ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Սահմանադրությունից դուրս իշխանություն

Սահմանադրությունից դուրս իշխանություն
12.01.2026 | 13:16

Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները այլևս չեն կարող դիտարկվել որպես զուտ ներեկեղեցական գործընթացներ կամ քաղաքական մեկնաբանությունների առարկա դարձած միջադեպեր։ Գործ ունենք սահմանադրական կարգի խաթարման վտանգավոր դրսևորման հետ, երբ գործադիր իշխանության ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի լեգիտիմությունն ու նրա կայացրած որոշումների պարտադիր ուժը։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցու կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Դրան հաջորդած արձագանքը Նիկոլ Փաշինյանի կողմից հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Երբ գործադիր իշխանության ղեկավարը

հրապարակավ հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները «առոչինչ են» և «արժեք չունեն», նա փաստացի դուրս է գալիս իր սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Սահմանադրական պետությունում որևէ պաշտոնյա, անկախ իր քաղաքական մանդատից, իրավասու չէ գնահատել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը։ Նման հայտարարությամբ գործադիր իշխանությունը իրեն վեր է դնում օրենքից և սահմանադրականությունից:

Այս մոտեցումը ավտորիտար կառավարման դասական դրսևորում է, երբ իշխանությունը չի սահմանափակվում օրենքով, այլ ինքն է որոշում՝ որ իրավական ակտն է ենթակա կատարման, իսկ որը՝ ոչ։ Արդյունքում ինստիտուտները դադարում են գործել որպես ինքնուրույն համակարգեր և վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքների։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարցն այս համատեքստում երկրորդական է․ առանցքայինը ստեղծված նախադեպն է, ըստ որի քաղաքական իշխանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու և վերահսկելու ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կառույցների ներքին որոշումները։

Ամենավտանգավոր հետևանքը լեգիտիմության միասնական համակարգի քայքայումն է։ Եթե գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ Կաթողիկոսի որոշումներն առոչինչ են, ապա նույն տրամաբանությամբ այլ սուբյեկտներ կարող են իրենց հերթին չճանաչել կառավարության, դատական համակարգի կամ այլ պետական մարմինների որոշումները։ Այս կերպ ձևավորվում է ընտրովի լեգիտիմության մոդել, որտեղ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ում ենթարկվել և ում՝ ոչ։

Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ նման իրավիճակները չեն հանգեցնում կայուն կառավարման, այլ ստեղծում են քաոսի, բախումների և ինստիտուցիոնալ փլուզման իրական վտանգ։

Վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ արված առաջնորդի հետ, նույնպես չի կարող դիտարկվել որպես հավատքի կամ անձնական վերաբերմունքի դրսևորում։ Այն կրում է հստակ քաղաքական սիմվոլիկ բնույթ և ուղերձ է ամբողջ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը ենթակա է քաղաքական սրբագրման։

Սա պետության և եկեղեցու սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և եկեղեցու ներքին պառակտման պետական հովանավորման դրսևորում։

Այսպիսով, Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին, ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը կորցնում է իր պաշտպանվածությունը, իսկ իրավական նորմերը դառնում են հարաբերական և պայմանական։ Սա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է։ Հարցը հանգում է մեկ հիմնարար ընտրության՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ «բեսպրեդելով»։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ