Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Իշխանությունը կորցնում է այն ընտրողների ձայները, որոնք Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ գործողություններն անընդունելի են համարում

Իշխանությունը կորցնում է այն  ընտրողների ձայները, որոնք Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ գործողություններն անընդունելի են համարում
19.12.2025 | 14:02

Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների շուրջ ծավալվող քաղաքական գործընթացները բավականին դժվար է վերլուծել և քաղաքագիտական գնահատականներ տալ: Թերևս մի իրողություն կա, որն ակնհայտ երևում է, և հանրության համար սա լրիվ հասկանալի է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մի շարք կենտրոններից և նաև Էջմիածնից հնչեց վարչապետի հրաժարականի պահանջը: Եվ, երբ գործող իշխանությունը գնաց 2021թ. արտահերթ ընտրությունների և բավականին սուր ու համառ պայքարում կարողացավ վերարտադրվել, իր առջև ընդդիմությանը սատարող ուժ տեսնում էր նաև հոգևորականությանը: Փաստացիորեն դրանից հետո թաքնահարույց սառը պատերազմը միշտ ուղեկցել է իշխանություն-եկեղեցի հարաբերություններին, որոնք չեն կարգավորվել, և սառույցը չի հալվել: Տավուշի և Շիրակի հոգևոր թեմերի առաջնորդների ձերբակալումը ևս այդ մասին է վկայում: Այս առումով, թերևս, հասկանալի է ներկայիս առճակատումը հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև, որովհետև 2026 թ. ընտրություններից առաջ բարձրաստիճան հոգևորականության քաղաքական ակտիվ մասնակցությունը խիստ անցանկալի է կառավարող ուժերի համար: Դեռևս պարզ չէ, թե ներկա առճակատումը որքանով կարող է ընդլայնել իշխանության և ընդդիմության ընտրազանգվածը: Այստեղ կան և՛ պլյուսներ, և՛ մինուսներ: Պարզ է, որ իշխանությունը կորցնում է այն հավատացյալ ընտրողների ձայները, որոնց համար անընդունելի են կաթողիկոսի դեմ գործողությունները: Միաժամանակ Էջմիածնի կաթողիկոսությունը ռուսական ազդեցության գործակալ ներկայացնելու թեզը շատ գոհունակությամբ է ընդունվում ինքնիշխանության ջատագով և հակառուսական տրամադրություններով տարված քաղաքացիների կողմից: Վերջիններս բավականին ակտիվ են բոլոր հարթակներում, Արցախի կորստի մեջ Ռուսաստանին հղվող մեղադրանքները չեն իջնում հանրային քննարկումներից, դրան են նպաստում նաև զանգվածային լրատվամիջոցներում անընդհատ հայտնվող արևմտամետ քարոզիչները: Հանրության մեջ կա նաև առավել սթափ մտածող և ընդդիմություն-իշխանություն ձևաչափից դուրս մի մեծ հատված: Ի դեպ, իմ կարծւքով, այս հատվածը կարող է առավել մեծ լինել: Այս հատվածում այն քաղաքացիներն են, որոնց կարծիքով նախընտրական տարում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է հանդես գան հաշվետվությամբ և ապագա գործունեության ծրագրերով: Նրանց համար կրոնական թեմաներով այս քաշքշոցը ազգի և նրա ապագայի, զարգացման ու անվտանգության առումով տարօրինակ է և անհասկանալի: Խորհրդային ժամանակներում աթեիստական գաղափարներով դաստիարակված քաղաքացիները ևս մեր հասարակության մասն են կազմում: Վերջում կցանկանայի նշել, որ երբեմն ընտրություններին շատ մոտ կարող են ներքին ու արտաքին քաղաքական անսպասելի տեղաշարժեր լինել, և ներկայիս իրադարձությունների վրա կառուցվող սպասելիքները կարող են արագ փլուզվել: Հիշենք, որ վճռորոշ կոմպրոմատները հրապարակվում են մեկ ամիս առաջ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3397

Մեկնաբանություններ