական մասնակցության դեպքում քուրդ միգրանտները Եվրոպայում հակաօրինական գործողություններ կսկսեն թուրք քաղաքացիների, թուրքական ընկերությունների ու պաշտոնական ներկայացուցչությունների դեմ: Բայց սրանք ծայրահեղ տարբերակներ են: Առավել իրատեսական է, որ հանրաքվեն կանցկացվի, և քրդերից բացի ոչ ոք չի ընդունի արդյունքները: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Արաբական պետությունների լիգան, ՄԱԿ-ի ներկայացուցիչները առաջարկում են հրաժարվել սեպտեմբերյան հանրաքվեից և ակտիվացրել են դիվանագետներին` համոզելու Բարզանիին հետ կանգնել այդ քայլից: Հանրաքվեի անցկացման դեպքում նրա արդյունքները ավելի շուտ չեն ճանաչվի, Բաղդադին ու Էրբիլին կտրուկ շարժումներից ձեռնպահ մնալու կոչեր կանեն: Համաշխարհային հանրությունը կհայտարարի, որ «քրդերին լսել են, բայց հիմա շտապելու ժամանակը չէ և պետք է քննարկել իրական անկախության աստիճանական քայլերը»: Քրդերի բարձրագոչ հայտարարություններից ու էյֆորիայից հետո ստատուս քվոն կպահպանվի և կսկսվի բանակցությունների երկար շղթան:
Իլյա ՊԼԵԽԱՆՈՎ, inosmi.ru


Հ.Գ. Ամեն ինչ այսպես է, բայց հրապարակային քաղաքականության մակարդակում, կա նաև իրական քաղաքականություն, որտեղ ուժերի դասավորության մասին շատ քչերը պատկերացում ունեն: Ինչու՞ է ԱՄՆ-ը զինում քրդերին, եթե դեմ է Քրդստանի անկախությանը: Ինչու՞ է «Ռոսնեֆտը» վտանգավոր պայմանագիր կնքել Էրբիլի հետ, եթե Ռուսաստանը դեմ է Քրդստանի անկախությանը: Բենիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ աջակցում է Էրբիլին, իսկ Իսրայելը տարածաշրջանում ազդեցիկ ուժ է: Էյֆորիա, իհարկե, կլինի, կլինի Քիրկուկի համար կռիվ, և շատ մեծ հարց է, թե ինչ ստատուս քվո կհաստատվի տարածաշրջանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ